Մատչելիության հղումներ

​Օբաման Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսության կոչ է արել


Բելգիա -- Մեծ Բրիտանիայի վարչապետն ու ԱՄՆ-ի նախագահը «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին հետևած ասուլիսում։
Բելգիա -- Մեծ Բրիտանիայի վարչապետն ու ԱՄՆ-ի նախագահը «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին հետևած ասուլիսում։

Բրյուսելում ավարտվել է «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի իշխանություններին կոչ է արել օգտագործել Ուկրաինայի ընտրությունների հնարավորությունը և երկխոսություն սկսել նորընտիր նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ։

Օբաման նաև հայտարարեց, որ պատրաստ են նոր սահմանափակումներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե վերջինս շարունակի ապակայունացնել իրավիճակը Ուկրաինայի արևելքում:

«Միջազգային հանրությունը երկու, երեք, չորս շաբաթ կհետևի, թե ինչ է անում Ռուսաստանի նախագահը Ուկրաինայի հանդեպ կուրսը փոխելու համար։ Եթե նույն կուրսը շարունակվի, Ռուսաստանը ավելի բարձր գին կվճարի»,- զգուշացրեց ԱՄՆ-ի նախագահը:

Օբամայի հետ համատեղ ասուլիսում Մեծ Բրիտանիայի վարչապետը իր հերթին հայտարարեց, որ ստատուս քվոն անընդունելի է։

«Ուկրաինայի շարունակվող ապակայունացմանը պետք է վերջ տրվի: Ռուսաստանի նախագահը պետք է ճանաչի նախագահ Պորոշենկոյի օրինական ընտրությունը, պետք է վերջ տալ զենքի անցկացումը սահմանից ներս դեպի Ուկրաինա, պետք է վերջ տա Ռուսաստանի աջակցությանը անջատական խմբերին: Եթե սրանք չկատարվեն, կհետևեն պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ»,- ասաց Դեյվիդ Քեմերոնը։

Գագաթնաժողովի փակմանը Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարեց, որ «Մեծ յոթնյակը» միասնաբար Ուկրաինայի հետ է՝ թե քաղաքականապես, թե տնտեսապես:

«Մենք հստակ հայտարարում ենք, որ կանգնած ենք Ուկրաինայի քաղաքացիների կողքին, որոնք ցանկանում են ապրել ինքնիշխան, ազատ, ժողովրդավարական և բարգավաճ երկրում»,- ասաց Բարոզուն՝ հավելելով, որ «Մեծ յոթնյակի» առաջնորդները այս մեսիջը փոխանցելու են Պուտինին վաղը Ֆրանսիայում կայանալիք միջոցառման ժամանակ։
XS
SM
MD
LG