Մատչելիության հղումներ

Ժան-Կլոդ Յունկերը կփոխարինի Ժոզե Մանուել Բարոզոյին


Եվրոպական հանձնաժողովի նախագահ ժան Կլոդ Յունկեր, արխիվ
Եվրոպական հանձնաժողովի նախագահ ժան Կլոդ Յունկեր, արխիվ

Եվրոպական խորհրդարանը հաստատեց Եվրոպական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Ժան-Կլոդ Յունկերի թեկնածությունը: Սա նշանակում է, որ Լյուքսեմբուրգի նախկին վարչապետը կփոխարինի Ժոզե Մանուել Բարոզոյին` ստանձնելով Եվրոպական միության ամենաազդեցիկ պաշտոնյայի դերը առաջիկա 5 տարիների համար:

Յունկերը տնտեսական բարեփոխումների կողմնակից է և Լյուքսեմբուրգում վարչապետ լինելու 18 տարիների ընթացքում եղել է եվրոյի աջակից:

Այսօր 59 տարեկան առաջնորդը, որն ընտրվել է Եվրախորհրդարանի քվեարկությամբ, շնորհակալություն է հայտնել ժողովրդավար ընտրությունների համար և խոստացել օգտակար բարեփոխումներ անցկացնել Եվրամիությունում:

«Եվրոպայում մենք կարող ենք հաղթել միայն միասնական ուժերով, և երբ պարտվում ենք, միասին ենք պարտվում»,- ասել է Եվրահանձնաժողովի նոր նախագահն իր ելույթում:

Ժան-Կլոդ Յունկերը Եվրախորհրդարանում մեծամասնություն կազմող Ժողովրդական կուսակցության անդամ է: Եվրոպական միությունում ամենաերկար կառավարող վարչապետն է եղել: Այսօր Յունկերը խոսել է Եվրամիության առաջիկա խնդիրների ու դրանց լուծումների մասին` նշելով, որ պետք չէ ամեն խնդիր եվրոպականացնել: Եվրոպական միության ամենաազդեցիկ պաշտոնյան իր ելույթը սկսել է ֆրանսերեն, շարունակել գերմաներեն և ավարտել անգլերենով` այդպիսով գործածելով Եվրամիության պաշտոնական լեզուները:

Առաջիկայում կորոշվեն նաև ԵՄ արտաքին գործերի հանձնակատար Քեթրին Էշթոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպույի փոխարինողները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG