Մատչելիության հղումներ

Մարզահամերգայինի փաստաբանը ապօրինություն է որակում ԴԱՀԿ-ի գործողությունները


Մարզահամերգայինի փաստաբանը ապօրինություն է որակում ԴԱՀԿ-ի գործողությունները
please wait

No media source currently available

0:00 0:03:43 0:00

Մարզահամերգային համալիրի լիազորված անձ, փաստաբան Արմինե Գրիգորյանը պատմեց, որ ԴԱՀԿ-ի աշխատակիցները իրեն գաղտնի են նկարահանել:

Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունը երեկ ուշ երեկոյան հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ որոշում է կայացրել Մարզահամերգային համալիրից վտարել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ և այն անձանց, որոնց «օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով»:

Հարկադիր ծառայությունը հակադարձում է Մարզահամերգային համալիրի սեփականատերերի պնդումներին, թե իրենք ծանուցված չեն եղել այս որոշման մասին: Ծառայության կայքէջում տեղադրված է մի տեսանյութ, որում ընկերության լիազորված անձ Արմինե Հակոբյանին է փոխանցվում ինչ-որ փաստաթուղթ, վերջինս, սակայն, հրաժարվում է այն ստորագրել:

Ինչպես այսօր պատմեց ընկերության խոսնակ Կորյուն Գրիգորյանը, իրենք այդ որոշման մասին իմացել են միայն երեկոյան, երբ հարկադիր ծառայության աշխատակիցներն արդեն փաստացի ավարտել էին վտարումը և կնքել բոլոր դռները:

«Էն ինչ որ կատարվում է, ուղղակի խայտառակ ձևով օրենքի խախտում է, քանի որ ուղղակի եթե գալիս են վտարման գործողություն անելու, նախապես ծանուցում են դրա մասին, և եթե սեփականատերը կամովին չի լքում, նոր վտարում են», - լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Կորյուն Գրիգորյանը:

Փաստաբան Արմինե Գրիգորյանը, ում ԴԱՀԿ աշխատակիցները հանձնել են որոշումը, պատմեց, որ իրեն գաղտնի են նկարահանել, այն դեպքում, երբ ԴԱՀԿ-ը այդպիսի իրավունք չունի:

«Այդ լիազորություններով օժտված է միայն ՀՀ ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը և այլ մարմիններ՝ բացառությամբ ԴԱՀԿ ծառայության, և տեսաձայնագրելու, և հրապարակելու գործողությունների մեջ առկա են հանցագործության հատկանիշներ: Ես արդեն իսկ գրավոր դիմել եմ գլխավոր դատախազին», - նշեց Արմինե Գրիգորյանը:

Մինչ այդ՝ առաջիկա օրերին Մարզահամերգային համալիրն արդեն վեցերորդ անգամ է դրվելու աճուրդի: Կորյուն Գրիգորյանն ասում է, որ կես արժեքով գնահատված շենքն իրենցից օր առաջ խլելու հստակ միտում է տեսնում:

«Ի սկզբանե ԴԱՀԿ-ը վերածվել է ՍՊԸ-ի կամ, վախենում եմ ՍՊԸ էլ ասեմ, դա ինչ-որ դուքյանի ա վերածվել, բառիս բուն իմաստով, որովհետև ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը մի կողմից խլում է մարդկանցից, մյուս կողմից իր ընկերը՝ Արթուր Ստեփանյանը՝ հիմա հանրապետական պատգամավոր, ունի կազմակերպություն, որը զբաղվում է գույքի գնահատումով: Եվ պատկերացրեք՝ մեկը գնահատում է, մյուսը վերցնում է», - ասաց Մարզահամերգայինի մամուլի խոսնակը:

19 միլիարդ 350 միլիոն դրամ մեկնարկային գինը, Մարզահամերգային համալիրի սեփականատերերի փոխանցմամբ՝ որոշվել է ընդամենը 15 րոպեում՝ մեկ պտույտ կատարելով շենքում: 5 աճուրդներից հետո գինը շուտով կմոտենա 10 միլիարդ դրամին: Շենքը վաճառված չէ, բայց աշխատակիցներն այսօր նույնիսկ մոտենալ չեն կարողացել կառույցին:

«Մարդիկ կան՝ անձնական գույք ունեն այդտեղ, օրինակ՝ հեռուստացույց: Ես անձամբ էդտեղ համակարգիչ ունեմ, ասում եմ՝ թողեք ինձ մտնեմ իմ աշխատասենյակ, չեն թողնում: Վերջում փորձեցին թողնել, մտա ներս, պահակային ծառայության ղեկավարի աթոռին նստած էր պարոն Մեժլումյանը և հենց ինձ տեսավ, սկսեց աղաղակել՝ հանեք այս անձնավորությանը,ես նրան ճանաչում եմ: Ինչո՞ւ չեք թողնում մտնեմ իմ աշխատասենյակ, վերցնեմ իմ անձնական գույքը՝ սկսած անձնական լուսանկարներից: Էդ ամեն ինչը ո՞նց կարող են կնքել ու սեփականացնել», - բողոքեց Գրիգորյանը:

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ընկերությունը, ինչպես արդեն տեղեկացրել է, հարցը վիճարկելու է Եվրոպական դատարանում: Բարձրաձայնելով ճնշումների և շենքը խլելու փորձերի մասին՝ ընկերության ղեկավարությունն առայժմ չի հնչեցնում կոնկրետ անուններ․ - «Պետական ռեկետի մասին ենք խոսում, և էսօր էս բոլոր քայլերը գնում ա նրա համար, որպեսզի մեզ լռեցնեն: Մենք չենք լռելու: Կոնկրետ ո՞վ աչք ունի, ես չգիտեմ, բայց, ամեն դեպքում, էս երկրում մի քանի հոգի են, որ կարողանում են ղեկավարել ԴԱՀԿ ծառայությանը, դատական իշխանություններին: Շարունակե՞մ, թե արդեն պարզ է: Դուրս եկեք փողոց հարցրեք՝ ո՞վ իրավունք ունի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG