Մատչելիության հղումներ

Ծառուկյան. ԲՀԿ-ն մասնակցելու է նախագահական և խորհրդարանական ընտրություններին


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իր ղեկավարած քաղաքական ուժը մասնակցելու է գալիք համապետական՝ և խորհրդարանական, և նախագահական ընտրություններին։

«Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ծառուկյանն ասել է, որ ԲՀԿ-ն շարունակելու է աշխատանքները ոչ իշխանական քառյակի կազմում, և որ կուսակցության վերջին համագումարում իր առաջ քաշած բոլոր սկզբունքները ուժի մեջ են։

«Քառյակի մասով ասեմ, որ ԲՀԿ-ն ոչ միայն շարունակելու է ակտիվ աշխատել, այլև իր գործընկերների հետ անընդհատ նոր հարցեր առաջ քաշելով՝ ձևավորելու է սեփական օրակարգ, այլ ոչ թե հետևելու է ուրիշների քայլերին ու ծրագրերին»,- ասել է Ծառուկյանը։

«Թերևս առաջին անգամ ուզում եմ պաշտոնապես հայտարարել՝ գալիք համապետական ընտրություններին, լինեն դրանք խորհրդարանական, թե նախագահական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր քաղաքական գործընկերների հետ միասին, ուժեղ թիմով, գրագետ ծրագրով մասնակցելու է միայն ու միայն հաղթելու և միասնական ուժերով երկիրը այս վիճակից դուրս բերելու վճռականությամբ»,- ասել է Ծառուկյանը։

Ծառուկյանն անդրադարձել է նաև նոր կառավարությանը և իր ու վարչապետ Հովիկ Աբրահամյանի խնամիական կապերին։

«Նոր վարչապետից և նոր կառավարությունից առաջին հերթին ակնկալում ենք նոր ծրագիր և նոր մոտեցումներ: Պետք է կարողանան ճիշտ գնահատել երկրի տնտեսության վիճակը: Դժվար է նախանձել այս կառավարությանը. նրանց դժվար աշխատանք է սպասվում: Բայց եթե կառավարությունն ունենա ինչ-որ բան փոխելու կամք ու ցանկություն, ապա անկախ բոլոր դժվարություններից՝ հնարավոր կլինի իրավիճակը շտկել»,- ասել է նա։

Անդրադառնալով իր և Հովիկ Աբրահամյանի բարեկամական կապերին՝ Ծառուկյանն ասել է՝ բարեկամությունը քաղաքական կատեգորիա չէ.- «Կա նոր վարչապետ, նոր կառավարություն: Տեսնենք՝ ինչ ծրագրեր են բերում, որքանով են նրանց քայլերը համապատասխանում իրենց ծրագրերին և խոստումներին, տեսնենք՝ ինչ են անում, որ ժողովրդի կենսամակարդակը բարձրանա: Կան խնդիրներ, որոնք կարելի է մեկ-երկու ամսում լուծել, տեսնենք՝ կգնան դրան, թե ոչ: Չի՞ փոխվի իրավիճակը, մարդկանց կյանքի չի՞ լավանա, ժողովրդի դժգոհությունը մե՞ծ կլինի, ուրեմն երկրում շատ ավելի լուրջ փոփոխություններ են պետք: Նոր կառավարությունը ընդունված է: Չգիտեմ 100 օր տալ, 200 օր տալ, սա փորձաշրջան է, բայց փորձաշրջան է ոչ միայն կառավարության, այլև շատ-շատերի, եթե կուզեք բոլորիս համար: Մի քանի մարդու պատճառով չպետք է տուժի ողջ ժողովուրդը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG