Մատչելիության հղումներ

Ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ․ ՄԻՊ


Ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ․ ՄԻՊ
please wait

No media source currently available

0:00 0:04:59 0:00

Իսկ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն պնդում է, թե իրավապահները գործել են օրենքի շրջանակներում:

Թեև ոստիկանությունը ծառայողական քննություն է իրականացնում երկուշաբթի Սարյան փողոցում ոստիկանների կողմից իրկանացված գործողությունների շուրջ, այդուամենայնիվ, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն այսօր արդեն հայտարարում է, թե իրավապահները գործել են օրենքի շրջանակներում:

«Երեկվա միջադեպերի հետ կապված, ոստիկանությունը գործել է օրենքի շրջանակներում, ամեն դեպքում կատարվում է ծառայողական քննություն՝ պարզաբանումներ մտցնելու ոստիկանության գործողությունների մեջ: Ուսումնասիրություններ են արվում, ես վաղը պետք է գնահատականներ տամ, բայց կարող եմ լիարժեք Ձեզ հավաստիացնել, որ կտրվի գնահատական: Եթե մեղավորներ լինեն, բնականաբար, օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության կենթարկվեն: Չեմ բացառում, որ ոստիկան մեղավորներ կլինեն», - «Ազատության» հետ զրույցում հայտարարել է Կարապետյանը:

Միջադեպին արձագանքել է մարդու իրավունքների պաշտպանը, ով պնդում է, թե երեկ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառել Սարյան փողոցում տեղի ունեցած ցույցի ժամանակ, որտեղ տասնյակ մարդիկ պայքարում էին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ:

«Ոստիկանի կողմից հասարակական կարգ պահպանելը չի նշանակում ծեծել քաղաքացիներին, իսկ պաշտոնեական պարտականությունները կատարելիս սեփական հույզերով առաջնորդվելը վկայում է ցածր պրոֆեսիոնալիզմի մասին», - հայտարարել է Կարեն Անդրեասյանը՝ ընդգծելով.- «Համարժեք քայլեր ենք ակնկալում հավաքի մասնակիցների վրա անհամաչափ ուժ կիրառած բոլոր ոստիկանների նկատմամբ»:

Քննադատելով ոստիկաններին՝ օմբուդսմենը միաժամանակ անթույլատրելի է որակել որոշ ցուցարարների վարքագիծը, պնդելով, որ մարդու իրավունքի իրացումը չի ենթադրում ամենաթողություն, հակաիրավական պահվածք և անհարգալից վերաբերմունք իրավապահների հանդեպ:

Երեկվա միջադեպին իր ամբողջական գնահատականը Անդրեասյանը խոստանում է տալ ոստիկանության կողմից անհրաժեշտ պաշտոնական պարզաբանումները ստանալուց հետո:

Իրավապաշտպանները մինչդեռ արդեն հայտարարում են, թե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած կառույցն իր ուժն օգտագործում է ակտիվ քաղաքացիներին ճնշելու համար:

«Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից այդ մարդը զբաղված է եղել ակտիվ քաղաքացիներ ճնշելով: Ես մասնավորապես դա կկապեի այն բանի հետ, որ Հայաստանը փորձում է դառնալ Եվրասիական միության անդամ, որտեղ ընդունված են բռնապետական ոստիկանական ճնշման այս մեթոդները»,- ասաց իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանը:

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ակտիվիստներից 27-ը երեկ բերման էին ենթարկվել, 26-ի նկատմամբ ոստիկանությունը վարչական տույժ է կիրառել, մեկի գործով նյութեր են նախապատրաստվում:

Ընդ որում, փաստաբանները պնդում են, որ իրավապահները խոչընդոտել են իրենց, որպեսզի կարողանան իրավաբանական օգնություն տրամադրել բերման ենթարկվածներին: Ավագ Լալայանն ու գործընկերը ոստիկանության բաժանմունք են մտել 40 րոպե շարունակված բանակցություններից հետո միայն:

«Մեզ չէին թողնում բարձրանալ վերև, որ այդ անձինք կարողանային, մեզ հետ խորհրդակցելով, հասկանային իրենց իրավունքներն ինչպես իրացնեն: Որևէ հիմք չասեցին, թե ինչի համար էին 3 ժամից ավելի էնտեղ պահվել [բերման ենթարկվածները]: Բավական լուրջ օրենքի խախտում է, այսինքն, տպավորություն է, որ ոստիկանությունը ցանկացած անձի կարող է բերման ենթարկել, որոշակի ժամանակահատված պահել և առանց որևէ բացատրություն տալու ասել՝ վեր կաց գնա», - ասաց Ավագ Լալայանը:

Հիշեցնենք, որ երեկ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող մի խումբ քաղաքացիներ փորձում էին խաղաղ բողոքի ակցիա անցկացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ: Ոստիկանները նրանցից շուտ էին տեղ հասել ու շրջափակել ողջ Սարյան փողոցը: Ոստիկանական պատը ճեղքողներին իրավապահները մեկ առ մեկ բերման էին ենթարկում, այդ թվում՝ ուժ գործադրելով: Կադրերում երևում է, թե ինչպես են ոստիկանները գետնին տապալում միջին տարիքի մի կնոջ, բռնի ուժ գործադրում ծեր կնոջ և տղամարդկանց նկատմամբ:

Ոստիկանական բաժանմունք տարված առաջին ցուցարարը քաղաքացիական ակտիվիստ Վահան Դուրինյանն էր, ով, ճեղքելով ոստիկանական պատնեշը, եռագույնը ձեռքին փորձել էր մոտենալ հանձնաժողովի շենքին: Դուրինյանն ասում է, որ իրավապահները իր նկատմամբ ուժ են կիրառել նաև ոստիկանական մեքենայում, հետո էլ վարչական տույժ սահմանել, որը նա վճարել չի պատրաստվում:

Հենց Կենտրոնի ոստիկանական բաժանմունքի շենքի բակից բաժանմունք էր տարվել նաև Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Սարգիս Գևորգյանը: Նա նույնպես պնդում է, որ ոստիկաններն իր նկատմամբ ուժ են գործադրել: Այսօր Սարգիս Գևորգյանի մարմնական վնասվածքները զննեց նաև դատաբժիշկը, ով իր եզրակացությունը կներկայացնի ոստիկանությանը:

«Հագցրին ձեռնաշղթաներ, ձեռնաշղթաներից բռնած ձեռքերս ոլորեցին, ու էդպես մինչև Ոստիկանության [շենքի] չորրորդ հարկ տարան: Առաջին հարկ երբ մտանք, գցեցին գետնին, դիտավորյալ ձեռնաշղթաներից բռնած բարձրացրին», - պատմեց Սարգիս Գևորգյանը:

Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերը պատրաստվում են երեկ ցուցարարների նկատմամբ ոստիկանների կողմից գործադրված բռնությունների տեսագրություններն ուղարկել ԵԽԽՎ:

XS
SM
MD
LG