Մատչելիության հղումներ

Ճորտատիրությունը վաղուց ավարտվել է. Թեժ քննարկում ԱԺ-ում կուտակայինի հարցով


Ճորտատիրությունը վաղուց ավարտվել է. Թեժ քննարկում ԱԺ-ում կուտակայինի հարցով
please wait

No media source currently available

0:00 0:05:48 0:00

«Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքի նախագիծը արժանանում է ընդդիմադիրների խիստ քննադատությանը։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր խոստումը չի կատարել, այսօր խորհրդարանում հայտարարեց Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` հիշեցնելով, որ երբ Աբրահամյանը նոր էր նշանակվել վարչապետի պաշտոնում, խոստանում էր, թե «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքը լինելու է պարտադիր, բայց ոչ պարտադրված, ամեն ինչ անելու են, որ օրենքը բխի բոլորի շահերից:

«Ակնհայտ է, որ այս խոստումը չի կատարվել. ես մեջբերեցի հանրապետության վարչապետի «պարտադիր, սակայն ոչ պարտադրված» արտահայտությունը։ Ասեմ, որ այդ արտահայտությունը վերջապես բացվեց այս օրենսդրական նախաձեռնությամբ։ Սա ընդամենը նշանակում է՝ պարտադիր և պարտադրված, և սրա համար դուք հինգ տարի, տասը տարի հետ գոնե ձեր ներսում պատասխան եք տալու»,- ասաց պատգամավորը։

Դաշնակցական պատգամավորը հայտարարեց, որ օրենքի նոր նախագծով ժողովրդին բաժանել են դասերի, մասնավորի և պետականի՝ ստիպելով պետական հատվածում աշխատողներին իրենց գրպանից վճարումներ կատարել.- «Ճորտատիրությունը վաղուց ավարտվել է, ժողովուրդ»,- ասաց նա։

Անդրադառնալով մասնավոր հատվածում աշխատողների համար նախատեսված դրույթին, համաձայն որի դիմում գրելու միջոցով մինչև 2017 թվականը նրանք կարող են հրաժարվել պարտադիր սոցիալական վճարներից, Աղվան Վարդանյանը հարցրեց՝ այդ ո՞ւմ եք ձեռ առնում:

«Մեր ԱԺ-ում առնվազն տասնյակներով բաժնետերեր, սեփականատերեր են, և վաղը նրանց ձեռնարկություններում կամ այն ձեռնարկություններում, որոնք ակնհայտ պետական ազդեցություն ունեն՝ Էլցանցեր, Երկաթուղի, «Գազպրոմ»... դուք հավատո՞ւմ եք, որ այնտեղ մասսայական դիմումներ են գրելու մարդիկ, որ չեն ուզում մասնակցել, կարողանալո՞ւ են գրել»,- հարցրեց Վարդանյանը։

Վարդանյանն ընդգծեց, որ նախագծի այդ ձևակերպումները միտումնավոր է արվել, քանի որ իշխանությունը շատ լավ հասկանում է՝ միայն պետական հատվածի աշխատողների միջոցով իրենց ուզած կրիտիկական զանգվածը և եկամուտները չեն կարող ապահովել:

«Արեք եք, որովհետև հասկանում եք՝ եթե համակարգը մնա 50 հազար հոգու վրա, չի աշխատի, դուք այդ խոստումները չեք տվել կառավարիչներին, ձեզ պետք է 170-200 հազար մարդ, որպեսզի ֆինանսական խնդիրները լուծեք։ Եվ սա համարում եք բարեփոխում»։

Նա նաև զգուշացրեց՝ իշխանության այս պահվածքի արդյունքում շատերը պարզապես թքելու և հեռանալու են երկրից.- «Դուք դեմ եք գնում հանրության առնվազն 90 տոկոսի շահերին հերթական անգամ։ Դուք հասկանո՞ւմ եք՝ ինչ հիասթափություն եք առաջացնելու մեր վաղվա օրվա հիմքը կազմող այդ փայլուն երիտասարդության շրջանում, դուք հասկանո՞ւմ եք, որ շատ-շատերը ուղղակի թքելու են, հեռանան այս երկրից»։

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ընդգծեց՝ այս նախագծով կառավարությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ զբաղված է միմիայն ժողովրդին խաբելով: Զուրաբյանի համոզմամբ՝ Հայաստանում կուտակային ռեֆորմի անցկացումը մարդկանց հավատը կոտրելու յուրահատուկ օրինակ էր.- «Եվ այդ հավատի, այդ դագաղի վրա խփված վերջին մեխը այս օրինագիծն է»։

Զուրաբյանը մանրամասնեց, որ չնայած նախորդ օրենքը հակասահմանադրական ճանաչվեց, Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, եկավ Հովիկ Աբրահամյանն ու հայտարարեց, թե պարտադիրը կասեցված է, բայց իրականում ոչինչ էլ չի փոխվեց։

«Պարտադիր բաղադրիչը ընդամենը փոխել է իր անունը և դարձել նպատակային սոցիալական վճար։ Քաղաքացու տեսակետից ի՞նչ տարբերություն կա՝ իր գրպանից այդ գումարը հանում են սահմանադրական եղանակով, թե ոչ սահմանադրական եղանակով։ Ստացվում է, որ դուք ընդամենը հորինեցիք քաղաքացու գրպանը մտնելու սահմանադրական տարբերակ, սա կարելի է անվանել գրպանահատի գործունեության օրինականացում»,- ասաց Զուրաբյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ է իշխանությունը դեմ գնում համաժողովրդական ընդվզմանը և տարօրինակ համառությամբ մարդկանց վզին է փաթաթում պարտադիր բաղադրիչը, ՀԱԿ խմբակցության ղեկավարը հետևյալ բացատրությունը տվեց.- «Որովհետև Սերժ Սարգսյանը պարտավորություն ունի միջազգային կուտակային հիմնադրամների կազմակերպությունների նկատմամբ, որ ինքը պետք է ապահովի պետական բյուջեից և Հայաստանի քաղաքացիների գրպանից կապիտալի մեծածավալ հոսք դեպի այդ ինստիտուտները։ Եվ սիրելի ժողովուրդ, այդ օրենքի ընդունումով ևս մեկ անգամ հաստատում ենք, որ ի դեմս Սերժ Սարգսյանի ռեժիմի՝ ունենք մի վամպիրի, որից ազատվելը մեր ազգի գոյատևման հիմնական հրամայականն է»։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ հորդորեց քաղաքական մեծամասնությանը փոխել աշխատաոճը և վերջ տալ ինքնասիրահարվածությանը.- «Ի՞նչ եք ուզում մեզանից դուք կամ էս ժողովրդից։ Ես մի անգամ ասել եմ՝ դուք ոչ այդքան խելացի եք, ոչ էլ այդքան սիրուն»։

Կառավարության ներկայացրած նախագիծը քննադատեց նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իրենք նույնպես դեմ են այս նախագծին, և որ այն լուրջ վերափոխման կարիք ունի.- «Մենք դեմ ենք այս տեսքով ռեֆորմի իրականացման»,- ասաց նա։

Քննադատությանը միացավ նաև վերջերս ընդդիմությանը շարքերն անցած «Օրինաց երկիրը»: «Պարտադիր կուտակային բաղադրիչի առկայությամբ նման օրինագիծը մեզ համար ընդունելի չէ»,- խմբակցության անունից հայտարարեց Մհեր Շահգելդյանը։

Այսպիսով խորհրդարանի 5 խմբակցություններն էլ դեմ արտահայտվեցին կառավարության ներկայացրած կուտակային կենսաթոշակների նոր նախագծին՝ սուր քննադատության ենթարկելով իշխանություններին, ինչին մեծամասնություն ունեցող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հակադարձեց՝ օրենքի նախագիծը արժանի է դրական քվեարկության:

Այսպիսով խորհրդարանում այսօր ավարտվեցին այս նախագծի քննարկումները: Վաղը խորհրդարանը շարունակում է իր աշխատանքը, և ամենայն հավանականությամբ հենց շաբաթ օրն էլ նախագիծը կդրվի քվեարկության: Ամեն դեպքում սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն խորհրդարանի խնդրեց նախագիծը հավանության արժանացնել պատեհ պահի:
XS
SM
MD
LG