Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը:
Դեսպանը իր ցավակցությունն է հայտնել վերջին օրերին հայ - ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին:
Նախարարն իր հերթին ներկայացրել է իրադրությունը ուժերի շփման գծում:
Հայաստանի պաշտպանության նախարարության և Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան տարածած համատեղ հաղորդագրությունում ասված է նաև, որ կողմերն իրենց մտահոգություններն են կիսել լարվածության աճի վերաբերյալ և կարևորել իրավիճակը կայունացնելու անհրաժեշտությունը:
Զրուցակիցները վերահաստատել են հակամարտությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու դիրքորոշումը:
Հիշեցնեն՝ երեկ Պաշտպանության նախարարությունը և Ռուսաստանի դեսպանատունը համատեղ հաղորդագրություն էին տարածել Սեյրան Օհանյանի ու դեսպան Իվան Վոլինկինի հանդիպման արդյունքներով, նախօրեին էլ Հայաստանի ռազմական գերատեսչությունը և Միացյալ Նահանգների դեսպանատունը համատեղ հաղորդագրություն էին տարածել նախարարի և դեսպան Ջոն Հեֆերնի հանդիպման վերաբերյալ: