Մատչելիության հղումներ

Վերլուծաբանը Սերժ Սարգսյանի հայտարարությունը ուշացած է համարում


Ռիչարդ Կիրակոսյան, արխիվ
Ռիչարդ Կիրակոսյան, արխիվ

Ռիչարդ Կիրակոսյանը ակնհայտ է համարում, որ այս հայտարարությունը կապված է Եվրասիականին Հայաստանի անդամակցության դանդաղեցման հետ:

Վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանն ուշացած է համարում Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ ցավալի է, որ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին:

Այս մասին Սերժ Սարգսյանը հայտարարել էր իր լատինամերիկյան այցի ընթացքում, մասնավորապես՝ արգենտինական Clarin պարբերականին տված հարցազրույցում, Արգենտինայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ:

«Ողջունում եմ այդ հայտարարությունը, բայց այն շատ ուշացած է, - «Ազատության» հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը՝ շարունակելով․ - «Մտահոգությունը միայն այն չէ, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, այլ այն, որ այդ զենքը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ ադրբեջանցիների կողմից»:

Նրա կարծիքով՝ հրադադարի վերջերս հաճախակի դարձած խախտումները ևս դեր են խաղացել, որպեսզի Սարգսյանն այսպիսի հայտարարություն անի:

«Վերջին ամիսներին բավականին մեծ լարվածություն և հարձակումներ ենք նկատում Ադրբեջանի կողմից: Սա կարող է միտում դառնալ, և ամռան ընթացքում կարող ենք սպասել առավել մեծ հարձակումների: Հայաստանն առայժմ ի զորու է պատասխանել Ադրբեջանին, բայց քանի որ Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին սպառազինություն վաճառել, այդ հավասարակշռությունը կարող է խախտվել», - ընդգծեց վերլուծաբանը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այս հայտարարությունը Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ճանապարհին, Կիրակոսյանը նշեց, թե ակնհայտ է, որ այս հայտարարությունը կապված է Հայաստանի՝ հիշյալ միությանն անդամակցության դանդաղեցման հետ:

«Եվ անկեղծ ասած՝ երևի ամոթ է նախագահ Սերժ Սարգսյանի համար, քանի որ նա ցույց էր տվել, որ ուզում է անդամակցել այդ միությանը, մինչդեռ դա ձախողվում է: Իսկ Ռուսաստանի վերջին քայլերը, մասնավորապես՝ Ադրբեջանին սպառազինության վաճառքը Հայաստանի ինքնիշխանությանը հասցված վիրավորանք է», - հայտարարեց վերլուծաբանը:

«Ռուսաստանը նման է Թուրքիային, նա հարգում է միայն ուժը և իրականում Հայաստանի նկատմամբ ավելի մեծ հարգանք պետք է դրսևորի», - ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG