Մատչելիության հղումներ

ՀՀ պաշտպանության նախարարությունն «ափսոսում է երկուստեք կորուստների համար»


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ - «Օգոստոսի 3-ի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հայկական ուժերի դիրքեր ներթափանցելու և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը, հայկական ուժերի և խաղաղ բնակավայրերի գնդակոծությունները տարբեր տրամաչափի զենքերից»:

Նշելով, որ հայկական ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը հետ է շպրտվել` տալով մարդկային կորուստներ, Պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ հայկական ուժերը «վստահորեն վերահսկում են իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով»:

«Ցավոք, նախորդ օրերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև հայկական կողմը: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում մարտական գործողությունների ընթացքում իրենց կյանքը հերոսաբար Հայրենիքին նվիրաբերած բոլոր զինծառայողների հարազատներին և հայ հասարակությանը կոչ է անում ՀՀ զինված ուժերի հետ միասին վառ պահել նրանց հերոսական անունները, որոնց գործողությունների շնորհիվ է, որ հակառակորդն անհամեմատ ավելի շատ կորուստներ է կրել», - ասված է հաղորդագրությունում․ - «ՀՀ պաշտպանության նախարարությունն ափսոսում է երկուստեք կորուստների համար, որի ողջ պատասխանատվությունը մնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական և ռազմական ղեկավարության խղճին: Ինչպես միշտ, ադրբեջանական ղեկավարության համար սեփական զինվորների կյանքը ոչինչ չարժե»:

Եզրափակելով՝ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը կոչ է անում ադրբեջանական կողմին` զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից ու վրեժխնդրությամբ տրամաբանված գործողություններից և զգուշացնում․ - «Հրադադարի խախտման ցանկացած դեպք այսուհետ ևս պատժվելու է ամենայն խստությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG