Մատչելիության հղումներ

Արդարադատության նախարարը հայտնի է Մարտի 1-ի վերաբերյալ իր հայտարարություններով


Արդարադատության նախարարը հայտնի է Մարտի 1-ի վերաբերյալ իր հայտարարություններով
please wait

No media source currently available

0:00 0:05:16 0:00
Հրայր Թովմասյանը կապ չի տեսնում արդարադատության նախարարի պաշտոնին հրաժեշտ տալու և նախարարության ու իր շուրջ վերջին աղմկահարույց դեպքերի միջև։ Այսօր ի պատասխան «Ազատության» հարցի, Թովմասյանը հայտարարեց, որ նախարարի պաշտոնում աշխատանքը չշարունակեց «բազմաթիվ ու տարբեր պատճառներով», որոնց մասին չի ցանկանում բարձրաձայնել։

Հիշեցնենք, Հրայր Թովմասյանի շուրջ հանրության ուշադրությունը վերջին ամիսներին հատկապես կենտրոնացել էր ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանի հետ հեռակա բանավեճից հետո։ Իսկ Տիգրան Սարգսյանի կառավարության հրաժարականից օրեր անց նախարարի պաշտոնակատար Թովմասյանի գլխավորած գերատեսչությունը հայտնվեց սկանդալի կենտրոնում։ Օմբուդսմենի գրասենյակը ահազանգեց նախարարության շենքերից մեկում քաղաքացուն հայհոյելու և ծեծի ենթարկելու միջադեպի մասին։

Այսօր երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Արդարադատության նախարարության աշխատակիցներին ներկայացրեց նորանշանակ նախարարին, Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ, Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանին, շնորհակալություն հայտնելով Հրայր Թովմասյանին համատեղ աշխատանքի և սկսած բարեփոխումների համար, մի քանի հարց ուղղեցինք վարչապետին։

«Նոր նախարարից աշխատանքային ակնկալիքներ ունեմ, որ իր առջև դրված խնդիրներին լուծում է տալու»,- ասաց վարչապետը։

Հարցին, թե ինչո՞ւ չշարունակեց աշխատել Հրայր Թովմասյանի հետ, Աբրահամյանը պատասխանեց.- «Շարունակում ենք, բայց այլ կարգավիճակում, որովհետև ինքը պատահական կադր չէ։ Ունի մեծ փորձ, գիտելիքներ, կօգտագործենք մեր պետության զարգացման գործընթացներում»։

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ հենց արդարադատության նախարարի պաշտոնում չշարունակեց աշխատել Թովմասյանը, վարչապետը արձագանքեց. - «Ինչո՞ւ եք ինձնից հարցնում...»։

Հրայր Թովմասյանն ասաց, որ ինքնակամ է հեռացել պաշտոնից.- «Ես փոխանցել եմ նախագահին և վարչապետին իմ ցանկությունը՝ այլևս չշարունակել պաշտոնավարել արդարադատության նախարարի պաշտոնում կամ կառավարությունում։ Պատճառները բավականին շատ էին ու տարբեր։ Թույլ տվեք այս պահին մասին չխոսել»։

Թովմասյանը ասաց՝ աշխատանքի առաջարկություններ արդեն ունի «լրագրողներին հայտնի և անհայտ տարբեր ոլորտներից»։

Ինչ վերաբերում է նորանշանակ նախարարին, 43-ամյա Հովհաննես Մանուկյանը դատաիրավական համակարգում տարբեր պաշտոններ է զբաղեցրել։ 2001-ին նշանակվել է տնտեսական դատարանի նախագահ, 2005-ին՝ Վճռաբեկի։ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնին հրաժեշտ է տվել երեք տարի անց՝ 2008-ի սեպտեմբերին։ Լրատվամիջոցները Մանուկյանի հրաժարականը կապում էին մարտիմեկյան իրադարձություններից հետո «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում նրա որոշ հայտարարությունների հետ։

