Մատչելիության հղումներ

Գործարարները հակադիր կարծիքներ ունեն հավասար պայմանների՝ իրականություն դառնալու հեռանկարի մասին


Գործարարները հակադիր կարծիքներ ունեն «հավասար պայմանների» հեռանկարի մասին
please wait

No media source currently available

0:00 0:05:47 0:00
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ողջունում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի այն հայտարարությունը, թե բոլոր գործարարները պետք է գործեն հավասար դաշտում:

Այդ մասին Աբրահամյանը առաջին անգամ խոսեց անցած շաբաթ՝ հայտարարելով, թե սկսելու է իրենից, իր մերձավորներից՝ նաև նրանց նեղություն տալով: Հավասար պայմաններում բիզնես վարելու անհրաժեշտության մասին վարչապետը խոսել է նաև երեկ՝ խոշոր գործարարների հետ հանդիպման ժամանակ ու հորդորել էր բոլորին դուրս գալ ստվերից:

Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ վարչապետը իսկապես կարողանա բոլոր գործարարների համար հավասար դաշտ ապահովել՝ դուրս բերելով նրանց ստվերից այն դեպքում, երբ մամուլը գրում է Աբրահամյանի բազմաթիվ բիզնեսների մասին, Հրանտ Բագրատյանը բերեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրինակը:

«Նախորդ վարչապետը երբ եկավ, իբր թե ոչ մի բիզնես չուներ, բայց չէ՞ որ որպես մեծահարուստ մարդ հեռացավ և լավ առաջ մղեց խոշորին։ Այս պահի դրությամբ մենք ունենք ներկայիս վարչապետի հայտարարությունը, որ հավասարեցնելու է... ես չէի ուզենա վաղաժամկետ հայտարարություններ անել և չէի ուզենա չհամբերել մի քանի ամիս և չտեսնել՝ կանեն, թե՝ չեն անի»,- ասաց Բագրատյանը։

Ողջունելով գործարարների համար հավասար պայմաններ ստեղծելու Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, նախկին վարչապետը միաժամանակ նշում է, թե հավասարությունը պահանջում է, որպեսզի Աբրահամյանը հանդիպի ոչ միայն 100 խոշոր գործարարներին, այլև Մարզահամերգային համալիրի դահլիճում հանդիպի 5-6 հազար փոքր և միջին գործարարներին: Բագրատյանի փոխանցմամբ՝ այսօր բոլոր օրենսդրական փոփոխությունները կատարվում են խոշոր բիզնեսի համար՝ թեթևացնելով միայն խոշորի վիճակը, ինչի հետևանքով փոքր և միջին բիզնեսը էլ ավելի է կրճատվելու Հայաստանում:

«Կա սելեկտիվ ներդրումային քաղաքականություն՝ «մեր տղերքի համար»։ 2008-2013թ.թ. քաղաքականությունը եղել է «մերոնց» քաղաքականությունը»,- ասաց նախկին վարչապետը։

Heritage Foundation-ի 2014 թվականի տվյալներով՝ Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսը անկում է ապրել՝ 178 երկրների շարքում 38-րդ տեղից իջնելով 41-րդ տեղը: Մասնավորապես, վատացել է գործարարության ազատության, ներդրումների ազատության ցուցանիշները: Ընդ որում չափավոր ազատ տնտեսությունների շարքում գտնվող Հայաստանը 2008 թվականից սկսած նահանջ է գրանցում:

«2008-2013թ.թ. 30-րդ տեղից երկիրն իջել է 41-րդ տեղը։ Նկատի ունենալով, որ մենք Մաքսային միություն ենք մտնելու, էլի կիջնի։ Եթե 30-րդ տեղից հայտնվել է 41-րդ տեղը, ուրեմն չի բարելավել, «չարելավվել» է»,- ասաց Բագրատյանը։

Հայաստանում ներդրում կատարած օտարերկրյա գործարարների տեսակետները բիզնես միջավայրի շուրջ տարբերվում են: Նրանց մի մասը պնդում է, որ Հայաստանում հավասար պայմաններում բիզնես անելու մասին խոսք լինել չի էլ կարող : Մյուս մասն էլ ընդունելով, որ կա և ստվեր, ամեն դեպքում պնդում է, որ դրանք նվազում են:

