Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները ձերբակալել են Ռուսաստանի 30-ամյա քաղաքացի Ռոման Սելեզնյովին։ Երիտասարդը կասկածվում է համակարգչային խարդախություններ կատարելու, քաղաքացիների կրեդիտ քարտերի անձնական տվյալները գողանալու ու դրանք վաճառելու մեջ։
Ձերբակալված հաքերին ուղարկել են ամերիկյան Գուամ կղզի, որտեղ էլ նրա նկատմամբ մեղադրանք կառաջադրվի։
Bloomberg ամերիկյան լրատվական ծառայության փոխանցմամբ՝ Սելեզնյովը Ռուսաստանի Պետդումայի Լիբերալ դեմոկրատական կուսակցության պատգամավոր Վալերի Սելեզնյովի որդին է ու բնակվում է Մոսկվայում։
Պատգամավորը, սակայն, հերքել է Bloomberg-ի տարածած տեղեկությունները՝ նշելով, որ իր որդին երբեք Մոսկվայում չի բնակվել, նա ծնվել է Վլադիվոստոկում և միշտ էլ բնակվել է այնտեղ։
Bloomberg-ը նաև գրել էր, որ Ռոման Սելեզնյովը ձերբակալվել է Միացյալ Նահանգների տարածքում։ «Բայց ես կարող եմ հստակ ասել, որ իմ որդին չէր կարող Ամերիկայի տարածքում կամ ամերիկյան որևէ կղզում բռնվեր կամ ձերբակալվել»,- ասել է Սելեզնյովը։
РБК լրատվական գործակալության հարցին, թե նա չի փորձե՞լ կապ հաստատել որդու հետ, պատգամավորը պատասխանել է, թե որդին արդեն հասուն մարդ է, 30 տարեկան է, ընտանիք ունի, ինքնուրույն է, և ինքը չգիտի, թե հիմա որտեղ է նա։
Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության ծառայության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ռոման Վալերիի Սելեզնյովը գործել է Track 2 կեղծանվան տակ։ Կոտրել է տարբեր հաստատությունների կայքեր, այդ թվում՝ ռեստորանների ու զվարճանքի այլ կենտրոնների, այդ կայքերից ստացել է կրեդիտ քարտերի տվյալներն ու վաճառել դրանք։
ԱՄՆ-ը Սելեզնյովին հետախուզում է 2011 թվականից, երբ նրա նկատմամբ առաջին մեղադրանքը առաջադրվեց։ Այն ժամանակ երիտասարդը գողացել էր 140 հազար բաժանորդի կրեդիտ քարտի տվյալներ, վաճառել էր համարներն ու այդ կերպ աշխատել 2 միլիոն դոլար։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մանրակրկիտ պարզաբանում է պահանջել Նահանգներից ու կոչ արել գործել Ռուսաստանի քաղաքացու իրավունքների շրջանակներում ու կազմակերպել դեսպանատան աշխատակցի հանդիպումը ձերբակալվածի հետ՝ ընդգծելով, որ միջադեպը գնահատում են Ռուսաստանի նկատմամբ Ամերիկայի ոչ ընկերական վերաբերմունքի արդյունք։
Ավելի ուշ Սելեզնյովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությանշխատակիցները Մալդիվյան կղզիներում գողացել են որդուն ու տեղափոխել Միացյալ Նահանգներ։ Պատգամավորը նշել է, որ որդին չի կարողանում կապվել իրենց հետ, որովհետև «հանցագործները թույլ չեն տալիս»։
«Սա ոչ թե ձերբակալություն է, այլ առևանգում։ Հակառակ պարագայում օրենով կշարժվեին, իսկ նրանք ուղղակի տղայիս գողացել են»,- ասել է պատգամավորը: