ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը Բաթում քաղաքում հունիսի 26-28-ին մասնակցել է Վրաստանի Պաշտպանության և անվտանգության համաժողովին:
Նախարարության տարածած հաղորդագրությունը տեղեկացնում է, որ համաժողովին մասնակցել են Վրաստանի նախագահը, վարչապետը, խորհրդարանի խոսնակը, պաշտպանության նախարարը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների պաշտպանության նախարարներ, Եվրամիության, միջազգային տարբեր կազմակերպությունների ու գործընկեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ ու դիվանագետներ:
Համաժողովի ընթացքում քննարկվել է միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ. Տոնոյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Մ. Դարչաշվիլիի, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության պլանավորման, քաղաքականության և անվտանգության դեպարտամենտի փոխտնօրեն, փոխծովակալ Պ. Պիրսի, Մեծ Բրիտանիայի միջազգային անվտանգության ռազմավարության նախարար Ա. Մորիսոնի, Ֆրանսիայի ՊՆ պաշտպանական քաղաքականության դեպարտամենտի փոխտնօրեն Պ. Ադամի հետ:
Հանդիպումների հիմնական նպատակն է եղել քննարկել համագործակցության առկա հարցերը, ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելություններին հայ խաղաղապահների ներգրավման խնդիրները, ինչպես նաև նախանշել այն հեռանկարները, որոնք կարող են ի հայտ գալ անվտանգային փոփոխվող ու վերաձևվող միջավայրի պայմաններում: