Մատչելիության հղումներ

Քառյակի պահանջները քննադատության թիրախում


Քառյակի պահանջները քննադատության թիրախում
please wait

No media source currently available

0:00 0:04:04 0:00

Քառյակի պահանջները քննադատության թիրախում

ՀԱԿ-ի խոսնակն ասում է՝ փաստաթուղթը չորս ոչ իշխանական ուժերի փոխզիջումների արդյունք է, իրենք ավելի կոշտ դիրքորոշումների կողմնակից են եղել։

«Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերի 12 պահանջների շարքում տեղ են գտել այն կետերը, որոնց շուրջ քառյակի ուժերը եկե՛լ են համաձայնության»,- ասում է Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ու պնդում, որ եթե դրանք լինեին միայն ՀԱԿ-ի պահանջները, այլ կլինեին։

«Այլ կլինեին, որովհետև այդ փաստաթուղթը չորս ոչ իշխանական ուժերի փոխզիջումների արդյունք է։ Մենք շատ ավելի կոշտ դիրքորոշումների կողմնակից ենք եղել, բայց առաջնահերթ ենք համարել այս ռեժիմի դեմ միասնական ճակատի ապահովումն ու անհրաժեշտ ենք գտել այդ փոխզիջումային լուծմանը գնալ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Մուսինյանը։

Դիտարկմանը, թե կարծիք կա, որ իշխանափոխության ու արտաքին հարաբերություններին վերաբերող պահանջները դուրս են մնացել փաստաթղթից, որովհետև դրանց շուրջ քառյակում միակարծիք չեն, Մուսինյանը պատասխանեց.- «Այդտեղ որևէ աննորմալ բան չկա։ Չորս կուսակցությունները տարբեր հարցերում կարող են ունենալ տարբեր դիրքորոշումներ»։

Ըստ ՀԱԿ-ի խոսնակի՝ այս պահանջները հասարակության լայն զանգվածների շահերից բխող կետեր են, և եթե կառավարությունը կատարի դրանք, խնդիրների մի լուրջ փաթեթ կլուծվի։

«Եթե իշխանությունը անտեսի այդ պահանջները, ապա ընդդիմությունը էապես կկոշտացնի և գործընթացները կուղղորդի ավելի արմատական հուն»,- ասաց Մուսինյանը՝ պատասխանելով հարցին, թե համատեղ հանրահավաքից բացի ի՞նչ կանի քառյակը, եթե կառավարությունը չկատարի այդ պահանջները։

«Ժառանգության» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը քննադատաբար է մոտենում ներկայացված փաթեթին՝ պնդելով, որ հասարակությունը չորս ուժերից ակնկալում է այլ խնդրի լուծում։

«Հասարակությունը հստակ շարադրում է պահանջ, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է միավորվեն ու իրականացնեն համակարգային իշխանափոխություն, մինչդեռ մենք չենք տեսնում նման մի պահանջ հրապարակված 12 կետերում։ Տպավորություն է, որ ասում ենք, որ շատ վատ է, որ թալան է տեղի ունենում, բայց ժողովուրդ, սպասեք մինչև աշուն, մենք կվերադառնանք, կլսենք իշխանության պահանջը, հետո կորոշենք իշխանափոխություն անենք թե ոչ»։

Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ եթե նշված պահանջները իշխանությունները կատարեն, երկրի վիճակը դրանից չի փոխվելու։ Բացի այդ, նա կարծում է, որ եթե ներկայացված 12 կետերը առավելագույնն է, ինչի շուրջ քառյակը կարող է պայմանավորվել, ապա նրանք ազնիվ կլինեն, եթե ասեն, որ իրենց համատեղ օրակարգում չկա իշխանափոխության հարց և համագործակցում են միայն նեղ խնդիրների շուրջ։

Առանձին-առանձին անդրադառնալով 12 պահանջներին՝ Սաֆարյանն ասում է, որ կետեր կան, որոնք «մեղմ ասած, այնքան էլ հիմնավոր չեն»։ Ըստ նրա՝ օրինակ, իմաստ չուներ անդրադառնալ հանրային տրանսպորտի գնին, որովհետև այդ հարցն արդեն լուծվել է, հարկ չկար անդրադառնալ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչին, որովհետև «Դեմ եմ» նախաձեռնությունն արդեն իսկ շատ արդյունավետ զբաղվում է այդ հարցով։

Իսկ 12-րդ կետը, որով 4 ուժերը պահանջում են չստորագրել Հայաստանի և ԼՂՀ-ի միջև եղած միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն ենթադրող միջազգային համաձայնագիր, Սաֆարյանը համարում է «Ժառանգության» դիրքորոշմանը հակասող։

««Ժառանգությունը» այդպիսի պահանջ չէ, որ դնում է։ «Ժառանգությունը» վերջերս հանդես եկավ պահանջով, որ Հայաստանի իշխանությունը ետ կանգնի Հայաստանը Եվրասիական միության տանելու արկածախնդրությունից»,- ասաց Սաֆարյանը։
XS
SM
MD
LG