Պատասխանելով հարցին, թե մարտյան իրադարձություններն իր մոտ ապահովության զգացողությո՞ւն, թե՞ մտահոգություն են առաջացրել, Հովհաննես Մանուկյանն ասել էր.- «Ես ինձ ավելի վստահ եմ զգում: Իմ ժողովրդի նկատմամբ հարգանքն ավելի մեծացել է, որովհետև մենք համոզվեցինք, որ ունենք առողջ ժողովուրդ, որը կարող է իր խնդիրները բարձրացնել: Անկախ նրանից ես կիսում եմ այդ գաղափարները, թե` ոչ, բայց մարդիկ ցույց տվեցին, որ կարող են կանգնել և պայքարել իրենց գաղափարների համար։ Այս ամենին ես ավելի դրական եմ վերաբերվում, որովհետև տեսնում ենք, որ մեր հասարակությունը գործող օրգանիզմ է»։

Այս հարցազրույցից հաշված ամիսներ անց Հովհաննես Մանուկյանը հեռացավ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից։ Մամուլը եզրակացրեց, որ նրա առաջ թերևս խնդիր է դրված եղել անփոփոխ թողնել մարտի 1-ի սուտ ցուցմունքների հիման վրա կայացված դատավճիռները, ինչը նա չի ցանկացել անել։

Այժմ Հովհաննես Մանուկյանի նշանակումը արդարադատության նախարարի պաշտոնում տարբեր մեկնաբանությունների և կանխատեսումների առիթ է տվել։

«2008 թվականի մարտից հետո Հայաստանի Հանրապետությունում իշխանական դաշտից շատ քիչ անհատներ գտնվել, ովքեր կարողացել են անկախ իշխանությունից տեսակետ հայտնել։ Մեկը եղել է նա։ Դա գնահատելի է և պետք է շեշտվի։ Բայց դա բոլորովին չի նշանակում, որ մեր այսօրվա նորանշանակ արդարադատության նախարարը փորձելու է շարունակել իր այդ անկախ պահվածքը։ Եթե փորձի, կեցցե՛, մենք կծափահարենք նրան։ Բայց մեր փորձը ցույց է տալիս, որ նախարարի աթոռը ստանալուց հետո մարդիկ կորցնում են իրենց անկախությունը և տարրալուծվում են կառավարության ընդհանուր գորշ գույնի մեջ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ գործող համակարգում որևէ նախարարի փոփոխությամբ դրական տեղաշարժեր չի ակնկալում.- «Եթե զուտ քաղաքական առումով նայենք, Հովհաննես Մանուկյանը բարձր պաշտոններ զբաղեցրել է Ռոբերտ Քոչարյանի օրոք, ինչպես նաև մի շարք նշանակված նախարարներ։ Գուցե այդտեղ կարող ենք ենթատեքստ տեսնել, որ նախկին թիմի անձինք են վերադառնում պաշտոններին։ Եթե զուտ իրավական առումով նայենք, ես անկեղծ ասեմ, էական հետևանքներ չեմ սպասում։ Եթե լիներ այդ քաղաքական կամքը, համոզված եղեք, որ Հրայր Թովմասյանի ժամանակ էլ մենք շոշափելի դրական արդյունքներ կունենայինք»։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, գնահատելով Հրայր Թովմասյանի աշխատանքը, ասաց.- «Նա փորձեց նմանվել մեր պառլամենտի անդամներին, նա փորձեց իջնել մեր պառլամենտի մակարդակին, փորձեց հավասարվել նրանց, ովքեր պառլամենտում լինելու իրավունք չունեն, բայց այնտեղ են տարիներ շարունակ։ Ինքը էդ տեսակը չէր։ Եթե էդ պառլամենտի անդամներից մեկը կամ երկուսը օրական վաթսուն անգամ անում են այն, ինչ Հրայը արեց ամիսը մեկ անգամ, մենք այնքան ուշադրություն չենք դարձնում, ասում ենք՝ «բա էդպես էլ պետք է լինի»։ Իսկ Հրայր Թովմասյանի դեպքում սկզբից զարմանում ենք, հետո զայրանում ենք, հետո սկսում ենք ափսոսել»։
XS
SM
MD
LG