Մատչելիության հղումներ

ԴԱՀԿ-ն կնքել է Մարզահամերգային համալիրի դռները


ԴԱՀԿ-ը կնքել է Մարզահամերգային համալիրի դռները
please wait

No media source currently available

0:00 0:04:00 0:00

Համալիր աշխատակիցները «պետական ռեկետ» են որակում ԴԱՀԿ գործողությունները:

Այսօր կեսօրից հետո Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) ներկայացուցիչները Մարզահամերգային համալիրի աշխատակիցների պնդմամբ՝ առանց որևէ որոշում ցույց տալու իրենց դուրս են հրավիրել աշխատասենյակներից ու կնքել դռները:

«Գույքագրում են ուզում անցկացնեն փակ դռների հետևում, թե ո՞նց և ինչի՞ հիման վրա՝ չեմ կարող ասել: Մենք նստած աշխատում էինք, իրենք միանգամից լցվեցին շենք», - լրագրողների հետ զրույցում ասաց համալիրի աշխատակիցներից մեկը:

Մարզահամերգայինի մամուլի ծառայության պատասխանատու Կորյուն Գրիգորյանն այս գործողությունները ապօրինություն և սեփականության իրավունքի ոտնահարում է որակում: Նա ասում է, որ իրենք նախապես չեն զգուշացվել, և նման գործողությունների համար որևէ հիմք կամ որոշում չի ներկայացվել:

«Ոնց որ տեսնում եք՝ աշխատողներին հանում են դուրս, փակում են դռները: Սրա համար չկա մեզ ներկայացված ոչ մի որոշում: Վտարման որոշման մասին են խոսում, որի մասին մեզ պետք է նախապես տեղյակ պահեին: Առավոտյան սյուրպրիզ՝ եկել ենք, պլոմբում ենք, դուրս եկեք», - ասաց Գրիգորյանը:

Մարզահամերգային համալիրը հինգերորդ անգամ հանվել էր աճուրդի հուլիսի 17-ին 12.5 միլիարդ դրամ մեկնարկային գնով՝ նախորդ աճուրդի մեկնարկային գնից 10 տոկոս իջեցված։ Ինչպես և նախորդ 4 աճուրդների ընթացքում, այդ անգամ ևս գնորդ չէր եղել:

Կորյուն Գրիգորյանի խոսքով՝ սա անգամ չի կարելի համարել գույքի բռնագրավում պարտքի դիմաց, քանի որ այսօր համալիրի աճուրդային գինը գերազանցում է իրենց պարտքի չափը և միայն հաջորդ աճուրդի ժամանակ դրանք կհավասարվեին:

«Հերթական աճուրդի դեպքում գինը պետք է իջներ տրամաբանորեն 10 տոկոսով 10.7-ից 10.8 միլիարդ դրամ, իսկ մեր պարտքը 10.2 միլիարդ դրամի կարգի է: Այսինքն՝ մենք ունենք ևս 14 օր մոտավորապես: Միգուցե ես այդ ընթացքում խնդիր եմ լուծում: Բայց էսօր իրենք ամեն ձևով խախտելով մարդու իրավունքները՝ մի րոպե շուտ փորձում են արագացված կերպով խլել շենքը: Սա ուղղակի պետական ռեկետ է», - ասաց համալիրի մամուլի ծառայության պատասխանատուն:

Մարզահամերգային համալիրի մոտ գտնվող ԴԱՀԿ ներկայացուցիչները ներս չթողեցին լրագրողներին և հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ ներսում կատարվող գործողությունների վերաբերյալ: ԴԱՀԿ մամուլի խոսնակն էլ որևէ հեռախոսազանգի չպատասխանեց և որևէ պարզաբանում չներկայացրեց:

XS
SM
MD
LG