Մայիսի 14-ին, խոշոր գործարարների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մինչև հուլիսի 1-ը ժամանակ էր տվել գործարարներին՝ ստվերից դուրս գալու համար:
«Բազմաթիվ փոքր ու միջին ձեռնարկությունների հարկային մարմինները նամակներ են հղել և պահանջել են կամ համոզել են, երկու բառն էլ ես ուզում եմ օգտագործեմ, վերանայել իրենց հաշվետվությունները: Ընդ որում` տրամաբանության հիմքում եղել ա, որ ձեր կողմից օգտագործվող հումքի, էներգակիրների թվերը ցույց են տալիս, որ դուք պետք է ավելի շատ արտադրանք թողարկեիք, հետևաբար ձեր հաշվետվությունները վերանայելու կարիք կա, որպեսզի դուք չհայտնվեք խնդիրների մեջ, քանի որ մենք հուլիսի 1-ից ասել էինք, որ գիծը գծում ենք և այսուհետև պետք է աշխատենք ավելի թափանցիկ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Որոշ դեպքերում էլ, հարկահավաքության ավելի տպավորիչ պատկեր ցույց տալու համար, հարկային տեսուչները պահանջում են գործատուներից մոտ 30 հազար դրամով բարձրացնել աշխատավարձերը, ինչը Գործատուների միության նախագահը մտահոգիչ է համարում. - «Ես անհանգստանում եմ, որ երբ որ հուլիսի 1-ի արդյունքները կամփոփեն, կարող է չտարանջատեն և չասեն, թե ինչքանը խոշորի շնորհիվ եղավ, ինչքանը՝ փոքր բիզնեսի, այլ պարզապես ասեն, որ այսքան հարկ ավել հավաքեցինք՝ համեմատելով նախորդ տարվա հետ կամ նախորդ ամիսների, ու դա կապեն գիծ գծելու խնդիր հետ, որ իբր արդյունքում ստացվեց, որ ստվերից դուրս եկան, բայց դա դուրս գալու հաշվին եղավ, թե պարզապես նամակներով, որոշակի ուսումնասիրությունների, վախացնելով, թե այլ մեթոդներով, դրա մասին կարող է չասվի»:
Զրուցեցինք միջին բիզնեսով զբաղվող մի գործարարի հետ, որի կազմակերպությունում հարկայինը ստուգումներ է սկսել։
Ստուգումներից գործարարի մոտ տպավորություն է ստեղծվել, որ իշխանությունները բյուջե լցնելու խնդիր ունեն, դրա համար էլ դիմում են նման միջոցների։ Գործարարը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ չի ցանկանում հետագայում ևս խնդիրներ ունենալ հարկային մարմինների հետ։
«Իմ կազմակերպությունում անիմաստ ստուգումներ սկսվեցին հարկային մարմինների կողմից: Թղթերով գալիս են ստուգումներ են սկսում կազմակերպություններում փոքր և միջին բիզնեսի և ակտեր են գրում անհիմն, որ ոչ մի բան չի կարող անել այդ բիզնեսմենը այդտեղ», - պատմեց գործարարը:
Նա չի կարծում, թե նոր վարչապետի ու Կառավարության քաղաքականության արդյունքում խոշոր բիզնեսն իսկապես դուրս կգա ստվերից․ - «Ստվեր, ստվերը բոլորը իրանք են, ի՞նչ ստվերի մասին ա խոսքը, իրանք բոլորը ստվերում են, իշխանական ամբողջ համակարգը ստվերում ա»:
Ստվերի դեմ պայքարի շրջանակում Ֆինանսների նախարարությունը հանդիպել է այսպես կոչված ռիսկային ցանցում հայտնված 1000-ից ավելի տնտեսվարողների հետ։ Ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանի խոսքով` այդ կազմակերպությունների մի մասը համաձայնել է բարելավել փաստաթղթաշրջանառությունը և ավելացնել ապրանքաշրջանառությունը։
«Հուլիսի 1-ից մենք սկսել ենք աշխատանքներ այն տնտեսվարող սուբյեկտների ուղղությամբ, ում պետք է հիմնավորել, ապացուցել, որ իրենց շրջանառությունները, իրենց բաց թողած ապրանքները փաստաթղթավորված չեն», - ասաց փոխնախարարը:
Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը համոզված է, որ ստվերից դուրս գալու կոչն ուղղված էր այն մարդկանց, ովքեր աշխատել, աշխատում են ու կաշխատեն ստվերում, քանի դեռ երկիրը ղեկավարում են այսօրվա իշխանությունները. - «Այսինքն դա խոսք էր զուտ հնչեցնելու համար և ուշադրություն դարձնելու համար, բայց ոչ երբեք իրականացնելու համար»: