Մատչելիության հղումներ

«Հարսնաքարի» գործ․ ամբաստանյալների պաշտպանները դժգոհում են տուժողներից


Ամբաստանյալների պաշտպանները դժգոհում են տուժողներից
please wait

No media source currently available

0:00 0:01:46 0:00
«Հարսնաքարի գործով այսօր իրենց վերաքննիչ բողոքները ներկայացրին ամբաստանյալներ Նորայր Հայրապետյանի և Դավիթ Ադամյանի պաշտպանները:

Նորայր Հայրապետյանն այն ամբաստանյալն է, որը համաներում հայտարարելու մասին Ազգային ժողովի որոշումից հետո՝ հունվարին ստանձնել էր Վահե Ավետյանին հարվածելու պատասխանատվությունը: Ավետյանը 2012 թվականի հունիսի 12-ին «Հարսնաքարում» տեղի ունեցած ծեծից 12 օր անց մահացել էր հիվանդանոցում:

Նորայր Հայրապետյանը առաջին ատյանի դատարանում այսպիսի «ինքնախոստովանական» ցուցմունք էր տվել.- «Տղա եմ, փորձանքի մեջ եմ ընկել, խփել եմ այդ տղային (Վահե Ավետյանին), վնասվածք է ստացել, ի՞նչ կարիք կա՝ այսքան․․․ այս ի՞նչ է դառել, հոգնել ենք արդեն այս վիճակից․․․ Նույն բանը ռինգում էլ է լինում, մրցումների ժամանակ խփում են, գլուխդ կպնում է գետնին, մեռնում է: Հիմա այդ սպորտսմենը ի՞նչ անի։ Հանցագործություն եմ արել, ես չեմ խուսափում, բայց ինչո՞ւ 13 տարի»:

Նորայր Հայրապետյանն այսօր ընդամենն ասաց, թե միանում է պաշտպանի ներկայացրած պնդումներին: Իսկ պաշտպան Երեմ Սարգսյանը, գնահատելով Նորայր Հայրապետյանի այս ցուցմունքը, հարցադրում հնչեցրեց՝ մի՞թե դա զղջում չէր։

Ավետյանին ծեծելու պատասխանատվությունը ստանձնած Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը մեղադրական տոնայնությամբ խոսեց տուժող կողմի հասցեին: Նրանց ցուցմունքները որակեց «ենթադրություն», սակայն իր պաշտպանյալի մեղքն ապացուցված չհամարելու պնդումը փորձեց հիմնավորել տուժողների որոշ ցուցմունքներով:

Հայրապետյանի պաշտպանը դատարանից խնդրեց բեկանել դատավճիռը, Հայրապետյանին մեղավոր ճանաչել անզգուշությամբ տուժողի մահն առաջացնելու մեջ, որը ենթադրում է 5-10 տարվա ազատազրկում, ինչպես նաև մեղավոր ճանաչել զինվորական բժիշկ Գարիկ Սողոմոնյանին ծեծելու համար, որը նախատեսում է առավելագույնը 2-ամսյա կալանք:

Իր վերաքննիչ բողոքը ներկայացնելով՝ ամբաստանյալ, «Հարսնաքարում» դեպքի ժամանակ որպես մատուցող աշխատած Դավիթ Ադամյանի պաշտպանությունը ստանձնած Մարինե Թովմասյանն այսօր ևս չզլացավ ողջ մեղքը բարդել տուժող կողմի, հատկապես մահացած Վահե Ավետյանի վրա: Նա վերաքննիչից պահանջեց բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը, ճանաչել մյուս ամբաստանյալների նման 12 տարվա ազատազրկման դատապարտված Դավիթ Ադամյանի անմեղությունը, իսկ եթե դատարանն ապացուցված համարի, որ Ադամյանը հարվածել է Վահե Ավետյանի դեմքին, նրան դատապարտել մեղմ պատժի:

«Հարսնաքարի» «փուշը»

Այսօրվա դատական նիստի ընդմիջմանն ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մայրը՝ Նունե Մարգարյանը դատարանի բակում աղաղակում էր՝ դժգոհելով գլխավոր դատախազության տեղեկատվությունից, ըստ որի՝ առաջին ատյանի դատարանում դատավճռի հրապարակման ժամանակ դրսևորած անհարգալից վերաբերմունքի հետևանքով հարուցվել է քրեական գործ, իսկ ամբաստանյալի մոր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու ստորագրությունը:

Գարիկ Մարգարյանի մայրն աղաղակում էր՝ դժգոհելով նաև Վահե Ավետյանի մահվան համար պատասխանատվություն պահանջողներից։

«Փուշ է դարձել, մնացել է կոկորդները «Հարսնաքարը», չեն կարում կուլ տան։ Նկարի, նկարի, լավ նկարի, որ էսօր գրես սայթերով մեկ»,- գոռում էր Նունե Մարգարյանը։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 6-ին:
XS
SM
MD
LG