Թուրքիայի նախագահական ընտրություններում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հաղթանակից հետո հայ-թուրքական հարաբերություններում այդ երկրի քաղաքականության մեջ նոր սկզբունքային զարգացումներ չեն սպասվում։ Այսօր «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
«Էրդողանը շարունակում է և կշարունակի այն քաղաքական գիծը, որը մշալկվել է նրա կուսակցության կառավարման շրջանում Հայաստանի, հայկական հարցի նկատմամբ։ Ես կարծում եմ, կարելի է սպասել միայն որոշ տակտիկական քայլեր՝ կապված, մասնավորապես, հայկական սփյուռքի հետ, ավելի սերտ կապեր որոնելու հանգամանքի հետ, բայց որևիցե սկզբունքորեն նոր մոտեցում Թուրքիայի քաղաքականության մեջ ես այդ բնագավառում չեմ սպասում», - փոխանցեց Սաֆրաստյանը։
Ինչ վերաբերում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայի պահվածքին, ապա Սաֆրաստյանը հնարավոր է համարում, որ Անկարան անի որոշակի քայլեր պարզապես, միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու համար և տպավորություն ստեղծելու, որ «Նոր Թուրքիան», ինչպես ազդարարում է էրդողանը, պետք է նոր հարաբերություններ ստեղծի հայերի հետ, Հայաստանի հետ։
Ըստ Սաֆրաստյանի՝ Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանը պետք է շարունակի իր առջև դրված համազգային նպատակների իրագործումը՝ Ցեղասպանության միջազգային ճանաչում, դատապարտում և հատուցում։
Անդրադառալով հայ-թուրքական արձանագրություններին, Սաֆրաստյանը կարծիք հայտնեց, որ դրանք հեռանկար չունեն։
«Իմ ընկալմամբ՝ պետք է մենք հասնենք այն բանին, որ առանց որևիցե նախապայմանի, առանց որևիցե արձանագրության Թուրքիան համաձայնվի Հայաստանի հետ հաստատել նորմալ դիվանագիտական հարաբերություններ, և միայն դրանից հետո մենք սկսենք արդեն այն բոլոր խնդիրները, որ կան երկու պետությունների միջև, այդ խնդիրները քայլ առ քայլ լուծել, այլ ոչ թե ճնշել, պարտադրել, որ հարևանը փոխի իր քաղաքականությունը», - ասաց թուրքագետը։
Հայ-թուրքական հարաբերություններում առանցաքային փոփոխություններ չի ակնկալում նաև թուրքագետ Գևորգ Պետրոսյանը։ Ավելին, ըստ Պետրոսյանի, առաջիկա ամիսներին Թուրքիայի օրակարգում Հայոց ցեղասպանության հարցը առաջնային չի լինելու, քանի որ Անկարան ունի ներքին այլ խնդիրներ։
«Այս ընտրությունները ցույց տվին, որ Թուրքիան շարունակելու է իր քաղաքականությունը, որ սկսել է ավելի վաղ, ինչ-որ սկզբունքային փոփոխություններ չեն լինելու, քանի որ հենց դերակատարների փոփոխություն չի եղել։ Այսինքն նույն քաղաքական ուժը վերահաստատել է իր դիրքերը և շարունակելու է իր քաղաքականությունը, ինչպես Սիրիայի հարցում ագրեսիվ քաղաքականությունը, Հայաստանի հետ, այսպես ասած, ձգձգումների, խաղերի քաղաքականությունը, մանավանդ 2015-ին ընդառաջ: Եվ Ադրբեջանի հետ բարիդրացիական հարաբերությունների պահպանումը նույնպես լինելու է օրակարգում։ Այսպես ասած, սկզբունքային վայրիվերումներ, քաղաքականության սկզբունքային փոփոխություն սպասել պետք չէ», - ընդգծեց Պետրոսյանը։
Թուրքագետը համոզված է՝ Էրդողանը կընդունի Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին ներկա գտնվելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը, եթե դա այդ պահին բխի Թուրքիայի շահերից։
«Թուրքիան փորձելու է խաղալ գործընթաց, ընդհանրապես աշխարհին ցույց տալու, թե մենք փորձում ենք Հայաստանի հետ հարաբերությունները լավացնել՝ այդպիսով մեղմացնելով 2015 թվականի էֆեկտը։ Իսկ Եթե սահմանի բացմանն էլ գնա, դա սիմվոլիկ բացում է լինելու. դա կարող է մի անցակետ բացվի, կամ երկաթգիծ, բայց դա, չեմ կարծում, ինչ-որ լիովին բերի դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանն ու սահմանի ամբողջապես բացմանը։ Այնպես որ, նման սիմվոլիկ ինչ-որ քայլեր բացառել պետք չէ, ինչպես և եղավ ուղերձի դեպքում, որը որոշակիորեն անսպասելի էր, Դավիթօղլուի այցը։ Այնպես որ, մինչև 2015 թվականը նման դեպքեր բացառել պետք չէ», - ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը։