Մատչելիության հղումներ

«Ստվերի դեմ պայքարը իշխանության հերթական բեմականացումն է»


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը գործարարների հետ, 14-ը մայիսի, 2014թ․
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը գործարարների հետ, 14-ը մայիսի, 2014թ․

Տնտեսական մեկնաբանի խոսքով՝ ստվերի «իրավատերը» հենց իշխանությունն է, հետևաբար, եթե իշխանությունը պայքարում է դրա դեմ, ապա ինքն իր դեմ է պայքարում։

«Ստվերի դեմ կառավարության պայքարն ուղղակի բեմականացում է», - «Ազատության» հետ զրույցում այսպես որակեց «Հայկական ժամանակ»-ի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը ամիս առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանի արած այն հայտարարությունը, թե մինչև հուլիսի 1-ը կա՛մ գործարարները սեփական ցանկությամբ կսկսեն աշխատել հավասար դաշտում և դուրս կգան ստվերից, կա՛մ այդ նպատակին հասնելու համար կառավարությունը կօգտագործի իր լծակները։

Հիշեցնեն, որ Աբրահամյանը նման հայտարարություն էր արել մայիսի 14-ին խոշոր գործարարների հետ հանդիպման ժամանակ։ Իսկ անցած ուրբաթ ԴիջիԹեք բիզնես ֆորումին վարչապետը մասնավորապես նշել էլ, որ հուլիսի 1-ից տասնօրյակը մեկ հանրությանը տեղեկացնելու են՝ որ հարկատուն ինչքան հարկ է վճարել, իսկ այն հարկատուները, ովքեր կփորձեն խախտել՝ կառավարությունն իր կոշտ դիրքորոշումը կցուցաբերի։

Գևորգյանի խոսքով ՝ստվերի «իրավատերը» հենց իշխանությունն է, հետևաբար՝ եթե իշխանությունը պայքարում է դրա դեմ, ապա ինքն իր դեմ է պայքարում․ - «Իշխանության վերահսկողության տակ գտնվող բիզնեսը, էն բիզնեսը, որը իշխանությանը ստվերային գումարներ է հա վճարում՝ մուծվում, ինչպես ասում են հայերենում: Այնպես որ, որևէ անակնկալի սպասել պետք չէ, որևէ պայքար չի լինելու, լինելու է շատ մեծ աղմուկ ստվերի դեմ պայքար անունով։ Որևէ ակնկալիք ես, իհարկե, չունեմ»։

Հարցին, թե որն է այս բեմադրության նպատակը, Գևորգյանը պատասխանեց․ - «Եթե մենք լարենք մեր հիշողությունը, ստվերի դեմ պայքարի ալիքների մենք շատ ենք հանդիպել։ Օրինակ՝ հենց վերջին մի քանի տարիների ընթացքում թեկուզև։ Օրինակ, հիշո՞ւմ եք՝ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը իրար հետ որ հանդիպել էին, [նախագահը] ասաց՝ գլխից պետք է բռնել, ու մատներով ցույց տվեց, որ պետք է խոշորի գլխից բռնել՝ դա հենց կոռուպցիայի դեմ պայքարի հերթական ալիքներից էր։ Պայքարը ես ամեն տեղ կվերցնեի չակերտների մեջ»։

Տնտեսական մեկնաբանը վստահ է՝ տասնօրյակը մեկ կառավարությունն իր հաշվետվություններում ցույց է տալու, որ այդ ընթացքում հարկերն ավելացել են, բիզնեսն էլ ստվերից դուրս է եկել։

«Սկզբնական շրջանում, իհարկե, ցուցանիշներ կապահովեն, որևէ խնդիր չկա։ Ես այն ժամանակ էին դեռ կանխատեսնում, որ կլինի եկամուտների որոշակի աճ, բայց դա կլինի սկզբնական շրջանում։ Եկամուտների աճը կլինի գների աճի շնորհիվ, ոչ թե օլիգարխների կամ խոշոր բիզնեսի եկամուտների՝ ստվերային եկամուտների նվազեցման հաշվին, այլ՝ գների աճի հաշվին։ Մեզ երկար սպասել պետք չի, մոտավորապես կեսից մեկ տարվա ընթացքում նույնիսկ պաշտոնական ցուցանիշներով կապացուցվի, որ ստվերը Հայաստանում չի նվազել, իսկ եթե նվազել է՝ չնչին, վատ տոկոսներով», - ասաց Հայկ Գևորգյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG