Մատչելիության հղումներ

Ստվերի դեմ պայքարը՝ «հերթական բեմադրություն»


Ստվերի դեմ պայքարը՝ «հերթական բեմադրություն»
please wait

No media source currently available

0:00 0:05:31 0:00

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ ստվերի դեմ պայքարի մասին հայտարարությունները տնտեսագետ Վահագն Խաչատրյանին հիշեցնում են խորհրդային տարիներին կոմունիստների լոզունգները:

«Կոմունիստական կուսակցությունը լոզունգներ էր հրապարակում հնգամյակը չորս տարում կատարելու մասին... քանի որ այսօրվա կառավարության շատ ներկայացուցիչներ իրենց անցյալի հետ սերտ կապեր ունեն և մինչև հիմա պահել են այդ կապերը, սա դրա մի մասին է»,- ասաց տնտեսագետը։

Հիշեցնենք, վարչապետ Հովիկ Աբրահամյանը վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո գործարարներին մինչև հուլիսի 1-ը ժամանակ տվեց՝ կամ դուրս գալ ստվերից, կամ նրանցով կզբաղվեն համապատասխան մարմինները: Աբրահամյանն անգամ խոստացել էր ստվերի դեմ պայքարը սկսել իրենից և իր հարազատներից:

Գնահատելով վերջին ամսվա ընթացքում ունեցած ձեռքբերումները՝ Հովիկ Աբրահամյանը օրերս Գյումրիում հայտարարեց, թե դատելով Հարկային տեսչության հրապարակած տվյալներից, իր նախաձեռնած քայլերը արդյունք են տվել:

Համաձայն հրապարակված տվյալների՝ հուլիսի 10-19-ը ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին ավելին քան 651 միլիոն դրամի, այսինքն ավելի քան 1.5 դոլարի հարկային պարտավորություն է առաջադրվել։ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս ամիս էապես աճել են նաև հաշիվ ապրանքագրերը:

Նախարարությունը նաև բերել է հարկ վճարող այն ընկերությունների անունները, որոնց փաստաթղթաշրջանառությունը Հովիկ Աբրահամյանի հորդորից հետո ավելացել է: Ուշագրավ է, որ այդ ընկերությունների մեջ է նաև «Նատալի Ֆարմ»-ը, որն, ըստ մամուլի, պատկանում է խոշոր գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:

Վահագն Խաչատրյանը, ծանոթանալով այս տվյալներին, պնդում է՝ այն, ինչ ներկայացվում է իբրև թե ստվերի դեմ պայքար, իրականում ոչ այլ ինչ է, քան Հովիկ Աբրահամյանի հերթական բեմադրությունը: Պարզապես ցույց տալու համար որ Աբրահամյանը ստվերից դուրս գալու խոստումը կատարվում է, հարկատուներին այս շրջանում ստիպում են ավելի շատ հարկեր վճարել և ավելի շատ թղթաշրջանառություն ցույց տալ:

«Կպայմանավորվեն, ասեն հաշիվ ապրանքագրերով ապրանքների տոկոսը հիմա մեծացրեք, հիմա կարող է մի խանութ ապրանքը պետք է ստանար օգոստոսին, բայց ստանում է հուլիսի 20-ին։ Ես ուզում եմ ասել, որ այստեղ ոչ մի խոսք չկա ստվերի դեմ պայքարի մասին, ուղղակի ծածկադմփոց է։ Հերթական ներկայացումն է, ներկայացման ռեժիսորը պարզ է, խաղացողները պարզ են, սրա ավարտն էլ պարզ, դուք մի ամիս հետո կմոռանաք սրա մասին, որովհետև սա չի կարող լինել ամենօրյա աշխատանք իրենց համար»,- ասաց Խաչատրյանը։

Տնտեսագետն ասում է, թե Հայաստանում դասական առումով ստվեր գոյություն չունի, ամեն ինչ կատարվում է առաջին դեմքի իմացությամբ, այդ թվում՝ ստվերում աշխատելու կամ չաշխատելու հարցը: Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի՝ ստվերի դեմ անողոք պայքարելու խոստումներին, ապա Վահագն Խաչատրյանը դա համեմատում է պարտադիր կուտակային համակարգից պարտադիր բաղադրիչը հանելու վարչապետի կեղծ խոստումների հետ:

«Հովիկ Աբրահամյանը էնքան որ ուզում է ցույց տալ, որ իր խոսքի տերն է։ Հիմա ուզում է ցույց տալ, որ իր խոսքի տերն է, օրը մեկ հայտարարում է, թե երբ է Հայաստանը դառնալու Եվրասիական միության անդամ։ Կենսաթոշակների մասին էլ խոսք տվեց, հետո պարզվեց, որ հեչ խոսք տալու բան չէր, որովհետև ինքը չէր այդ հարցը որոշողը, հարցը ուրիշ տեղ արդեն որոշվել էր։ Հիմա նույնը սա է։ Քանի դեռ երկրում այս հարաբերություններն են, երբ մրցակցությունից դուրս է ամեն ինչ, որևիցե բան չի փոխվում։ Մենք հիմա ինքներս դարձել ենք այս շոուի մասնակից։ Ես հանրությանը կասեմ, որ մի հարց կա լուծելու՝ պետք է անել ամեն ինչ այս մարդկանցից արագ ազատվելու համար»,- ասաց Խաչատրյանը։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Դիլիջան կատարած կատարած աշխատանքային այցի ընթացքում «Ազատության» հարցին ի պատասխան արձագանքեց իր հասցեին հնչած քննադատություններին՝ դրանք անվանելով դատարկաբանություն:

«Մենք պատրաստ ենք գործով ապացուցել, ոչ թե դատարկաբանությամբ զբաղվել, ինչպես մեր որոշ օպոնենտներ։ Մենք պատրաստ ենք բացել, թող գան հարցը տան, պատկան մարմինները կպատասխանեն, վարչապետը կպատասխանի։ Մենք որևէ խնդիր չունենք, տրամադրություն չունենք որևէ բան կոծկելու։ Մենք ավելի շատ փորձելու ենք խոսել մեր ապագայի մասին, քան թե ինչ է եղել նախկինում»,- ասաց վարչապետը։

Հնչած քննադատություններին անդրադարձել է նաև ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ հորդորելով հավատալ փաստերին:

«Առաջին տասնօրյակում էլեկտրոնային հարկային հաշիվների դուրսգրումը 101 հազարով ավելացել է։ Դա մոտավորապես 25 միլիարդ շրջանառություն է ավելացրել։ Հիմա մենք կոշտ վարչարարություն ենք անում այն տնտեսվարողների մոտ, որոնց մոտ ռիսկեր ենք տեսնում։ Նաև կհրապարակենք այն տնտեսվարողների ցանկը, որոնք այս հորդորներին ընդառաջ չգնացին»,- ասաց Խաչատրյանը։

Գագիկ Խաչատրյանը վստահեցնում է՝ ստվերի դեմ պայքարը ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում մեկ օրում կամ մեկ տարում հնարավոր չէ լուծել։

«Կա երկու ճանապարհ։ Մեկը հեղափոխական ճանապարհն է՝ քրեական գործերով... մենք ընտրել ենք հանգիստ ճանապարհը»,- ասաց նախարարը։

XS
SM
MD
LG