ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը այսօր հայտարարել է, որ Մոսկվան, ի պատասխան Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների, արգելքներ կկիրառի ամերիկյան քաղաքացիներին ՌԴ մուտքի արտոնագրերի տրամադրման հարցում:
Լուկաշևիչը նշել է, թե երբ խոսքը «արտոնագրային արգելքների մասին է, արձագանքը սովորաբար հայելային է լինում»:
Նրա խոսքով` ԱՄՆ-ի 12 քաղաքացիների, այդ թվում «Աբու Գրեյբ» ու «Գուանտանամո» բանտերի ղեկավարներին, կարգելվի այցելել Ռուսաստան:
Լուկաշևիչը հիշեցրել է, որ «անցած տարի հրապարակվել էր «Գուանտանամոյի ցուցակը»` 18 ազգանուններով, և այդ թիվը համապատասխանում էր «Մագնիցկու ցուցակում» ընդգրված ռուսաստանցիների թվին»:
Ռուսաստանի արտգործնախարության ներկայացուցիչը հայտարարել է, թե Վաշինգտոնի մտցրած տնտեսական սահմանափակումները «անխուսափելիորեն կվնասեն ամերիկյան բիզնեսին»: