Մատչելիության հղումներ

ԼՂ արտգործնախարարը վստահեցնում է՝ Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսակետ չի լինի


Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյան
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյան
Տարածաշրջանային այցի շրջանակներում Երևանում գտնվող Շվեյցարիայի նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերը «Մարիոթ» հյուրանոցում հանդիպեց Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Հանդիպումից հետո Սահակյանը չցանկացավ խոսել, փոխարենը լրագրողների հարցերին պատասխանեց Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանը: Վերջինս նշեց, թե հանդիպման ընթացքում ներկայացրել են իրենց հայտնի տեսակետները, մասնավորապես, որ բանակցային գործընթացում ռեալ առաջընթացի հասնելու համար պետք է վերականգնել Ղարաբաղի մասնակցությունը:

«Մենք խոսել ենք այն մասին, որ Ղարաբաղը պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի շփման գծում լարվածությունը վերացվի՝ դա գնահատելով կարևորագույն պայման բանակցությունները առաջ տանելու համար։ Գոնե փոխվստահություն ստեղծենք կողմերի միջև, ինչը կարևոր պայման է բանակցությունները առաջ տանելու համար»,- ասաց Ղարաբաղի արտգործնախարարը։

Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ինչպե՞ս է Լեռնային Ղարաբաղը գնահատում Աստանայում Նազարբաևի հնչեցրած նախապայմանները, այն, որ Հայաստանը պետք է անդամակցի Եվրասիական տնտեսական միությանն առանց Լեռնային Ղարաբաղի, Կարեն Միրզոյանը վստահեցրեց.- «Մաքսային անցակետ սահմանում չի լինելու»։

Նշենք, որ Աստանայում հնչեցված հայտարարություններին այսօր արձագանքել է նաև Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը Վիկտոր Սողոմոնյանը: Yerkir.am-ին նա փոխանցել է, թե որևէ միջազգային կազմակերպության անդամակցելը չի կարող արդարացնել Հայաստանի և Արցախի միջև պատնեշների ստեղծումը:

Սողոմոնյանը արձագանքել է նաև Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ:

«Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է կազմում, ինչի վերջնական իրավական ամրագրմանը պետք է ձգտենք բոլորս»,- Քոչարյանի կարծիքը փոխանցել է Սողոմոնյանը:

Հաշվի առնելով այս հարցում Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների դիրքորոշումների տարբերությունները՝ Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանին հարցրեցինք՝ Ղարաբաղը ի վերջո Հայաստանի մա՞ս է, թե՝ ոչ:

«1991 թվականին Ղարաբաղը հռչակել է իր անկախությունը և ցայսօր գործում է որպես անկախ պետություն։ Եվ ղարաբաղյան հարցի կարգավորումը կայանում է նրանում, որ հասնենք Ղարաբաղի միջազգային ճանաչմանը»,- ասաց Միրզոյանը։
XS
SM
MD
LG