Մատչելիության հղումներ

«Ժառանգության» անդամը պնդում է, որ ԱԱԾ-ն փորձել է հավաքագրել իրեն


«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանն այսօր դիմել է Գլխավոր դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին՝ նրանց ներկայացնելով հաղորդում հանցագործության մասին:

«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանն այսօր դիմել է Գլխավոր դատախազին և Մարդու իրավունքների պաշտպանին՝ նրանց ներկայացնելով հաղորդում հանցագործության մասին:

Մանուկյանը հաղորդման մեջ նշում է, որ այս տարվա հունիսին Վլադ Հակոբյան անունով ներկայացած անձը, հանդես գալով որպես Ազգային անվտանգության ծառայության աշխատակից, իրեն առաջարկել է համագործակել ԱԱԾ-ի հետ: Մերժում ստանալուց հետո տվյալ անձը սպառնացել է իրեն՝ զգուշացնելով բացասական հետևանքների մասին:

Հրայր Մանուկյանը հանցագործության մասին հաղորդման մեջ նաև տեղեկացնում է, որ Վլադ Հակոբյանը Կրթության նախարար Արմեն Աշոտյանի խորհրդական Նարեկ Արաքսման-Մանուկյանի ընկերն է: Հենց նախարարի խորհրդականն է իրեն ծանոթացրել Վլադի հետ՝ վերջինիս ներկայացնելով որպես ԱԱԾ-ի աշխատակից :

Այսօր «Ազատության» հետ զրույցում «Ժառանգության» անդամը համոզմունք հայտնեց, որ հանդիպումը տվյալ անձի հետ պատահական չի եղել, Աշոտյանի խորհրդականը այն հատուկ է կազմակերպել. - «Ես Նարեկի հետ հանդիպել եմ ուղղակի, հետո «պատահաբար» Վլադն է եկել»:

Հրայր Մանուկյանն ասում է, թե երկու հանդիպումների ընթացքում էլ տվյալ անձը իրեն համոզել է համագործակցել Ազգային անվտանգության հետ, թե կոնկրետ ում մասին և ինչ փաստեր պետք է հավաքեր և փոխանցեր, չի հստակցվել. - «Երկրի ներսի հետ կապված այս պահին չեն կարող ասել, թե ինչ եմ անելու: Դա կասեն, երբ որ համաձայնությունը տամ: Իմ համաձայնությունը չի եղել, այդպես էլ չեմ իմացել»:

Հարցին, թե ինչպես է բացատրում հետաքրքրությունը իր անձի նկատմամբ, Մանուկյանը պատասխանեց. - «Նրանով, որ «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ եմ դարձել»:

Ուժային կառույցների ճնշումների մասին բարձրաձայնում են ոչ միայն քաղաքական ուժի ներկայացուցիչները, այլև քաղաքացիական ակտիվիստները: «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնող խմբի անդամ Վաղինակ Շուշանյանը, ով հուլիսի 1-ին մասնակցել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին և իր դժգոհությունն էր հայտնել հոսանքի թանկացման դեմ, հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն:

«Ազատության» հետ զրույցում Վաղինակը տեղեկացրեց, որ ԱԱԾ-ի գնդապետ ներկայացած անձը փորձել է համոզել իրեն ներկայանալ ծառայություն` այսպես կոչված, զրույցի։

«Ասաց՝ ձեզ հրավիրում ենք մեզ մոտ զրուցելու, ասացի՝ ես չեմ կարող ներկայանալ, մինչև ծանուցագիր չստանամ։ Թե, բա խնդիր չկա վախենալու, ստեղ ոչ մի լուրջ հարց չկա։ Ասացի՝ մինչև ծանուցագիր չլինի, օրինական հիմքով ինձ թուղթ չուղարկվի, թե ինչի համար եմ ես հրավիրվում Ազգային անվտանգություն, ես ոչ մի կերպ չեմ ներկայանա։ Ինքն ինձ պատասխանեց, որ եթե ծանուցագիր ես ուզում, կլինի ծանուցագիրը», - ասաց Վաղինակը։

Հուլիսի 1-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ժամանակ Վաղինակ Շուշանյանը ելույթ էր ունեցել՝ ասելով, թե չի վճարելու թանկացած հոսանքի համար և պատրաստ է գնալ ցանկացած քայլի։

«Էդ չորսը դրամը դո՛ւք չեք տալու, դո՛ւք չեք վճարելու։ Ես ուսանող, հաշմանդամ մայր ու քույր պահողս, հաստատ, էդ չորս դրամը դուք չեք մարսելու։ Ես չեմ տալու էդ փողը։ Պատվո շքանշանով եք պարգևատրվել, պարոն Նազարյան, ազգին արած լավությունների համար, առը ձեզ, ազգի կողմից», - նիստի ժամանակ հրապարակավ հայտարարել էր Վաղինակը։

Երիտասարդ ակտիվիստն ասում է, թե գուցե հենց այս ելույթի պատճառով է ԱԱԾ-ն սկսել իրենով հետաքրքրվել և որոշել են զրույցների միջոցով ճնշում գործադրել իր վրա:

«Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ՝ Վարդան Հարությունյանը նույնպես բարձրաձայնում է ճնշումների մասին: Վերջինիս փոխանցմամբ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ժամանակ կազմակերպած բողոքի ակցիայից հետո, ոստիկանները, տարբեր պատրվակներով այցելում են իրենց խմբի անդամների բնակարաններ:

«Երկու ակտիվիստի տուն էլ են այցելել ոստիկանները ու հետաքրքիրն այն է, որ նույն բանն են ասել, բացառապես տարբեր տարածքում, տարբեր հասցեներում գտնվող մարդկանց՝ «Օպել» մակնիշի մեքենայով վրաերթ է կատարվել, հնարավո՞ր է, որ այդ մեքենան ձեզ է պատկանում։ Դա ուղղակի քաղաքացիներին վախեցնելու, ցույց տալու համար, թե ոստիկանության առկայությունն ամենուր է, որ մենք ձեր գլխին կսարքենք, մենք ձեզ կփակենք», - ասաց Հարությունյանը։

Իրավապաշտան Ավետիք Իշխանյանն «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով ուժային կառույցների գոծելաոճին` նշում է, որ սա նորություն չէ, Ազգային անվտանգությունը միշտ էլ ԿԳԲ-ի գործելաճով է աշխատել՝ փորձելով հավաքագրել մարդկանց և ի րգործակալներին ներդնել կուսակցություններում , հասարակական կազմակերպություններում և ակտիվ խմբերում. - «Չեմ բացառում, որ այսօր քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական շարժումների և ՀԿ-ների մեջ կան գործակալներ: Այստեղ խնդիրն ուրիշ է` ի՞նչ անել: Մանավանդ, որ բացի գործակալներից, այսօր տեխնոլոգիաներն այնքան են զարգացել, որ տանդ կարող ես նստած լինեն, ձեր տան խոսակցությունը լսեն, հեռախոսային բոլոր խոսակցությունները: Էլ չեմ ասում սոցիալական ցանցերը. ուղղակի բաց դաշտ են բոլորին ստուգելու և հետևելու համար: Ես տեսակետից լավագույն սկզբունքը կարող է լինել` հնարավորինս գործել թափանցիկ և բաց»:

Իրավապաշտպանը ցավով արձանագրում է՝ Հայաստանում Ազգային անվտանգությունը ոչ թե պետության, այլ իշխանությունների անվտանգությունն է պաշտպանում, ինչը հատուկ է միայն բռնատիրական երկրներին:

XS
SM
MD
LG