Այսպես, «Փարիզյան սուրճ» սրճարանի տնօրեն Վալերի Գործունյանն, ով երկար տարիներ բիզնեսով է զբաղվել Հայաստանում, «Ազատության» հետ զրույցում պատմեց, թե ինչպիսի անհավասար պայմաններում էր ինքը աշխատում:

«Մենք միշտ շատ ավելի թանկով ենք բերել մեր սուրճը, քան թե մեր մրցակիցները, որովհետև իրենք ինչ-որ պետական մարմինների հետո ուրիշ հարաբերություններ ունեին, և իրենց հարկերը շատ ավելի քիչ էին, քան մերը»,- ասաց նա։

Գործունյանի փոխանցմամբ՝ խոսքը միայն ներկրման հարկերին չէր վերաբերում, ընդհանրապես, եթե ընկերական կամ բարեկամական կապեր չունես պետական մարմինների հետ, ապա հարկադրված ես ավելի շատ հարկեր վճարել:

«Ինձ ահռելի ձևով էին խանգարում, ամեն երկու օր ինչ-որ մի մարմին էր մտնում «Փարիզյան սուրճ» ստուգման, կամ հարկայինը, կամ մաքրության համար... անընդհատ, այսինքն խանգարելու մեջ սարսափելի էին»,- պատմեց Գործունյանը։

Մինչդեռ Հայաստանում գործող հայ-ֆրանսիական «Գրանտ Տորնտոն» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմանդ Փինարբասին պնդում է, որ Հայաստանում ավելի հեշտ է աշխատել, քան շատ այլ երկրներում:

«Երբ փորձեք Ֆրանսիայում աշխատանքային թույլտվություն ձեռք բերել, կհասկանանք՝ Հայաստանում որքան հեշտ է։ Հայաստանում շահութահարկը 20 տոկոս է, Ֆրանսիայում՝ 33.3»,- համեմատեց գործարարը։

Պատասխան մեր հարցին, թե կոռուպցիան չի խանգարո՞ւմ, Փինարբասին կատակեց և պատասխանելու փոխարեն որոշեց բերանն անձայն բացել ու փակել: Այսինքն դա նշանակո՞ւմ է, որ կոռուպցիան ահավոր չափերի է հասնում՝ փորձեցինք կռահել։

«Իրականությունը հետևյալն է՝ միշտ կա, միշտ եղել է այստեղ և ուրիշ տեղ, բայց 1998-ից ի վեր զարգացումը միայն և միայն դրական է»,- ասաց գործարարը։

Անդրադառնալով գործարարների համար հավասար պայմաններ ապահովելու հայտարարություններին՝ ֆրանսաբնակ գործարար Վալերի Գործունյանն ասում է, թե որպես հայ, իհարկե, շատ է ուզում, որ Հայաստանում մոնոպոլիա, օլիգարխիա չլինի, բայց խիստ կասկածում է, թե նոր վարչապետը ի վիճակի կլինի դեմ գնալ համակարգին, քանի որ նա նույնպես հարստացնել է այդ համակարգի շնորհիվ: «Մի քիչ կասկածում եմ»,- ասում է նա։

Գործունյանն ասում է, թե տեղյակ է, որ երեկ վարչապետը հանդիպել է խոշոր գործարարներին և նրանց հորդորել դուրս գալ ստվերից այն դեպքում, երբ այդ գործարարները նույն համակարգի մասն են կազմում ու նաև իր ընկերներն են:

«Բոլորն էլ իր նման մարդիկ են, ովքեր օգտվում են սիստեմից, կամ պատգամավոր են, չեն վճարում հարկերը, իրենց կանանց անունով են գրանցում իրենց ունեցվածը։ Շատ եմ կասկածում, որ իրենք կարող են բան փոխել։ Միայն պարոն Աբրահամյանը չէ, ֆինանսների նախարար այդ Գագիկ Խաչատրյանը... դա ընդհանրապես սարսափելի բան է, այդ մարդը որտեղի՞ց այդքան հարստություն ունի։ Ես չեմ հավատում»,- ասաց Գործունյանը։
XS
SM
MD
LG