Մատչելիության հղումներ

Դիտորդներ․ Էրդողանը ընտրարշավում օգտագործել է իշխանական ռեսուրսները


Թուրքիա - Ռեջեփ Էրդողանը տոնում է իր հաղթանակը նախագահական ընտրություններում, Անկարա, 10-ը օգոստոսի, 2014թ․
Թուրքիա - Ռեջեփ Էրդողանը տոնում է իր հաղթանակը նախագահական ընտրություններում, Անկարա, 10-ը օգոստոսի, 2014թ․

Այդուհանդերձ, ըստ ԵԱՀԿ-ի և ԵԽԽՎ-ի դիտորդների, Թուրքիայի նախագահի բոլոր երեք թեկնածուները ազատ քարոզարշավի հնարավորություն են ունեցել:

Թուրքիայի նախագահական ընտրությունների հաջորդ օրը միջազգային դիտորդական առաքելությունների ղեկավարները (ԵԱՀԿ, ԵԽԽՎ) մամուլի համատեղ ասուլիսում ներկայացրեցին իրենց դիտարկումների նախնական արդյունքները՝ շեշտելով Ռեջեփ Էրդողանի օգտին մամուլի կողմնակալ լուսաբանումն ու իշխանական ռեսուրսի օգտագործման փաստերը:

ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելության հատուկ համակարգող Վիլյա Ալեկնայտե-Աբրաիմիկիենեն իր խոսքում ասաց. - «Ինչպես նշել են շատ զրուցակիցներ, հստակ է, որ մամուլի հրապարակումներում թեկնածուներից մեկը՝ Թուրքիայի վարչապետը, շատ ավելի է լուսաբանվել, և սա, անշուշտ, նրա օգտին դեր է խաղացել, երբ ընտրողները քվեարկում էին երեք թեկնածուներից որևէ մեկի համար»:

Իսկ ԵԱՀԿ-ի դիտորդական սահմանափակ առաքելության ղեկավար Գերթ Հինիխ-Ահրենսն իր խոսքում ընդգծել է իշխանական ռեսուրսների օգտագործման փաստը:

«Նաև կան լուրջ բացասական պահեր, ինչպիսին են պաշտոնեական դիրքի չարաշահումը և պետական ռեսուրսների օգտագործումը թեկնածուներից մեկի կողմից։ Թույլ է իրավական շրջանակների հստակությունը, կողմնակալ է մամուլի լուսաբանումը», - ընդգծել է ԵԱՀԿ-ի դիտորդական սահմանափակ առաքելության ղեկավարը։

Այս գնահատականներին համակարծիք է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժովի դիտորդական խումբը:

Այդուհանդերձ, միջազգային դիտորդները նշել են, որ բոլոր երեք թեկնածուները ազատ քարոզարշավ վարելու հնարավորություն են ունեցել, իշխանությունները հարգել են հավաքներ անցկացնելու ազատությունները։

ԵԱՀԿ-ի դիտորդները Թուրքիայի ընտրությունների մասին վերջնական զեկույցը ներկայացնելու են 1-2 ամսվա ընթացքում, դրանում ընդգրկված են լինելու նաև ընտրական գործընթացը բարեփոխելու առաջարկներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG