Մատչելիության հղումներ

Կառավարության նոր նախագծով պարտադիր պահումները շարունակվելու են


Կառավարության նոր նախագծով պարտադիր պահումները շարունակվելու են
please wait

No media source currently available

0:00 0:06:07 0:00

Կուտակայինի հարցում կառավարության առաջարկած փոփոխությունները հստակություն չեն մտցնում

ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում պարզ դարձավ, որ կուտակային կենսաթոշակային օրենքում կառավարության առաջարկած փոփոխություններն այդպես էլ լուծում չեն տալիս գլխավոր հարցերից մեկին՝ գործատուն պե՞տք է շարունակի պահումներ կատարել իր աշխատողներից, թե՞ ոչ:

Օրենքի նախագիծը, որն այսօր քննարկվում էր հանձնաժողովում, առաջարկում է ընդամենը կասեցնել վճարումներ չկատարելու համար նախատեսված տույժ-տուգանքները: Ստացվում է, որ կառավարության նախագիծն այս տեսքով թույլ տալիս է աշխատավարձերից պահումներ անել․ այլ հարց է, որ կատարված պահումները կարող են և չփոխանցվել ֆոնդերին:

Այս կարևորագույն հանգամանքը թերևս պարզ չէր դառնա, եթե Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը (ՀՀԿ) չմեկնաբաներ օրենքի նախագիծը և չհայտարարեր, որ գործատուն պետք է շարունակի պահումներ անել:

Պարտադիր բաղադրիչը դե ֆակտո կասեցնելու վերաբերյալ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունից հետո Հակոբյանի այս մեկնաբանությունը շատերին անակնկալի բերեց:

«Գործատուները պարտադիր պահում պիտի կատարեն՝ 5-10 տոկոս պահումները, հաշվետվություն պետք է ներկայացնեն: Բայց եթե իրենք գումարները չեն փոխանցում, ապա տույժերը չկան», - ասաց Հակոբյանը:

«Դուք հուշում եք, որ այդպես պիտի արվի: Այդ դեպքում ի՞նչ է փոխվում աշխատողի համար», - արձագանքեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ հայտարարելով, որ փաստորեն կառավարության ներկայացրած օրենքի նախագծով որևէ հարց չի լուծվում: Իսկ Հանրապետական պատգամավոր Վրեժ Մարկոսյանն էլ անկեղծացավ, թե փաստորեն նորից բանվորն է տուժում:

Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանն ասաց, որ այն, ինչ հայտարարել է վարչապետը և այն նախագծիը, որ ներկայացրել է կառավարությունը, իրարից տարբերվում են: Նա հայտարարեց, որ այս նախագծով հարցեր չեն լուծվում, կառավարությունը կիսատ քայլ է անում, ինչն ավելի է բարդացնելու իրավիճակը․ - «Այս տարբերակով ես դեմ եմ լինելու նախագծին: Ես պնդելու եմ քառյակում, որ հարցեր են մնում, և ճիշտ կլինի քառյակը իր նախագիծը դնի արտահերթ նիստով»:

Նախագծի շուրջ քննարկումն ավարտելուց հետո Սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարը «Ազատության» հարցին՝ ներկայացված նախագծով կրկին ստիպելո՞ւ են աշխատողներից պահումներ անել, թե՞ ևս մեկ անգամ կքննարկեն խնդիրը, պատասխանեց․ - «Այն հարցադրումը, որը հանձնաժողովում հնչեց, մենք լրացուցիչ, նաև վարչապետի հետ կքննարկենք, որպեսզի հստակ ունենանք ձևակերպումը և այդ առումով կարողանանք վերջնական ձևակերպումների ներքո ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը»:

Նշենք, որ կառավարության ներկայացրած նախագծով չի լուծվում ոչ միայն աշխատավարձերից պահումներ անելու, այլ արդեն իսկ մարդկանցից գանձված գումարները վերադարձնելու խնդիրը: Ինչպես նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը նշեց՝ այդ հարցը առայժմ ժամանակավրեպ է:

«Ես ուզում եմ շատ կոնկրետացնել․ այստեղից մենք հետևություն պետք է անենք, որ մինչև նոր օրենքի կիրառումը որևիցե վերահաշվարկ և գումարների վերադարձ տեղի չի ունենալու», - ասաց Լյուդմիլա Սարգսյանը (ՀԱԿ): Նախարարն արձագանքեց․ - «Այսինքն դրանք պիտի ամբողջական լուծվեն ընդունվելիք օրենսդրական նախաձեռնությունների փաթեթով»:

Ի պատասխան Արծվիկ Մինասյանի (ՀՅԴ) հարցին, թե արդյոք սեպտեմբերի 30 ից հետո կարող է պարտադիր բաղադրիչը լինել օրենքում, Արտեմ Ասատրյանն ասաց, թե Սահմանադրական դատարանի որոշման մեջ չկա պարտադրանք, որ պարտադիր բաղադրիչը չպետք է լինի․ - «Հստակ արձանագրված է Սահմանադրական դատարանի որոշմամբ սեփականության իրավունքի հետ կապված հակասահմանադրականությունը: Եվ դուք էլ, վստահ եմ, տեղյակ եք, որ եթե, ենթադրենք, այս մեր մեխանիզմների մեջ օրենքով սահմանված լիներ, որ այդ պարտադիր կուտակային վճարները պետական բյուջեում էին արտացոլվելու և նոր գնալու կառավարիչներին, հակասահմանադրականության խնդիրը դուրս էր գալիս: Որովհետև պարտադիր կուտակային վճարը կամ պարտադիր վճար կամ հարկ աշխատավարձից վճարում է քաղաքացին: Խնդիր պարտադիր բաղադրիչի սահմանադրականության հետ կապված Սահմանադրական դատարանի որոշման մեջ չկա»:

Հանրապետական պատգամավոր Վրեժ Մարկոսյանի հարցին, թե ի վերջո մեր երկրում կուտակային համակարգը պարտադի՞ր, թե՞ կամավոր է լինելու, Արտեմ Ասատրյանը յուրօրինակ պատասխան տվեց․ - «Ես կարծում եմ, որ լավ է լինելու»:

Հավելենք, որ այսօր խորհրդարան եկած և քառյակի հանդիպմանը մասնակցած Հովիկ Աբրահամյանը հրաժարվեց պատասխանել «Ազատության» այն հարցին, թե ինչու կառավարության ներկայացրած օրենքի նախագծով այդպես էլ որևէ լուծում չի տրվում պարտադիր կուտակայինի հետ կապված մի շարք խնդիրների:
XS
SM
MD
LG