Մատչելիության հղումներ

Վերաքննիչ դատարանում սկսվեց «Հարսնաքարի» գործի քննությունը


«Հարսնաքարի» գործի քննությունը սկսվեց վերաքննիչ դատարանում
please wait

No media source currently available

0:00 0:02:59 0:00

«Հարսնաքարի» գործի քննությունը սկսվեց վերաքննիչ դատարանում

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր սկսեց «Հարսնաքարի» գործով վերաքննիչ բողոքների քննությունը:

Տուժող կողմը պնդում է, որ զինվորական բժիշկ Վահե Ավետյանին մահվան հասցնելու մեջ մեղադրվող 6 ամբաստանյալներին 12-ական տարվա ազատազրկման դատապարտելու դատավճիռը մեղմ է, քանի որ նրանց պետք էր դատապարտել սպանության համար և ավելի խիստ պատժ նշանակել: Իսկ ամբաստանյալներն ու նրանց ներկայացուցիչները շարունակում են հայտարարել, թե առաջին ատյանի դատավճիռը խիստ է:

Այսօր դատավոր Սերգեյ Չիչոյանի նախագահությամբ (դատավորներ Եվա Դարբինյան, Գագիկ Ավետիսյան) Վերաքննիչ դատարանը սկսեց լսել նախ ամբաստանյալների պաշտպանների բողոքները: Իր բողոքը փորձեց հիմնավորել ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպանը: Գարիկ Մարգարյանը համաներման մասին Ազգային ժողովի որոշումից հետո զինվորական բժիշկ Արտակ Բայադյանին հարվածելու պատասխանատվություն ստանձնած ամբաստանյալն է:

Վերջինիս պաշտպանը, շարունակելով առաջին ատյանի դատարանում դրսևորած վերաբերմունքը տուժող կողմի նկատմամբ, մեղադրական տոնայնությամբ խոսեց «Հարսնաքարում» տեղի ունեցածից մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանի և մյուս տուժողների հասցեին: Պաշտպանն իր խոսքի տարբեր հատվածներում պնդում էր, օրինակ, թե տուժողները ոգելից խմիչքի ազդեցության տակ են եղել: Մինչդեռ այս գործով քննության ժամանակ դատախազության ներկայացուցիչը կտրուկ հերքել էր այդ պնդումները:

Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանն այսօր հանդես եկավ շատերի համար անսպասելի մի հայտարարությամբ այն մասին, թե ինչու հանկարծ ամբաստանյալներից երեքը ստանձնեցին տուժողներից երեքին հարվածելու պատասխանատվությունը։

«Ամբաստանյալները սպասեցին, տեսնեն, թե մեղադրանքի կողմը ի վերջո որ ապացույցով ի՞նչ հիմնավորեց, որ իրենց 12 տարվա ազատազրկման դատապարտեցին։ Սխալի բացահայտում իրականացրեցին ամբաստանյալները դատարանում»,- հայտարարեց պաշտպանը։

«Հարսնաքարի» գործով դատավարության ընթացքում ամբաստանյալներից որևէ մեկը զղջման որևէ խոսքով հանդես չէր եկել, չէր ընդունել մեղադրանքը: Համաներման որոշումից հետո ստանձնելով տուժողներից երեքին հարվածելու պատասխանատվությունը՝ նույնպես չէին դրսևորել զղջացողի վարքագիծ:
Մարգարյանի պաշտպանը դատարանից խնդրեց բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ Մարգարյանին մեղավոր ճանաչել Արտակ Բայադյանին ծեծելու համար, որն, ի դեպ, ենթադրում է մեղմ պատիժ:

Ուշագրավ է, որ բացի Գարիկ Մարգարյանի պաշտպանից, մյուս ամբաստանյալների պաշտպանները ևս նշելով, թե իրենց պաշտպանյալների մեղքը դատարանում չի ապացուցվել, որպես մեղմացնող հանգամանք՝ վկայակոչում էին նրանց ինքնախոստովանական ցուցմունքները:

Ամբաստանյալ Արթուր Բաբլոյանի պաշտպանը փորձում էր համոզել, թե իր պաշտպանյալն անմեղ է: Վերջինս առաջին ատյանի դատարանում ցուցմունք էր տվել՝ ստանձնելով զինվորական բժիշկ Գարիկ Սողոմոնյանին հարվածելու պատասխանատվությունը: Բաբլոյանի պաշտպանի պահանջն էր՝ բեկանել դատավճիռը, կիրառել համաներում, Բաբլոյանի մասով կարճել քրեական գործի վարույթը կամ նշանակել մեղմ պատիժ, այն պայմանականորեն չկիրառել:

Ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպանի ևս դատարանից խնդրեց բեկանել դատավճիռը։ Փաստաբանի պահանջների ցանկը չսահմանափակվեց․ նա խնդրեց, որ եթե Վերաքննիչը ևս համարի, որ Բաղդասարյանը ենթակա է ազատազրկման, ապա այդ դեպքում նրան, ըստ պաշտպանի, պետք է դատապարտել օրենքով նախատեսված պատժաչափից ավելի մեղմ պատժի՝ պայմանականորեն չկիրառելով այն:

Մյուս ամբաստանյալների պահանջները թերևս հայտնի կդառնան հաջորդ նիստին:
Հավելենք, որ ի տարբերություն առաջին ատյանի դատարանում ամբաստանյալների հարազատների դրսևորած պահվածքին, այսօր նկատելի էր վերջիններիս վարքագծի փոփոխություն: Հիշեցնենք, ոստիկանությունը հարուցել է քրեական գործ առաջին ատյանի դատարանում դատավճռի հրապարակման ժամանակ ամբաստանյալների հարազատների՝ դատարանի նկատմամբ դրսևորած անհարգալից վերաբերմունքի փաստով: Որպես խափանման միջոց բնակավայրից չհեռանալու ստորագրություն է ընտրվել ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի մոր նկատմամբ։ Վերջինս այսօր ընդամենը մեկ նկատողություն ստացավ դատավորից՝ նիստի ժամանակ ծիծաղելու համար:

Վերաքննիչ բողոքների քննությունը կշարունակվի հունիսի 3-ին:
XS
SM
MD
LG