Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը արձագանքում է ռուս-ադրբեջանական հերթական գործարքին


Սեյրան Օհանյանը չի քննադատում ռուս-ադրբեջանական հերթական գործարքը
please wait

No media source currently available

0:00 0:03:09 0:00
«Ռուսաստանն իրավունք ունի իր պլանների համաձայն ինքնուրույն ռազմատեխնիկական քաղաքականություն իրականացնել». Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսպես է արձագանքել ռուս-ադրբեջանական հերթական գործարքին, որով Մոսկվան Բաքվին ժամանակակից տանկեր է մատակարարել:

Միևնույն ժամանակ Սեյրան Օհանյանը նշել է, թե այդ համագործակցությունը չի խաթարում հավասարակշռությանը սահմանների վրա:

Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Բիրյուլինը անցած շաբաթ ИТАР-ТАСС-ին հայտնել էր, որ Մոսկվան ավարտել է Ադրբեջանին 100 հատ Т-90С տանկերի մատակարարումը, և հնարավոր էր համարել նույն քանակի նոր խմբաքանակի մատակարարումը:

Այսօր էլ Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը հաղորդեց, որ Բաքուն կրականետների նոր խմբաքանակ է պատվիրել ռուսական «Ուրալվագոնզավոդ» ընկերությանը:

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, վերլուծելով այս զարգացումները, եզրակացնում է՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցը չէ, և Բաքվին զենք-զինամթերքի վաճառքը չի տեղավորվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակում։

«Ժամանակն է ուղղակի հարցադրելու Ռուսաստանի՝ որպես միջնորդի դերի վերանայմանը։ Եթե մենք ուզում ենք կարգավորենք այդ կոնֆլիկտը, նախ և առաջ պետք է զենքի բեռնարգելք դրվի կոնֆլիկտով կողմերի վրա, և Մինսկի խմբի համանախագահները, որոնք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ անդամներից երեքն են, հենց առաջինը վերահսկեն, որ այդ բեռնարգելքը պահպանվի, քանի դեռ չի կարգավորված կոնֆլիկտը»,- ասաց Մեհրաբյանը։

Տարածաշրջանում ահռելի քանակությամբ զենք կուտակելով՝ կանգնում ենք պատերազմի վերսկսման վտանգի առջև, հաշվի առնելով թե ինչ ռեժիմ է ղեկավարում Ադրբեջանում, կարծում է փորձագետը:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, մինչդեռ, նշում է, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումը նոր բան չէ, այն սկսվել ու շարունակվում է ետխորհրդային տարիներից: Փորձագետը Բաքվի և Մոսկվայի միջև ռազմատեխնիկական գործարքը թեև մտահոգիչ է որակում, սակայն արտառոց չի համարում և ասում է, որ այդ փաստը գնահատելիս պետք է մի կողմ թողնել զգացմունքայնությունը:

«Մեզ համար ավելի կարևոր է այս գործարքի ռազմավարական նշանակությունը. Եթե տեղի չունենա այսպես կոչված կոմպենսացիոն զենքերի և զինամթերքի տրամադրում Հայաստանին, բնականաբար, դա կարող է խախտել բալանսը»,- ասաց փորձագետը։

Սերգեյ Մինասյանի խոսքով, սպառազինության բալանսը չխախտելու համար Ռուսաստանը զենք է մատակարարում նաև Հայաստանին, իհարկե, որոշակի արտոնյալ պայմաններով: Ըստ Մինասյանի, ռազմական բաղադրիչի միջոցով Ռուսաստանը փորձում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պահպանել ստատուս քվոն:

«Եթե կողմերը ունեն ավելի շատ զենք, դա չի նշանակում, որ պատերազմի հավանականությունը ավելանում է։ Կարող է հակառակը լինել։ Զսպման մեխանիզմն է աշխատում, երբ պարզապես պատերազմի գինը բոլոր կողմերի համար ուժեղանում է։ Եվ Ադրբեջանը հասկանում է, որ եթե բոլոր կողմերը ունեն այդքան զենք և զինամթերք, պարզապես որոշում ընդունել նոր պատերազմի մասին ավելի թանկ է լինելու առավել ևս այն կողմի համար, որը փորձելու է վերսկսել ռազմական գործողությունները»,- ասաց Միասյանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին ժամանակակից սպառազինություն մատակարարելու առնչությամբ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «Ազատությանը» դեռ մեկ տարի առաջ ասել էր, որ դա ընդամենը բիզնես է, և դա Մոսկվայի բիզնեսն է։ Նմանօրինակ պատասխան էր տվել Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ ասելով, որ զենք վաճառելով Ռուսաստանը կատարում է գոյություն ունեցող միջազգային բոլոր պարտավորություններն ու պահանջները, և որ ցանկացած երկիր կարող է օրենքի շրջանակներում Ռուսաստանից զենք ձեռք բերել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG