Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը այսօր քննարկել են վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի շփման գծում և հայ - ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը:
«ՀՀ պաշտպանության նախարարը և ՌԴ դեսպանը իրենց մտահոգություններն են կիսել շփման գծում լարվածության աճի վերաբերյալ և քննարկել իրավիճակը կայունացնելու հնարավորությունները: Երկուստեք կարևորվել է հակամարտության կարգավորման ընթացքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցային ուղով շարունակելու անհրաժեշտությունը», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության և Ռուսաստանի դիվանագիտական առաքելության համատեղ հաղորդագրությունում:
«Պարոն Վոլինկինն իր ցավակցություններն է փոխանցել վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին», - նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը և Միացյալ Նահանգների դեսպանատունը համատեղ հաղորդագրություն էին տարածել նախարար Սեյրան Օհանյանի և դեսպան Ջոն Հեֆերնի հանդիպման վերաբերյալ: