Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Կասպիցի վտակներում տատանումներ է թույլատրում՝ նույնիսկ քաղաքական հեղինակության համար


Կազան, հոկտեմբեր, 2024թ.
Կազան, հոկտեմբեր, 2024թ.

Ակտիվիստները պնդում են, որ ռուս պաշտոնյաները խաթարում են ամենամեծ վտակի հոսքը դեպի Կասպից ծով քաղաքական հեղինակության համար՝ ուշադրություն չդարձնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությանը:

Ռուսաստանի Կազան քաղաքի բնակիչները Կասպիցից հազար կիլոմետր դեպի հյուսիս են բնակվում, բայց կարող են նկատել դրա վրա մարդկային գործոնի ազդեցությունը։ Կազանկա գետն այստեղ է միանում Վոլգային, որը Կասպից ծովի ջրային ամենամեծ աղբյուրն է, և հոսքերն այստեղ շատ են տատանվում։

Նախորդ սեպտեմբերին Կազանկայի մակարդակն այնքան ցածր էր, որ այն գրեթե ծորում էր: Իսկ այս հոկտեմբերին այն այնքան բարձր էր, որ Կազանի Կրեմլի հայելային պատկերը հնարավոր էր տեսնել նրա ջրերում: Եվ դրա պատճառը միայն եղանակը չէ։

Հոկտեմբեր, 2024թ.
Հոկտեմբեր, 2024թ.
Հոկտեմբեր, 2023թ.
Հոկտեմբեր, 2023թ.

«Ամբողջ Վոլգան կարգավորվում է», - ասում է ակտիվիստ Յուլիա Ֆայզրախմոնովան, որը 10 տարի՝ նախքան Ռուսաստանից փախչելը 2022-ի Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից հետո, ուսումնասիրել է ջրի մակարդակն այնտեղ։

«Կա ջրամբարների կասկադ, որը կառավարվում է Ջրային ռեսուրսների դաշնային գործակալության կողմից», - «Ազատություն» ռադիոկայանի թաթար-բաշկիրական ծառայությանն ասել է նա:

Այս ջրամբարները և Վոլգայի երկայնքով մի շարք ամբարտակներ վաղուց կապվում են Կասպից ծով ջրային հոսքի նվազման հետ, ինչն էլ նպաստում է տարածքում ջրի մակարդակի անկմանը:

Ըստ Kaspiisky vestnik վերլուծական կայքի՝ Վոլգան ապահովում է Կասպից ծով թափվող ջրի 85 տոկոսը։

Ռուս պաշտոնյաներն ընդունել են, որ հոսքերը շահարկվում են, օրինակ՝ խթանելու ձվադրումը Աստրախանի շրջանում՝ Կասպից ծովի ափի մոտ գտնվող խավիար արտադրող տարածքներում, ինչը Կազանի նման վայրերում հանգեցնում է ջրի մակարդակի էապես անկման։

«Ամենաթանկ առևտրային ձուկը՝ թառափը, Աստրախանի մարզում է», - ասել է Ֆայզրախմոնովան, հավելելով, - «Բայց, իհարկե, Վոլգայի մեր հատվածը տուժում է»:

«ՌուսՀիդրո» հիդրոէներգետիկ ընկերության տվյալների համաձայն՝ Կազանից հարավ գտնվող Կույբիշևի ջրամբարում ջրի մակարդակը ռեկորդային ցածր է եղել 2023 -ի հոկտեմբերին։

Հոկտեմբեր, 2023թ.
Հոկտեմբեր, 2023թ.

Սա հանգեցրել է նրան, որ հինգ շրջանների ղեկավարներ դիմել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրանքով` «կայունացնել» ջրի մակարդակը Վոլգայում։

Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը Մոսկվայում հանդիպման ժամանակ զգուշացրել է, որ ջրի պակասը «սոցիալական անկարգություններ» է առաջացնում։

Մեկ տարի անց իրավիճակը փոխվեց, իսկ ջրի մակարդակը չափազանց բարձր էր։

Մինչդեռ, ոմանք կարծում են, որ սա քաղաքական որոշում էր՝ կապված ոչ թե բողոքի հետ, այլ Կազանը անցյալ ամիս այնտեղ կայացած BRICS-ի գագաթնաժողովի ընթացքում օտարերկրյա առաջնորդներին բարենպաստ լույսի ներքո ներկայացնելու ցանկության հետ։

Հոկտեմբեր, 2024թ.
Հոկտեմբեր, 2024թ.

«Ըստ ամենայնի, դաշնային մակարդակով պայմանավորվածություն է ձեռք բերվել կասպյան տարածաշրջանի [պաշտոնյաների] հետ նման միջոցառման համար», - տեղական Inkazan լրատվականին ասել է բնապահպան ակտիվիստ Թիմուր Էսկարաևը:

Յուլիա Ֆայզրախմոնովան համաձայն է. նա «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Վոլգայի վրա աշխատելու տարիներին նաև կապ է նկատել ջրի մակարդակի և հեղինակավոր միջոցառումների միջև։

Հոկտեմբեր, 2024թ.
Հոկտեմբեր, 2024թ.

Այդպիսի դեպքերից մեկը Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունն էր, երբ Կազանը մի քանի հանդիպում հյուրընկալեց։ Մյուսները ջրի մակարդակի բարձրացման այլ պատճառներ են նշում:

Կազանից կենսաբան Անտոն Բորտյակովը Inkazan-ին պատմել է, որ պատճառը առատ ձյան համակցությունն է, Միննիխանովի նախազգուշացումը և կառավարական հանձնաժողովում Թաթարստանի դիրքորոշմանն աջակցության աճը, որը քննարկել է Վոլգայի հոսքը կարգավորելու հարցը:

Ամեն դեպքում, գագաթնաժողովից հետո՝ նոյեմբերի սկզբին, պարզ դարձավ, որ ջրի մակարդակը կրկին իջել է՝ համաձայն ոչ կառավարական խմբի կողմից վկայակոչված պաշտոնական տվյալների:

«Ազատություն» ռադիոկայանը դիմել է Միննիխանովին՝ հարցնելով, թե արդյոք ջրի բարձր մակարդակը կապված է BRICS-ի գագաթնաժողովի հետ, սակայն արձագանք չի ստացել։

Ռուսական իշխանություններն «Ազատություն» ռադիոկայանը «անցանկալի կազմակերպություն» են ճանաչել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG