Մատչելիության հղումներ

Վարորդները հիմնականում ողջունում են տուգանքների փոփոխությունները


Վարորդները հիմնականում ողջունում են տուգանքների փոփոխությունները
please wait

No media source currently available

0:00 0:04:03 0:00

Օրենքի այս փոփոխությունից վարորդները դժգոհ չեն։

Հուլիսի 26-ից ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար - տաքսի ավտոմոբիլներում ծխելու համար վարորդները կտուգանվեն 20 հազար դրամով, նախկին՝ 5 հազարի փոխարեն, իսկ վարելու ժամանակ ռադիոկապից կամ հեռախոսակապից օգտվելու տուգանքը 3 հազարից դարձել է 5 հազար դրամ։

«Ազատության» հետ զրույցում այս երկու փոփոխությունները վարորդները հիմնականում դրական են գնահատում։

«Ծխելունը ես համամիտ եմ, որ բարձրացնեն, որովհետև վարորդն իրավունք չունի ղեկին ծխել, ավտոմատ կերպով առաջանում է վթարային սիտուացիա»,- ասաց վարորդներից մեկը։

Մեկ այլ վարորդի խոսքով, ծխելու, հեռախոսով խոսելու համար կարելի է տուգանքը բարձրացնել.- «Ծխելն էլ է խանգարում երթևեկությանը, հեռախոսն էլ։ Ռուլին նստում ա՝ հեռախոսն էլ ժամերով ականջին, շատ ճիշտ բան են արել, որ տուգանքները բարձրացրել են։ Է, որ իջացրել են, էդ էլ են լավ արել»։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար նախատեսված մի շարք տուգանքներ էլ նվազեցվել են. օրինակ՝ լուսացույցին կից կանգ-գծի պահանջը չկատարելը, այսինքն, կանգ-գիծը հատելու համար տուգանքը 10 հազարից դարձել է 5 հազար դրամ:

Սխալ կանգառ կատարած տրանսպորտային միջոցը քարշակով տարհանելու դեպքում, վարորդը նախկին 40 հազար դրամի փոխարեն կտուգանվի 20 հազարով։ Հետիոտնային անցման վրա կայանելու համար տուգանքը կլինի 15 հազար դրամ՝ նախկին 20 հազարի փոխարեն:

Փոփոխության են ենթարկվել նաև սահմանված արագության խախտման մասով տուգանքները. երթևեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում, վարորդը կտուգանվի յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի չափով, այսինքն՝ հազարական դրամով։ Սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում տուգանքը յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ-ի համար նվազագույն աշխատավարձի 150 տոկոսի չափով է:

Օրենքի փոփոխություններով նախատեսվում է, որ տուգանված վարորդի կողմից 30 օրվա ընթացքում տուգանքը չվճարելը կհանգեցնի դրա ավելացմանը 25 տոկոսով, (նախկին եռապատկման փոխարեն), իսկ 60 օրվա ընթացքում չվճարելը՝ 50 տոկոսով-ով (նախկին հնգապատկման փոխարեն):

Չնայած տուգանքների չափերի նվազեցմանը, այդուհանդերձ, վարորդները դրանք բարձր են համարում։

«Տուգանքները, որ մի քիչ էլ իջացնեին ավելի ճիշտ կլիներ, որովհետև մարդիկ կան չեն կարում տան։ Հետո, դու տուգանքները չես ստանում, մի տարի հետո տուգանքները գալիս ա 5 հազարը դառնում ա 10 հազար, թե պատճառն ի՞նչ ա, չգիտեմ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց վարդներից մեկը։

Մեկ այլ վարորդի կարծիքով էլ տուգանքների չափերը քիչ են նվազել.- «Քիչ ա, չենք կարողանում տակից դուրս գալ։ Ասենք, եթե աշխատանք լինի, կարողանանք աշխատանքի դուրս գանք, փող ստանանք, փող աշխատենք, կարանք մուծենք, բայց որ փող չենք աշխատում, ինչո՞վ մուծենք»։

Վարորդների իրավունքների համար պայքարող «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արշակ Զաքարյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ տուգանքների չափերի փոփոխություններն իրենց չեն գոհացնում։ Զաքարյանի կարծիքով, դա հերթական աչքակապությունն է։

«Իհարկե, ինչ-որ փոփոխություններ կան, մասնավորապես, արագության գերազանցման հետ կապված փոփոխությունները, բայց, եթե մաթեմատիկական հաշվարկ անեք, ապա կտեսնեք, որ էնպես է արված, որ իրենք ոչ մի գումար չկորցնեն։ Ստեղ ամեն ինչը գումար կորզելու մասին է։ Եթե հաշվենք միջին մաթեմատիկականով, ոչինչ էլ չի փոխվել, կարել է ասել դեռ մի բան էլ վնաս է եղել. ծխելու և այլնի համար շատ մեծ տուգանքներ կանեն, մեկ է կվերցնեն ժողովրդից էդ փողը»,- ասաց Զաքարյանը։

Նրա խոսքով, որոշ դեպքերում վարորդները հանդիպում են «ծուղակների», որոնք էլ տուգանքների պատճառ են դառնում։

«Մենք ասում ենք, որ միայն թալանի համար չենք էստեղ ապրում։ Մեր նախաձեռնության բոլոր անդամները կողմ են, որպեսզի լինեն տուգանքներ խախտում անողների համար, մենք դեմ ենք, որպեսզի էդ խախտում անելու համար ստեղծվեն հատուկ ծուղակներ, որպեսզի մարդիկ գնան, ընկնեն ծուղակը»,- ասաց Զաքարյանը։

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամի խոսքով, իրենք շարունակելու են պայքարը՝ անհիմն տուգանքների դեմ։

XS
SM
MD
LG