Մատչելիության հղումներ

Ավագանու «Բարև Երևան» խմբակցությունն ամփոփում է գործունեության մեկ տարին


Ավագանու «Բարև Երևան» խմբակցությունն ամփոփում է գործունեության մեկ տարին
please wait

No media source currently available

0:00 0:03:07 0:00

Ընդդիմադիր խմբակցությունն արձանագրում է՝ մեն-մենակ պայքարի են դուրս եկել քաղաքային իշխանությունների դեմ:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն ասում է՝ իշխող Հանրապետականն այդպես էլ չհաշտվեց մտքի հետ, որ ի տարբերություն նախորդ ավագանու, այս անգամ որոշումներն ընդունելուց առաջ պետք է քննարկվեն:

«Մինչ օրս Հանրապետական խմբակցությունը բողոքում է, դժգոհում է, թե ամեն ինչ մասին խոսում եք, ամեն ինչ քննարկում եք, ամեն ինչ կասկածի տակ եք դնում և այլն: Նույնիսկ անձնական վիրավորանքներ են հնչում», - ասաց Բախշյանը:

Խմբակցության անդամ Արթուր Գասպարյանը շարունակում է, թե 6 հոգով որևէ ազդեցություն չեն ունենում քվեարկության վրա, բայց գոնե նախկին ավագանու պես ծածկադմփոց չի արվում․ - «Օրակարգում ընդգրկված 20 հարցերի վերաբերյալ որոշում են կայացրել 15 րոպեում, պատկերացնո՞ւմ եք: 15 րոպեում մենք մենակ մի հարցի շուրջ նախատում ենք և հայտարարություններ ենք անում»:

Ինչ վերաբերում է ավագանու երրորդ ուժին՝ իրեն այլընտրանք հռչակած «Բարգավաճ Հայաստանին», ապա ընդդիմադիրները փաստում են, որ գոնե քվեարկությամբ ԲՀԿ-ականները չեն տարբերվում իշխող խմբակցության անդամներից։

«Առանց մեկնաբանության, դեմքիս արտահայտությունից պատկերացրեք: Հանրապետական կուսակցությունն էլ է ասում, որ ինքը ժողովրդի կողքին է: Ասելը մի բան է, գործելը մեկ այլ բան», - ընդգծեց Գասպարյանը:

«Ես անձամբ Թամար Պողոսյանի հետ լավ աշխատում եմ, բայց նկատել եմ, որ հարցեր են լինում, որ ինքը՝ անձամբ միայն ինքն է խոսում, շատ լավ քննադատում է, քեֆս բերում է, բայց հետո, որ կողմ են քվեարկում․․․ Ինչո՞ւ՝ ինձնից լավ գիտեք», - նշեց Անահիտ Բախշյանը:

Քաղաքային իշխանությունները մերժում են «Բարև Երևանի» առաջարկը քաղաքապետարանի կայքում ուղիղ եթերով հեռարձակել ավագանու նիստերը՝ Ազգային Ժողովի օրինակով: Անահիտ Բախշյանն ասում է, որ գիտի պատճառը․ չեն կարող ուղիղ եթերում ցուցադրել, թե ինչպես են նիստերին լռում վարչական շրջանների ղեկավարները, օրինակ՝ Սամվել Ալեքսանյանի եղբորորդին, որ 25 տարեկանը բոլորելուն պես դարձավ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ:

«Ոչ մեկը ձայն չի հանում, ոչ միայն ինքը, ով որ վարում է՝ նախագահն է, նա է ձայն հանում՝ կամ Տարոն Մարգարյանը, կամ Կամո Արեյանը և մեկ էլ նրանց, ում ձայն են տալիս», - ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավարը:

Ավագանու ընդդիմադիր անդամները տրանսպորտի թանկացման հարցը փակված չեն համարում: «Բարև Երևանը» դատական երեք ատյաններով բողոքարկեց քաղաքապետի որոշումը, բայց անարդյունք:

Սակագնի ուսումնասիրման հանձնաժողովի նիստերին չեն մասնակցում՝ որակելով դա շոու: Ինչ վերաբերում է օրենսդրական փոփոխություններին, որոնցով այսուհետև սակագինը ավագանին է հաստատելու, ապա ըստ «Բարև Երևանի»՝ այսպիսով իշխանությունները թանկացման պատասխանատվությունը դրեցին ավագանու ուսերին:

«Ավագանու ճնշող մեծամասնությունը կոճակ սեղմող են և այդ հարվածը բաշխել ավագանիների մեջ՝ նրանց, որոնք իրանց պարտք են, որոնց համար բան ունեն արած և այլն, սա ընդամենը ֆոկուս է, որ մի անձի վրա հարվածը չգնա», - համոզմունք հայտնեց Գասպարյանը:

«Չեն ուզում բարելավել, բայց ուզում են թանկացնել», - հավելեց Անահիտ Բախշյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG