Մատչելիության հղումներ

Ոչ իշխանական ուժերը կրկին տապալեցին արտահերթ նիստը


Ոչ իշխանական ուժերը կրկին տապալեցին արտահերթ նիստը
please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00
Հինգշաբթի առավոտյան խորհրդարանի արտահերթ նիստը կրկին տապալվեց:

Այս անգամ ոչ իշխանական ուժերը միտումնավոր չգրանցվեցին, ինչի պատճառով քվորում չեղավ: Ընդ որում Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը գրանցման երկու փորձ կատարեց, բայց միևնույն է՝ քվորումի համար անհրաժեշտ 66 ձայնի փոխարեն հազիվ 63 ձայն ապահովվեց:

Մինչ իշխող Հանրապետականը փորձում էր գտնել իր պատգամավորներին, ոչ իշխանական ուժերը վայելում էին իրենց հերթական հաղթանակը մեծամասնության նկատմամբ: Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կատակեց, թե հանրապետականները հիմա ստիպված են լինելու աշխարհի տարբեր ծայրերից իրենց անդամներին բերման ենթարկել.- «Երևի Դուբայից էլ մարդ կբերեն, որպեսզի կարողանան ապահովել քվորումը»։

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան էլ ընդգծեց՝ այլևս էական չէ, թե ինչ ձևով հանրապետականը քվորում կապահովի, կարևորը ընդդիմադիրները իրենց բոյկոտի միջոցով համարժեք պատասխան են տվել հանրապետականներին:

«Միգուցե իրենք իրենց պատգամավորներին քերեն-բերեն, քվորումը ապահովեն, բայց արդեն այս ակցիան, որը այս պահին հաջողվեց, համարում եմ շատ կարևոր և համարժեք պատասխան իրենց փորձերին՝ շրջանցելու հանրությունը և ոտնահարելու Ազգային ժողովի հեղինակությունը»,- ասաց Զուրաբյանը։

Հանրապետականները մինչդեռ պնդում էին՝ ընդդիմությունն իզուր է ուրախանում, միևնույն է՝ չեն կարողանալու ձախողել իրենց աշխատանքները: Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում էր, թե գործընկերները գործուղման մեջ են և մի քանի րոպեից կժամանեն խորհրդարան։

«Գալիս են, ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացեք, ընդդիմությանն էլ ասեք»,- հորդորեց նա։

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նույնպես վստահեցնում էր՝ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, ընդդիմադիրները ընդամենը քաղաքական բոյկոտի են դիմել, ինչը ևս պայքարի միջոց է:

«Պարզապես հարց ընդդիմադիր և ոչ իշխանական ուժերին՝ սիրելիներս, երբ նույն գործիքը կիրառում է քաղաքական մեծամասնությունը, դուք մեզ մեղադրում եք ԱԺ կանոնակարգ օրենքը խախտելու մեջ և ասում եք, որ գրանցվելը պարտադիր է։ Հիմա նույն բանը իրենք են կիրառում։ Թող կողմնորոշվեն՝ իրենք օրենքը խախտել են, թե՝ չէ»,- ասաց նա։

Իսկապես շատ ժամանակ չպահանջվեց, Հանրապետականին հաջողվեց հայտնաբերել իր մի քանի պատգամավորներին և քվորում ապահովել: Ուշագրավ է, որ երբ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ քվորում կա, դահլիճը գրեթե դատարկ էր:

«Հարգելի պատգամավորներ, քվորում ունենք, խնդրում եմ՝ գաք դահլիճ։ Նաև ասեմ՝ մի քանի րոպեի համար այդքան ջանքեր պետք չէին»։

Տեղի ունեցածը կարծես անակնկալ էր ընդդիմության համար, նրանք արդեն դահլիճում փորձում էին հասկանալ, թե ինչպես հաջողվեց Հանրապետականին քվորում ապահովել: Ոչ իշխանականների քննարկումները դուր չեկան Գալուստ Սահակյանին:

«Դրսում կարող եք խորհրդակցել»,- առաջարկեց նա։

Ավելի ուշ ընդդիմադիրները պարզեցին, որ այնուամենայնիվ, չորս հանրապետականի հաջողվել է խորհրդարան բերել. նրանց մեջ էին Արթուր Գևորգյանը, Արման Սահակյանը, Կորյուն Նահապետյանը, և հենց նրանց գրանցման արդյունքում էլ քվորումն ապահովվեց:

Ի դեպ, գրանցման ամփոփաթերթիկն ուսումնասիրելիս ընդդիմադիրները նաև հայտնաբերել էին, որ նախապես գրանցվածների մեջ նաև ընդդիմադիր պատգամավոր կա:

Աղվան Վարդանյանը, ում ձեռքին էր գրանցվածների ցուցակը, չցանկացավ կոնկրետ անուն հնչեցնել, սակայն հետո պարզ դարձավ, որ ընդդիմության թևից միակ գրանցվածը «Ժառանգություն»-ից դուրս եկած Խաչատուր Քոքոբելյանն է։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ի վերջո չթաքցրեց՝ հանրապետականներից բացի միակ գրանցված պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էր:

«Իհարկե, իշխանությունը աշխատում է ոմանց վրա, որպեսզի կարողանա քվորում ապահովել, որակ չէ, քվորում ապահովելու մասին է խոսքը»,- ասաց Հակոբյանը։

Ոչ իշխանական պատգամավորների՝ նիստը տապալելու քայլը խիստ վրդովեցրել էր իշխող ՀՀԿ-ին։ Դա իր ելույթում չթաքցրեց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Նա նշեց, թե նիստը տապալելու անհաջող փորձից հետո ընդդիմությունը հայտնվել է «խղճալի վիճակում»։

«Բոլորը հերթ են կանգնել, որ Ազգային ժողովի նախագահին խնդրեն՝ թույլ տա իրենք գրանցվեն, և Ազգային ժողովի նախագահը բավականին մեծահոգի է, օրինակ, ես թույլ չէի տա, որ գրանցվեին։ Գրանցվելուց հետո էլ խնդրում են հարցի իրավունք։ Դա էլ թույլ տվեցին»,- ասաց Բաղդասարյանը։

Հանրապետական խմբակցկության ղեկավարը հորդորեց ոչ իշխանական ուժերին դադարեցնել «ընդդիմության կոչումը ձեռք բերելու համար սկսված մրցավազքը»։

«Ինչքան էլ մրցույթի մեջ մտնեք, դուք չեք կարող ընդդիմություն դառնալ, ընդդիմությունը այսպես չի լինում։ Դուք կարող եք հայհոյողներ, վարկաբեկողներ դառնալ, բայց այս պահվածքով ընդդիմություն չեք կարող դառնալ»,- ասաց նա։

Բաղդասարյանը չշրջանցեց նաև ընդդիմության ներկայացրած 12 պահանջները։ Նրա համոզմամբ՝ ընդդիմությանը սարսափեցրել է իրենց այն հայտարարությունը, թե իշխանությունը պատրաստ է քննարկել այդ պահանջները։ Հանրապետական խմբակցության ղեկավարը հայտարարեց, թե ընդդիմադիրներն այժմ ամեն ինչ անում են այդ քննարկումները ձախողելու համար։

«Հարգելի ընդդիմություն, եթե դուք փորձում եք ձախողելու, վայրահաչելու, կեղտոտելու միջոցով գալ իշխանության, մեկ անգամ ևս ասում եմ՝ դա ձեզ չի հաջողվելու»,- հայտարարեց Բաղդասարյանը։
XS
SM
MD
LG