Մատչելիության հղումներ

Նախագահի հրավերը «ավելի շատ մարտահրավեր է»


Սերժ Սարգսյանի հրավերն «ուղղված է հայ-թուրքական հարաբերությունների լավացմանը»
please wait

No media source currently available

0:00 0:03:44 0:00
«Սա ավելի շատ մարտահրավեր է, քան հրավեր: Այդպիսով Երևանի կողմից ձեռնոց է նետված Անկարային», - Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու մասին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Շատ վստահ չեմ, որ Անկարան ոչ միայն կվերցնի այդ ձեռնոցը, այլ շատ հավանաբար նույնիսկ փորձի անտեսել: Ինչը ևս, կարծում եմ, կծառային այն նպատակին, ինչի համար նախագահը դա ասեց: Այսինքն այն, որ Թուրքիան դարձյալ կերևա որպես ժխտողական քաղաքականությունը շարունակող և Հայաստանի ու հայության նկատմամբ թշնամական վերաբերմունք ունեցող պետություն», - հավելեց Մանոյանը:

Երեքշաբթի օրը ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում՝ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասելէր.- «Եթե Թուրքիայի իշխանություններին հետաքրքրում է ճշմարտությունը, ուրեմն նրանք պետք է գան Հայաստան և ապրիլի 24-ին լինեն հայ ժողովրդի կողքին: Չեմ կարծում, թե դրանից հետո նրանք արխիվներ այցելելու մասին միտք հնչեցնել կկարողանան: Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»:
Դաշնակցական գործիչը համոզված է, որ Սերժ Սարգսյանն իր այդ քայլով ճիշտ ճնշում է բանեցնում Թուրքիայի վրա, որը պետք է արվի նաև այլ երկրների միջոցով:

Կիրո Մանոյանը նաև վստահ է, որ միջազգային հանրությունը «ի գիտություն» կընդունի Հայաստանի նախագահի հայտարարությունը. - «Բայց ոչ անպայման կխրախուսի, որ Թուրքիայի հաջորդ նախագահը գա Հայաստան, այլ Հայաստանի նկատմամբ, հայության նկատմամբ իր թշնամական վերաբերմունքը փոխի Թուրքիան»:

Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե պետք չէ տարանջատել 2015 թվականի ապրիլի 24-ին Հայաստան այցելելու Թուրքիայի նախագահին ուղղված հրավերը այլ երկրների նախագահներին ուղղված հրավերներից: Նա այդ հրավերում արտառոց ոչինչ չի տեսնում:

«Բայց ես ավելի շատ կուզեի լսել գնահատականը իր ձախողված քաղաքականությանը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ. վերջին չորս տարվա ընթացքում որևէ երկիր չի ճանաչել: Առհասարակ իր կառավարման ընթացքում միայն մեկ երկիր է ճանաչել Ցեղասպանությունը: Կարծում եմ, պարտադիր նա պետք է խոսեր այդ ձախողման մասին և նոր վերամբարձ խոսքեր ասեր շարունակական քաղաքականության վերաբերյալ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում», - հավելեց Կարապետյանը:

Հարցին, թե արդյոք սա Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը միտված հերթական քայլը չէ, Կարապետյանը պատասխանեց. - «Վեց տարվա փորձը Սերժ Սարգսյանի ցույց է տալիս, որ ինչ ինքը նախաձեռնում է, միայն վատանում է, և դա վերաբերում է հատկապես հայ-թուրքական հարաբերություններին. վստահության մակարդակով ամենացածր աստիճանին են հիմա, չկան շփումներ, չկան հարաբերություններ: Եվ այն, ինչ արել է Սերժ Սարգսյանը` համաձայնելով պատմաբանների հանձնաժողովին չարաբաստիկ արձանագրություններում, ցույց է տալիս իր քաղաքականության արդյունավետությունը»:

Հերթական նախաձեռությունից պետք է պարզապես զգուշանալ, կարծում է ՀԱԿ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարը:

«Թուրքիայի նախագահին Ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստան հրավիրելով` Սերժ Սարգսյանը փորձում է ինչ-որ ձևով լուծել Ցեղասպանության ճանաչման ու Հայաստանի ապաշրջափակման խնդիրը», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար անդամ Ստեփան Սաֆարյանը` հավելելով, թե ընդհանուր առմամբ հրավերը միտված է հայ-թուրքական հարաբերությունների լավացմանը:

«Ես կարծում եմ, որ այն աննկատ չի մնա արտաքին միջավայրի դերակատարների կողմից, և, հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները, կարծում եմ, շահագրգիռ շրջանակներ հատկապես Արևմուտքում կլինեն, ովքեր կփորձեն նպաստել պրոցեսին», - նշեց Սաֆարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG