Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպմանը քննարկմանը այսօր քննարկվել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը։ Ըստ Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության՝ կողմերը վստահություն են հայտնել, որ վերջին մի քանի տեխնիկական հարցերի շուրջ քննարկումից հետո Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագրի ստորագրումը տեղի կունենա առաջիկայում։
Այցի նախօրեին Հայաստանի վարչապետը ասել էր, որ Մեդվեդևի հետ հանդիպումից հետո պարզ կլինի, թե երբ է Հայաստանը անդամակցելու ԵՏՄ-ին։ Այս պահին ավելի մանրամասն տեղեկություն հարցի շուրջ չկա։
Փորձագետները համոզված են, որ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությանը խոչընդոտում են այդ միության երեք անդամներից երկուսը, և չնայած ինչպես Հայաստանի իշխանություններն են պնդում, Հայաստանն արդեն կատարել է ճանապարհային քարտեզի շրջանակներում ստանձնած բոլոր պարտավորությունները, թե երբ և ինչ ձևաչափով է Հայաստանը միանալու այս կառույցին, մեծամասամբ կախված է լինելու Մոսկվայի բանակցություններից Մինսկի և Աստանայի հետ։
Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Մեդվեդևն ու Աբրահամյանը քննարկել են ինտեգրացիոն գործընթացները, ինչպես նաև համագործակցությունը առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում։
Հայաստանի կառավարության հաղորդագրության համաձայն՝ Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդև քննարկել են նաև համագործակցությունը ատոմային էներգետիկայի ոլորտում, մասնավորապես, Հայաստանի ատոմակայանի գործող էներգաբլոկի արդիականացմանը և շահագործմանը վերաբերող հարցեր։ Քննարկվել է նաև «Ռոսնեֆտ» ընկերության ներդրումային ծրագիրը։
Այցի շրջանակում Սոչիում երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել է Ռուսաստանի տարածքում Հայաստանի և Հայաստանի տարածքում Ռուսաստանի քաղաքացիների գտնվելու կարգի մասին համաձայնագիր: Այդ համաձայնագրով նախատեսված է, որ մի կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու (ըստ գտնվելու վայրի՝ հաշվառման կանգնելու) պարտականությունից: