Մատչելիության հղումներ

Ամերիկացի կոնգրեսականները հարգանքի տուրք են մատուցում Ցեղասպանության զոհերին


Ամերիկացի կոնգրեսականները հարգանքի տուրք են մատուցում Ցեղասպանության զոհերին
please wait

No media source currently available

0:00 0:03:24 0:00
«Մենք Հայաստանում ենք մեր տուրքը մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին», - այսօր այս մասին ասաց ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը, ով 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունն անվանեց 20-րդ դարի առաջին ցեղասպանություն։

«Հիտլերը դարի 2-րդ ցեղասպանությունը պլանավորելիս ասել է, իսկ ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջումը։ Մենք այստեղ ենք՝ խոսելու հայերի բնաջնջման մասին, այստեղ ենք՝ հայտնելու մեր համերաշխությունը և ասելու, որ մենք կանգնում ենք Հայաստանի կողքին և հավատում ենք, որ կարևոր է բարձրաձայնելը», - ասաց կոնգրեսականը:

Ներկայացուցիչների պալատի 4 կոնգրեսականներ այսօր այցելեցին Ցեղասպանության թանգարան, ծառ տնկեցին զոհերի հիշողության պուրակում, ապա ծաղիկներ դրեցին զոհերի հուշահամալիրին։

Հանձնաժողովի ազդեցիկ անդամ Էլիոթ Էնգելը ավելացրեց, որ շատ է կարևորում, որպեսզի ողջ աշխարհը ճանաչի ցեղասպանությունը և կոչ անի Թուրքիային անմիջապես ճանաչել ու ներողություն խնդրել հայերից։

Կոնգրեսի մեկ այլ անդամ՝ Դեյվիդ Սիսիլին ասաց. - «Այստեղ եմ՝ կոչ անելու Թուրքիային ընդունել պատմական փաստերը, ինչից հետո միայն կարող ենք սկսել խոսել փոխհատուցման մասին»։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը պատասխանեց նաև «Ազատության» հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյների՝ ապրիլի 15-ին Թուրքիայում հնչեցրած հայտարարությունը, թե հավանական չի համարում, որ ԱՄՆ-ի Կոնգրեսը ներգրավվի Հայոց ցեղասպանության հարցերում, և Թուրքիան անհանգստանալու պատճառ չունի:

«Ես Կալիֆորնիայից եմ: Երբ սենատոր էի, ընդունեցինք առաջին բանաձևը Ցեղասպանության ճանաչման մասին։ Մեր դպրոցականները սովորում են հայերի ցեղասպանության մասին՝ դա ներառված է մեր դասագրքերում, մենք ճանաչում ենք տեղի ունեցածը։ Ես այսօր էլ հիշում եմ մեր նախագահ Ռոնալդ Ռեյգանի խոսքերը Ցեղասպանության մասին, հենց այդ պատճառով էլ մենք այսօր այստեղ ենք՝ ճանաչելու Ցեղասպանությունը և հայերին մեր համերաշխությունը հայտնելու», - արձագանքեց կոնգրեսականը:

Հարցին, թե հավանական համարո՞ւմ է, որ մինչև հաջորդ տարվա ապրիլի 24-ը Ներկայացուցիչների պալատը Ցեղասպանության մասին բանաձև ընդունի, կոնգեսական Էդ Ռոյսը պատասխանեց հակիրճ. - «Ինչպես գիտեք Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մենք ընդունել ենք բանաձևեր»:

Ռոյսն ավելացրեց, որ Ամերիկայի ժողովուրդը հասկանում է Հայոց ցեղասպանության նշանակությունը և հավասարապես գիտակցում է նաև այսօր Հայաստանին աջակցելու կարևորությունը։

Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց բացի, այսօր Հայաստանում ենք՝ քննարկելու հավանական քայլեր, որոնք կօգնեն ԱՄՆ-ից ներդրումներ բերել այս երկիր, պետք է օգնենք՝ Հայաստանը հայտնվի աշխարհի բիզնես քարտեզի վրա։

Ռոյսը շարունակեց, որ փորձում են հասնել ճամփորդական վիզայի ռեժիմի դյուրացման, որպեսզի գործարարները կարողանան հեշտությամբ ճամփորդել։

«Մենք ցանկանում ենք Հայաստանը դարձնել տնտեսապես ավելի հզոր երկիր», - ասաց նա։

Կոնգրեսականը նաև նշեց, որ մյուս տարի Հայաստան են գալու շատ ավելի մեծ կազմով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG