Մատչելիության հղումներ

Վոլոդյա Ավետիսյանի գործով նիստը հետաձգվեց անորոշ ժամկետով


Վոլոդյա Ավետիսյանի դատը հետաձգվել է, վճիռը չի հրապարակվել
please wait

No media source currently available

0:00 0:03:18 0:00

Բողոքի ակցիաներ նախաձեռնելուց հետո խարդախության մեղադրանքով կալանավորված պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստն այսօր անորոշ ժամկետով հետաձգվեց դատավոր Լեւոն Ավետիսյանի առողջական վատ վիճակի պատճառով։

Այսօր, հիշեցնենք, նախատեսվում էր հրապարակել դատավճիռը։

Նիստից առաջ դատարանի շենքի առջև բողոքի ակցիա էին անցկացնում Ավետիսյանի համախոհները, ովքեր այս լուրն ավելի շուտ էին իմացել։ Նրանք չէին հավատում դատավորի վատառողջ լինելուն, պնդում էին, թե իշխանությունները այս կերպ ժամանակ են շահում, քանի որ չգիտեն, թե ինչպես հանգուցալուծել Ավետիսյանի դեմ սկսված ճնշումները, ուստի գերադասում են նրան պահել կալանքի տակ։

Արդեն դատական նիստերի դահլիճում քարտուղարը տեղեկացրեց կողմերին դատավորի վատառողջ լինելու ու նիստը անորոշ ժամկետով հետաձգելու մասին։ Ասաց, որ դատավորը որոշել է նաև արձակուրդ գնալ, բայց որպեսզի արագորեն ավարտի դատը, դիմում է հղել դատարանի նախագահին՝ իրեն արձակուրդից հետ կանչելու համար։

Դատավորի վատառողջ լինելու մասին լուրը դատարանի դահլիճում բողոքի ալիք բարձրացրեց։ Թե' պաշտպանը, թե' ազատամարտիկի ընկերները պնդում են, որ դատական նիստի հետաձգումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանությունները ամեն ինչ անում են, որ Ավետիսյանին պահեն կալանքի տակ՝ ազատության մեջ հայտնվելով նա կշարունակի բողոքի ակցիաները։

Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանը լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ սա կարող է լինել ընդամենը պատրվակ. դատավորը ժամանակ է շահում՝ կալանքի տակ ավելի երկար պահելու ազատամարտիկին, միաժամանակ վճռի վերաբերյալ դեռևս վերևից կոնկրետ հրահանգ չի ստացել. - «Անկեղծ ասած` ես չեմ կարծում, որ դատավորն է մտածում` ինչքան տալ-չտալ, որովհետև դատավորին կասեն ինչքան տալ: Չեմ բացառի, որ հնարավոր է, որ ժամանակ շահելու միտում լինի... Բոլոր դեպքերում, ամեն ինչ արվում է, որպեսզի Վոլոդյա Ավետիսյանը հնարավորինս երկար մնա կալանքի տակ»:

«Այսօր Վոլոդյային դատելով, Վոլոդյանին ճնշելով, անազատության մեջ պահելով ֆիզիկապես` իրենք փորձում են հարյուրավոր վոլոդյաներին խոսք հասկացնել: Բայց ես կարծում եմ, որ ուշ թե շուտ այս համակարգից ձերբազատումը մեզ հաջողվելու է», - ասաց Ավետիսյանի մարտական ընկերներից մեկը:

Ավետիսյանն անցած տարվա մայիսից բողոքի ակցաիներ նախաձեռնեց՝ պահանջելով բարեկեցիկ պայմաններ ազատամարտիկների համար, ինչից հետո 4 ամիս անց կալանավորվեց։ Նա չի ընդունում մեղքն ու իրեն համարում է քաղբանտարկյալ:

XS
SM
MD
LG