Մատչելիության հղումներ

ԲՀԿ պատգամավորը՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ձգձգման մասին


«Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Միքայել Մելքումյան, արխիվ
«Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավոր Միքայել Մելքումյան, արխիվ

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետաձգման պատճառները, ըստ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի, քաղաքական ու տնտեսական խնդիրներն են։

«Տնտեսական մասով դա շուրջ, տարբեր տեսակետներով, 900-1200 զգայուն ապրանքատեսակների հետ կապված խնդիրներն են, որ չի լուծվում, այսինքն՝ էդ փոխհատուցումների խնդիր է, և երկրորդ՝ այն, որ Հայաստանին ցույց են տալիս Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ բանակցելու դուռը։ Այսինքն, չէ որ նոր իրավիճակում՝ եվրասիական, մենք պետք է Առևտրի համաշխարհային կազմակերպությունից վերաիմաստավորենք մեր հարաբերությունները, չէ՞, մենք անդամ ենք, և էնտեղ գործում են կանոններ՝ Մաքսային և առևտրի տեխնիկական կանոնակարգի։ Այդ խնդիրը Առևտրի համաշխարհային կազմակերպությունը կոմպենսացիայով չի լուծում, այս հարցը կոմպենսացիայով պետք է լուծի Եվրասիական ապագա միությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մելքումյանը։

Դիտարկմանը, որ ապագա Եվրասիական միությունն էլ չի ուզում հարցը լուծել, Մելքումյանը համաձայնեց։

«Իհարկե, այստեղ խնդիրները տնտեսական բլոկի առումով այնպիսին են, որ շատ լուրջ է Հայաստանի համար՝ 1200 զգայուն ապրանքները շատ լուրջ սպառողական ապրանքներ են և շուկայի վրա կտրուկ ազդեցություն կունենան, շատ բարդ է։ Դրա համար, պետք է այս խնդիրը նայել քաղաքական առումով», - ասաց պատգամավորը՝ շարունակելով․ - «Իհարկե, ես չեմ բացառում, որ, ասենք, հետևյալ պարզունակ բանն ասեմ՝ ասենք, որ Ղազախստան, Բելառուս և Ռուսաստան՝ այնտեղ իրավիճակը փոխվում է, քվորումային, չէ՞»։

Մելքումյանն ընդգծեց, որ Ռուսաստանը այսպես թե այնպես կարող է ստանալ Հայաստանի աջակցությունը, բայց, ըստ պատգամավորի, քաղաքական առումով խնդիրներն ավելի ընկալելի և լուծելի են, քան՝ տնտեսական։

«Հայաստանի նման երկրի համար 1000 զգայուն ապրանքների իրավիճակի փոփոխությունը կարող է շատ բարդ ազդեցություն ունենալ», - նշեց նա։

Դիտարկմանը, թե այստեղ նաև Ադրբեջանի գործոնն է իր ազդեցությունն ունենում, «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորը պատասխանեց. - «Բնական է։ Ադրբեջանը միշտ էլ, անընդհատ պետք է փորձի տարածաշրջանում և կոնկրետ իրավիճակում անընդհատ իր ազդեցությունը ինչ-որ կերպ՝ լինի միջնորդավորված, թե ուղղակի, պիտի ցույց տա։ Միանշանակ տեսնում եմ»:

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետների, դեսպանների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, թե մոտ ապագայում Հայաստանը կդառնա Եվրասիական միության լիարժեք անդամ։ Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովն էլ երեկ հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու համաձայնագիրը կարող է ստորագրվել այս տարվա հոկտեմբերին։ Մինչդեռ մայիսի 29-ին Աստանայի գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել էր մինչև հուլիսի 15-ը վերջնաժամկետ սահմանել պայմանագրի ստորագրման համար։

Նաև հիշեցնենք, որ հենց մայիսի 29-ին Հայաստանի առջև պայման դրվեց միանալ ԵՏՄ-ին ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի։ Սա Եվրասիական միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջ քաշած պայմանն էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG