Մատչելիության հղումներ

Ամերիկյան օդուժը ռմբակոծել է «Իսլամական պետության» դիրքերը․ Պենտագոնի խոսնակ


Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ օդուժը հարվածներ է հասցրել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալների հրետանուն, որն օգտագործվել էր Իրաքի հյուսիսային Իրբիլ քաղաքը պաշտպանող քրդական ուժերի դեմ:

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ երկու ամերիկյան ռմբակոծիչներ լազերային ուղղորդմամբ ռումբեր են բաց թողել Իրբիլի մոտ տեղակայված շարժական հրետանու վրա:

Օգոստոսի 7-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման թույլատրել էր զինված ուժերին օդային հարվածներ հասցնել Հյուսիսային Իրաքի իսլամիստ զինյալներին՝ Իրաքի կրոնական փոքրամասնություններին ցեղասպանությունից փրկելու և ԱՄՆ-ի շահերը պաշտպանելու նպատակով:

Օբաման նաև հայտարարել էր, որ ամերիկյան օդուժը մարդասիրական օգնություն է իջեցրել Սինջար լեռան վրա զինյալների կողմից պաշարված հազարավոր եզդիներին:

«Իսլամական պետություն» խմբավորման առաջխաղացման հետևանքով տասնյակ հազարավոր եզդիներ և քրիստոնյաներ ստիպված են եղել դիմել փախուստի՝ լքելով իրենց տները և գույքը:

Ըստ «Ռոյթերզ» և «Ֆրանսպրես» գործակալությունների հաղորդագրությունների

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG