Մատչելիության հղումներ

Փաստաբան․ «Հայրապետյանը չի կարող մնալ կալանավայրում»


Լևոն Հայրապետյան, արխիվ
Լևոն Հայրապետյան, արխիվ

Մոսկվայի դատարանը վաղը որոշում կկայացնի հայ բարերարի խափանման միջոցի հարցով:

Մոսկվայում կալանավորված հայ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը կայունացել է, սակայն այն մնում է կայուն վատ, և բարերարը կարող է ցանկացած պահի նորից վատանալ»: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Հայրապետյանի փաստաբան Սամվել Կարախանյանը:

Օգոստոսի 15-ին Մոսկվայի քաղաքային դատարանում շարունակվելու է երեկ մեկնարկած դատավարությունը, որտեղ որոշվելու է՝ արդյոք Հայրապետյանը կմնա՞ կալանքի տակ, թե՞ ազատ կարձակվի: Լևոն Հայրապետյանը չորեքշաբթի օրը դատավարությանը մասնակցում էր Skype-ի միջոցով: Դատական նիստին, ի դեպ, ներկա են եղել նաև հայտնի ռեժիսոր Մարկ Զախարովը և դերասան Ալեքսանդր Շիրվինդտը:

«Հուսով ենք, որ դատարանը կծանոթանա այն նյութերի հետ, որոնք ներկայացրել ենք, և կհարցաքննի այն մասնագետին, որին մենք կներկայացնենք, ու Հայրապետյանին ազատ կարձակի: Այսինքն՝ արդարություն կլինի», - ասաց Սամվել Կարախանյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը անցած շաբաթավերջին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել էր Լևոն Հայրապետյանի հարցը: Այս մասին Սարգսյանն ասել է «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Հարցին, թե կազդի՞ արդյոք այս հանգամանքը դատավարության վրա, Հայրապետյանի փաստաբանը պատասխանեց․ - «Ես նախ հուսով եմ, որ դատավարությունն ընթանում է իրավական դաշտում, և ուրեմն՝ արդարությունը պետք է հաղթի: Նաև հուսով եմ, որ բարձրաստիճան պաշտոնյաների վերահսկումը կարող է օգնել, որ դատավարությունը օբյեկտիվ լինի»:

Սամվել Կարախանյանը փոխանցեց, որ գործի վերաբերյալ մանրամասներ չի կարող հայտնել, սակայն ակնկալում է, թե «կհաջողվի ապացուցել, որ Հայրապետյանը այսպիսի առողջական վիճակով և այն ապացույցներով, որ մեղադրող կողմն է ներկայացրել, չի կարող մնալ կալանավայրում»:

Հայրապետյանը, հիշեցնենք, կասկածվում է 2008 թվականին «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի ժամանակ ֆինանսական խարդախություն անելու մեջ, հուլիսի 24-ին Ռուսաստանի քննչական կոմիտեն փողերի յուրացման և հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներն օրինականացնելու մեղադրանք է առաջադրել նրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG