Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսը դատի կտա Բարաք Օբամային


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը որոշել է պաշտպանել դատական հայցն ընդդեմ նախագահ Բարաք Օբամայի, որին կասկածում են լիազորությունների գերազանցման մեջ:

Որոշումն ընդունվել է ձայների 225 կողմ, 201 դեմ հարաբերակցությամբ:

Չնայած առանձին կոնգրեսականներ նախկինում ևս դատի էին տվել Օբամային, սա ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամն է, որ Կոնգրեսը դատական վեճի է բռնվում նախագահի հետ վիճարկելով նրա լիազորությունները:

Օբամայի քննադատները պնդում են, որ նախագահը գերազանցել է իր լիազորությունները երկու անգամ հետաձգելով բժշկական ապահովագրության մասին օրենքի ընդունման վերջնաժամկետը: Կոնգրեսի Հանրապետական ներկայացուցիչները նաև հայտարարում են, որ նախագահը մի քանի անգամ գերազանցել է իր սահմանադրական լիազորությունները՝ ստորագրելով հրամանագրեր, փոխանակ այդ հարցերը դնի օրենսդիրների քննարկմանը: Նրանք, մասնավորապես, համաձայն չեն ապօրինի որոշ միգրանտների արտաքսման գործընթացի հեշտացման և բանտարկյալների փոխանակման հրամանագրերի հետ:

«Խոսքը հանրապետականների և դեմոկրատների միջև հակասությունների մասին չէ: Խոսքը Սահմանադրությունը պաշտպանելու մասին է, որը մենք երդվել ենք պաշտպանել»,- հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները, հավելելով, որ չի կարելի որևէ նախագահի թույլ տալ ընտրել, թե որ օրենքներին պետք է հետևել, իսկ որոնք փոփոխել:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսի հայցն անվանել է ժամանակի զուր վատնում՝ նշելով․ - «Բոլորն հասկանում են, որ դա քաղաքական հնարք է»:

Կարեն Թովմասյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG