Մատչելիության հղումներ

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը Ոստիկանության հետ չի հանդիպել


Armenia -- Taxi drivers stage a protest action in Yerevan, 27Jun2012
Armenia -- Taxi drivers stage a protest action in Yerevan, 27Jun2012

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը այսօր «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ շաբաթ օրը Ոստիկանության պաշտոնյաների հետ իրենց նախաձեռնությունից որևէ մեկը հանդիպում չի ունեցել:

Հակոբյանի փոխանցմամբ` նախաձեռնությունում որոշումներն ընդունվում են կոլեգիալ, և առանձին վարորդներ նախաձեռնության անունից հայտարարություն անելու իրավունք չունեին:

Հիշեցնենք՝ շաբաթ օրը Ոստիկանության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո տաքսու վարորդները «Ազատությանն» ասել էին, թե հաջորդ օրը նախատեսված բողոքի ավտոերթը չեն անցկացնելու, քանի որ դրա կարիքը չեն տեսնում: Ավտոերթը, մինչդեռ, կայացել էր:

«Ես չգիտեմ՝ ի՞նչ տաքսիստներ են եղել էդտեղ, ո՞վ է ինչ խոսք տվել իրենց, բայց [«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության] նախաձեռնող խմբի հետ ոչ մի համաձայնություն չի եղել: Այդ նույն 60 հոգին [Ոստիկանության ներկայացուցիչների հետ հանդիպած տաքսու վարորդները] հավաքվել էին երթից առաջ, բոլոր հավաքված մեքենաներին ասում էին՝ գնացեք երթը չի լինելու: Այդպիսի վարձկան 60 հոգի են», - ասաց Վարդան Հակոբյանը:

«Ավտովարորդների պաշտպանության լիգա» կազմակերպության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, ով նշված հանդիպումից 3 օր առաջ մասնակցում էր «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության ասուլիսին որպես այդ նախաձեռնության անդամ, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ մյուս անդամների հետ իր անհամաձայնությունը պայմանավորված էր իր՝ Ոստիկանության հետ բանակցելու հանգամանքով:

«Մեր ոչ համաձայնությունը այստեղ եղավ, որ ես գնացի բանակցությունների: [Երթի մասին] Բոլոր պաստառները ես եմ բաժանել քաղաքով մեկ, հետո էլ ասել եմ` մի օր առաջ մեզ կանչում են բանակցությունների: Այսինքն 60 տաքսու վարորդ հանցավոր [համաձայնության են եկել] ղեկավարության հետ: Դա աբսուրդ է», - ասաց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյնաի պնդմամբ` Ոստիկանության հետ բանակցող խումբը մի շարք հարցերում եկել է համաձայնության, այդ թվում՝ կարմիր գծանշումների տարածքում տաքսիների՝ անվճար կայանելու հարցում․ - «Երկրորդ շարքից ուղևոր վերցնելու և իջեցնելու համար տաքսու վարորդին մեկ րոպե ժամանակ է տրվելու, գիշերվա 12-6-ը նրանք ընդհանրապես կարող են կանգառներում կայանել մեքենաները, դա էլ առաջարկներից մեկն է, ինչպես նաև բոլոր կանգառների առջևից և հետևից կայանատեղեր են հատկացվելու տաքսիներին՝ դեղին գծանշումով մեջ տաքսի է գրվելու»:

Նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը, մինչդեռ, շարունակում է պնդել, որ իրենց պահանջները մնում են նույնը և շաբաթ օրը կրկին ավտոերթ են անցկացնելու՝ կարմիր գծերը վերացնելու, տեսախցիկների և արագաչափերի տուգանքները 5 անգամ կրճատելու, մինչև այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ համաներում հայտարարելու և բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը դադարեցնելու պահանջներով:
XS
SM
MD
LG