Մատչելիության հղումներ

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրման ամսաթիվը դեռ հայտնի չէ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը զրուցում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, Աստանա, 29-ը մայիսի, 2014
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը զրուցում է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, Աստանա, 29-ը մայիսի, 2014
Այսօր Երևանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդօրինակմանը վերաբերող միջոցառմանը մասնակցող էկոնոմիկայի փոխնախարար Գառնիկ Բադալյանի խոսքերից պարզ դարձավ, որ մինչ օրս հայտնի չէ՝ ե՞րբ է նախատեսված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի ստորագրումը:

Բարձրաստիճան պաշտոնյան ասաց, թե ինքը տեղյակ չէ, դեռ ավելին՝ նշեց, որ «պայմանագրի ստորագրումը նախատեսվում էր հունիսին», ինչից կարելի է ենթադրել, որ փաստաթուղթը հունիսին նույնպես չի ստորագրվի:

Հիշեցնենք՝ մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը խնդրեց մինչև հունիսի 15-ը ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, սակայն խորհրդի՝ ավելի ուշ հրապարակված որոշման մեջ սոսկ ասված է, որ մինչև հուլիսի 1-ը պետք է պատրաստ լինի այդ պայմանագիրը, սակայն այն ե՞րբ է ստորագրվելու, ոչ մի խոսք:

«Պայմանագրի ստորագրումը հունիսին էր նախատեսվում... ես հիմնական բանակցող չեմ, չեմ մասնակցում բանակցություններին, բայց մի բան ակնհայտ է, որ 2015 թվականի հունվարի 1-ից մեզ վերաբերող մասով մենք ունենք մեծ աշխատանքներ և տեխնիկական կանոնակարգարերը արդեն պիտի գործեն։ Ես չեմ կարող հստակ ժամկետ ասել, բանակցային գործընթացին անձամբ չեմ մասնակցում»,- «Ազատությանը» փոխանցեց էկոնոմիկայի փոխնախարարը։
XS
SM
MD
LG