Մատչելիության հղումներ

Տնօրենների պնդմամբ՝ մանկավարժներն ինքնակամ են միանում պարտադիրին


Բողոքի ակցիա ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, արխիվ
Բողոքի ակցիա ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի, արխիվ

Ջոն Կիրակոսյանի անվան հիմնական դպրոցի հոգեբան Սոֆյա Հովսեփյանի այս ամիս էլ աշխատավարձը պահումներով է ստացել, չնայած օրեր առաջ դիմում էր ներկայացրել տնօրինությանը և պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի փոփոխությունների համաձայն հրաժարվել նոր համակարգից:

Հովսեփյանն ասում է՝ դպրոցի տնօրենը ըմբռնումով է մոտենում ուսուցիչների որոշմանը և ընդունում է նրանց դիմումները, սակայն պահումներ չկատարելու համար պետք է ունենան քաղաքապետարանի հրահանգը։

Շրջեցինք Երևանի մի քանի դպրոցներով: Տնօրենները խուսափում էին տեսախցիկից, հավաստիացնում էին, որ իրենք որևէ մեկի նկատմամբ ճնշում չեն գործադրում, ուսուցիչներն իրենք են հրաժարվում դիմում գրել և ինքնակամ են համաձայնում, որ աշխատավարձից պահումներ կատարվեն՝ ֆոնդերին փոխանցելու համար:

Թիվ 115 ավագ դպրոցում, օրինակ, պարտադիր կուտակայինից մոտ 10 ուսուցիչներից որևէ մեկը մինչ օրս չի հրաժարվել: Նոր համակարգից գոհ է նաև տնօրենը՝ 1974 թվականից հետո ծնված Գոհար Անտոնյանը:

Ի տարբերություն մեր այցելած դպրոցների, որտեղ տնօրենների խոսքով պարտադիրից հրաժարվելու ոչ մի դիմում չի ստացվել, առավել ազատ դիրքորոշմամբ հայտնի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում դիմում է ներկայացրել 180 աշխատակից: Դիմումներն ընդունվել են և պահումներ չեն կատարվում: Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը հորդորեց ոչ միայն իր կրթահամալիրի, այլև հարևան դպրոցների ուսուցիչներին պայքարել սեփական իրավունքների համար:

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ում ենթակայության տակ են գտնվում Երևանի հիմնական դպրոցները, զարմացավ տնօրենների վրա ճնշում գործադրելու մասին տեղեկատվությունը լսելիս և բացառեց դրանք:
XS
SM
MD
LG