Մատչելիության հղումներ

Պուտինը «հուսով է», որ մոտ ապագայում Հայաստանը կդառնա Եվրասիականի անդամ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում դիվանագետների հետ հանդիպմանը, Մոսկվա, 1-ը հուլիսի, 2014թ․
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում դիվանագետների հետ հանդիպմանը, Մոսկվա, 1-ը հուլիսի, 2014թ․

Միաժամանակ, Ռուսաստանի նախագահը ընդգծում է, որ «եվրասիական գործընթացի շարժիչ ուժը Ռուսաստան, Բելառուս և Ղազախստան եռյակն է»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուսով է, որ արդեն մոտ ապագայում Հայաստանը կդառնա Եվրասիական միության լիարժեք անդամ։ Նա այդ մասին հայտարարել է երեքշաբթի օրը Ռուսաստանի բարձրաստիճան դիվանագետների, դեսպանների հետ հանդիպման ժամանակ։

«Ռուսաստանն առաջ է տանում ինտեգրացիոն գործընթացները Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) տարածքում։ Եվրասիական գործընթացի շարժիչ ուժը Ռուսաստան, Բելառուս և Ղազախստան եռյակն է։ Եվրասիական միությունն այնքան հրապուրիչ է, որ նրան են ձգտում ԱՊՀ-ի մյուս անդամ երկրները։ Հուսով եմ, որ ամենամոտ ապագայում դրա անդամ կդառնա նաև Հայաստանը», - ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը հավելել է, որ Եվրասիական միությունը բաց է նաև Ռուսաստանի մյուս գործընկերների համար։ Վերջին տասնամյակում գոնե Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնային նպատակն է խորացնել հարաբերությունները ԱՊՀ-ի երկրների հետ, և հենց այս նպատակին է ուղղված Եվրասիական միությունը, որի անդամ է դառնալու շուտով Հայաստանը։

Հիշեցնենք՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ մայիսի 29-ին Աստանայում կայացած ընդլայնված նիստի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խնդրեց «հաստատել մինչև ընթացիկ տարվա հունիսի 15-ը Եվրասիական տնտեսական միության վերաբերյալ պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու վերաբերյալ պայմանագրի ստորագրման ժամկետը»: Այդուհանդերձ, Եվրասիական միության հիմնադիր երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի ղեկավարները և Հայաստանի նախագահը պայմանավորվեցին մնացած հարցերը համաձայնեցնել մինչև հուլիսի 1-ը, իսկ մոտ երկու շաբաթ առաջ էլ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարություններից պարզ դարձավ, որ պայմանագիրը մինչև հուլիսի 3-ը չի ստորագրվելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG