ԱՄՆ-ի Կապիտոլիումում Եվրամիության հետ Ասոցացման պայմանագիրը Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի կողմից ստորագրվելու կապակցությամբ անցկացված միջոցառման ժամանակ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ էդ Ռոյս ասաց, թե ԱՄՆ-ի քաղաքականությունն Ուկրաինայում, Մոլդովայում ու Վրաստանում նպատակ ունի զարկ տալ ազատությանը, անկախությանը ու ժողովրդավարությանը։
Նա շեշտեց, որ պատրաստվում է ներկայացնել մի օրինագիծ, որը օգնության նոր փաթեթ կնախապատրաստի Ուկրաինայի համար ու պատժամիջոցներ՝ Ռուսաստանի։
«Ձեր երկրներն ունեն և Արևմուտքի, և Արևելքի հետ առևտուր իրականացնելու ազատ ընտրություն»,- ասաց նա։
Միջոցառման կազմակերպիչներից դեմոկրատ սենատոր Քրիս Մարֆին ասաց, թե իրենք գիտեն, որ դեռևս մեծ աշխատանք կա կատարելու համար, «սակայն ԱՄՆ-ը Եվրամիության հետ միասին կօգնի այս երկրներին անցնել այն երեք փուլերը, որոնք նախատեսված են Եվրամիությանն անդամակցելու համար»։
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Անդրեաս Շոքենհոֆի խոսքերով, իրենք ամեն ինչ անելու են Եվրամիության միասնականությունը պահպանելու համար և օգնելու են նոր դաշնակիցներին՝ հաղթահարելու իրենց առջև ծառացած դժվարությունները և դառնալու իրապես եվրոպական երկրներ։
«Չնայած մեր թշնամիների կողմից ուղիղ սպառնալիքներին, Վրաստանը ստորագրեց այս համաձայնագիրը, մեկ անգամ ևս ցույց տալով արևմտյան արժեքների ու ազատության նկատմամբ իր նվիրվածությունը»,- իր խոսքում հայտարարեց Վրաստանի դեսպան Արշիլ Գեգեշիձեն։
ԱՄՆ-ի սենատոր Թեդ Քրուզը Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան անվանեց «խիզախ երկրներ» ու հայտարարեց, որ Ամերիկան նրանց հետ է և ողջունում է Եվրոպական միության հետ ասոցացման պայմանագրի ստորագրումը։ Նա հայտարարեց, թե վստահաբար կարող է ասել, որ շուտով ավելի կխորանան այս երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերությունները, այդ թվում՝ առևտրի ու անվտանգության բնագավառներում։
Սենատոր Ջոն Մաքքեյնը վստահ է, որ այս համաձայնագրի արդյունքում երեք այս երկրները կբարգավաճեն ու կհաղթահարեն ներկա վտանգավոր ժամանակները։
«Մենք տեսնում ենք ինչ է կատարվում Ուկրաինայում, ինչպես է շարունակվում Մերձդնեստրի բռնազավթումը, բռնազավթումն Աբխազիայում և Հարավային Օսիայում, սակայն նաև, թե ինչպես են այս երեք եվրոպական երկրները ժողովրդավարական կառավարություններ մատուցում իրենց ժողովուրդներին»,- ասաց նա։
«Ամերիկայի Ձայն»-ի հարցին ի պատասխան, Վաշինգտոնում Մոլդովայի դեսպան Իգոր Մունտիանուն նշեց տարածաշրջանում լարված իրավիճակը և Ռուսաստանից սպասվող սպառնալիքները։
«Սակայն մենք պիտի պատրաստ լինենք։ Հարկավոր է մեծ աշխատանքներ իրականացնել հետախուզության ու պաշտպանության բնագավառներում, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանանք, առանց ժամանակ կորցնելու, տալ համահունչ պատասխան»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք մեծ հույսեր ենք կապում Արևմտյան իրենց դաշնակիցների հետ։
«Երկարաժամկետ առումով Մոլդովան մեծապես շահելու է Եվրոպական միության հետ ասոցացման պայմանագիրը ստորագրելու արդյունքում»,- նշեց դեսպանը։
Վրաստանի դեսպան Արշիլ Գեգեշիձեի խոսքերով, իրենք գիտեն, որ մինչև Եվրոպական միությանը լիովին անդամակցելը, անց են կացնելու դժվարին տարիներ, համապատասխանեցնելու են իրենց աշխատանքները Եվրամիության չափանիշներին։
«Մենք գիտակցում ենք, որ սա խթանիչ հնարավորություն է մեզ համար, որը տալու է եվրոպական շուկաներ մուտք գործելու լայն հնարավորություններ։ Սակայն գիտակցում ենք նաև, որ այն Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային տալիս է տնային դժվարին հանձնարարություն, որը մենք պարտավոր ենք կատարել անթերի»,- ասաց Գեգեշիձեն։