Մատչելիության հղումներ

Աֆրիկյանների տան հարցով հաղորդում դատախազին


Աֆրիկյանների տունը, արխիվ
Աֆրիկյանների տունը, արխիվ
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը Աֆրիկյաննների տան քանդման փաստով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազին։

Կազմակերպությունն իր հաղորդագրությունում, մասնավորապես, նշել է, որ Աֆրիկյանների տունը որպես հանրապետական նշանակության հուշարձան 2004 թվականին ընդգրկվել է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, սակայն Կառավարության որոշմամբ տարածքը ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ և կառուցապատման իրավունքով տրվել «Դվին» ընկերությանը, որի իրավահաջորդն այժմ «Միլենիում կոնստրակշն» ընկերությունն է: Իսկ վերջինը շինարարության իրավունք ձեռք բերելուց հետո` 2010-ին, քանդել է տան տանիքը:

«Հաշվի առնելով այն, որ Աֆրիկյանների տունը ներառված է տեղափոխման ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում, տեղափոխման պատրվակով տեղի է ունենում պատմամշակութային հուշարձանի քանդում, ինչի մասին է վկայում այն փաստը, որ բացի հուշարձանի ճակատային մասից (իսկ հուշարձանը ամբողջական շենքն է և ոչ թե միայն ճակատը), մնացածն արդեն իսկ քանդվել է, իսկ Հանրապետական նշանակության հուշարձանի քանդումը հակասում ՀՀ օրենքներին», - ասված է հաղորդագրությունում։

Կազմակերպությունը, հղում անելով օրենքի կետերին, նշել է, որ «տվյալ պարագայում առկա է պատմության և մշակույթի հուշարձանը քանդելու (ոչնչացնելու) կամ վնասելու և/կամ անօրինական կերպով տեղափոխելու փաստը», ուստի խնդրել է դատախազությանը հիմք ընդունել հաղորդագրությունում ներկայացրած բոլոր փաստերն ու օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուսումնասիրել դրանք, հարուցել քրեական գործ և բացահայտել հանցագործության կատարման մեջ մեղավոր և հանցագործության կատարմանը նպաստող անձանց, այդ թվում` պետական մարմիններին և պաշտոնատար անձանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG