Պետք է ոտքի կանգնել ու կոնկրետ պահանջներ դնել քաղաքային իշխանությունների առջև՝ կապված հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման հետ: Այսօր նման հայտարարություն արեց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը:
Ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամը դեմ է տրանսպորտի մի քանի սակագին սահմանելու՝ քաղաքապետարանի մտահաղացմանը:
«Մենք ոչ թե պետք է արձագանքող լինենք, այլ պետք է ոտքի կանգնենք: Նախատեսվում են ակցիաներ․ ես հիմա չեմ կարող ավելի պարզ ու բաց ասել ինչի մասին է խոսքը, քանի որ ընթացքի մեջ է, առաջիկայում քաղաքացիական նախաձեռնությունները դրա մասին կխոսեն: Բայց ամենաառաջնային խնդիրը դա պարտադրելով փոփոխության բերելն է: Բավարար չէ ասել՝ չեք թանկացնելու ու վերջ: Չեք թանկացնելու՝ դա չի նշանակում, որ մենք ունենք նորմալ տրանսպորտ: Որակի վերաբերյալ պարտադրանք է պետք», - հայտարարեց Սանասարյանը:
Հիշեցնենք՝ մայրաքաղաքի իշխանությունները քննարկում են տրանսպորտի մի քանի սակագին սահմանելու հարցը, նախատեսում են 100, 150 և 200 դրամ սակագնով աշխատող երթուղայիններ, իսկ բաժանումները, ըստ Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի, կկատարվեն ըստ ծառայությունների որակի:
«Բարև Երևանի» անդամ Դավիթ Սանասարյանի խոսքով, այդ հայտարարությունը միտված էր հանրության շրջանում տրամադրությունները ստուգելուն:
«Քաղաքապետարանը այդ ինֆորմացիան զոնդաժի նպատակով գցել է դաշտ: Ինչ-որ շերտավորումներ անեն՝ դրանով, ես կարծում եմ, նաև վիրավորում են քաղաքացիներին», - ասում է նա:
Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ այս օրերին քաղաքացիական ակտիվիստները պայքարում էին հանրային տրանսպորտի սակագինը 150 դրամ դարձնելու դեմ, արդյունքում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կասեցրեց հասարակական տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին որոշումը: Սակագնի հերթական բարձրացման փորձը ևս կուղեկցվի պայքարով, այս անգամ ավելի կոշտ ու արդյունավետ մեթոդներով, կարծիք հայտնեց ակտիվիստ Վահագն Մինասյանը։ Նրա համար ևս անընդունելի է տարբերակված սակագնի կիրառումը։
«Ցավալին այն հանգամանքն է, որ նման քայլով այսինքն տարբերակված սակագնով, քաղաքապետարանը, ըստ էության, առավել ակնառու է դարձնում առանց այն էլ ակնհայտ սոցիալական անարդարության առկայությունը», - նշեց նա:
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը շարունակում է պնդել, որ Երևանում անհրաժեշտ է զարգացնել էլեկտրատրանսպորտը, մասնավորապես՝ տրոլեյբուսային երթուղիներն ավելացնելու հաշվին:
«Երևանի տրանսպորտը գահավիժում է: Էլեկտրատրանսպորտի մահն ենք մենք տեսնում: Տրոլեյբուսները դրանք վերջին մեքենաներն են, և շատ շուտով դրանք չեն լինելու: Եվ սա արվում է մտածված, նպատակադրված: Ոչ թե տնտեսական հարաբերությունների մրցակցության պատճառով, այլ կամաւյին որոշումով է դա արվում», - նշեց նա:
Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն ասել էր, որ տրանսպորտային համակարգի հատուկ մոդել է մշակվելու, համաձայն որի ամեն ուղղությամբ առնվազն երկու սակագնով աշխատող երթուղային է լինելու: