Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:
Նախագահի մամուլի գրասենյակի փոխանցմամբ՝ հանդիպմանը ՀՀ Նախագահը և ԵՄ հատուկ ներկայացուցիչն անդրադարձել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին և համագործակցությանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ: Հանրապետության նախագահը բարձր է գնահատել, որ Եվրամիությունը տարբեր մակարդակներով իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հակամարտության խաղաղ և միջազգային սկզբունքների հիման վրա կարգավորմանը:
Սերժ Սարգսյանը վերահաստատել է մեր երկրի դիրքորոշումը, ըստ որի Հայաստանը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ միջոցներով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափում ընթացող բանակցությունների շրջանակում: Մինսկի խումբն առաջարկել է սկզբունքներ, որոնք, Սերժ Սարգսյանի համոզմամբ, կարող են հակամարտության լուծման առանցք դառնալ: Նախագահը նշել է, որ, ցավոք, Ադրբեջանը չի ընդունում այդ սկզբունքները, թեև հայտարարում է հակառակը: Սերժ Սարգսյանի խոսքով, այդ իսկ պատճառով է, որ Ադրբեջանը սադրանքներ է հրահրում և մեծացնում լարվածությունը շփման գծում, մշտապես մերժում վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների իրականացումը:
Հանրապետության նախագահն ընդգծել է, որ խնդրի լուծումը պետք է տան Հայաստանը, Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղը, Մինսկի խումբն այդ գործընթացում ընդամենը միջնորդ է, որն իր լիազորությունների շրջանակում անում է հնարավորը:
Նույն օրը Եվրամիության հատուկ ներկայացուցչին ընդունել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Նախարար Նալբանդյանը հատուկ ներկայացուցչի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին պարբերաբար իրականացվող սադրիչ գործողություններին: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Ադրբեջանը շարունակաբար մերժում է վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների՝ հրադադարի ռեժիմի ամրապնդման, դիպուկահարների դուրսբերման, սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկությունները, իր ապակառուցողական դիրքորոշմամբ խոչընդոտում է բանակցային գործընթացի առաջընթացին», - ասված է, մասնավորապես, արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդագրությունում: