Արդարադատության նախարարության շենքերից մեկում՝ այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման շենքում քաղաքացուն հայհոյելու և ծեծի ենթարկելու ահազանգի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։
Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին հատուկ քննչական ծառայությունից, գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով։ Ձերբակալվածներ դեռ չկան, գործը հարուցվել է օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի և քաղաքացի Արման Մնացականովի հաղորդումների հիման վրա։ 32-ամյա քաղաքացին այս աղմկահարույց դեպքի վերաբերյալ նախ ահազանգել էր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ներկայանալով Գասպարյան ազգանունով, որից հետո օմբուդսմենի գրասենյակը երեկ հանդես եկավ պաշտոնական հաղորդագրությամբ, հրապարակելով Youtube սոցիալական ցանցում տեղադրված մի սկանդալային ձայնագրություն, որտեղ հստակ լսվում է թե ինչպես են քաղաքացուն շարունակ հայհոյում, նվաստացնում, լսելի են հարվածների ձայներ:
Քաղաքացին պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել մարտի 24-ին, ցերեկը ժամը 1-ի սահմաններում, երբ ընկերոջը տարել է այլընտրանքային պատիժների կատարման շենք: Ընկերոջն ընդունելուց հետո կառույցի աշխատակիցներն իրեն հրավիրել են սենյակ, որտեղ, Մնացականովի հավաստմամբ, համազգեստով անձինք բռնություն են գործադրել իր նկատմամբ «ձեռքերով հարվածներ հասցնելով իր գլխին»։
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը «խիզախություն» է որակում կատարվածը ձայնագրելու և տարածելու՝ քաղաքացու քայլը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը մարդու իրավունքների պաշտպանը հայտարարեց, որ այժմ անհանգստացած են նաև Արման Մնացականովի ընկերոջ հետագա ճակատագրով, ով գողության համար դատապարտված է եղել և պայմանական ազատության մեջ գտնվելով պետք է պարբերաբար այցելի այլընտրանքային պատժի ծառայություն։
«Արմանի բախտը, այսպես ասենք, չի բերել, որ ուղեկցել է ընկերոջը, հայտնվել է այդպիսի վիճակում, և նույնիսկ եթե նրա արարքներում եղել են էթիկայի կամ նույնիսկ օրինականության հետ կապված խնդիրներ, որևէ պաշտոնյա իրավունք չունի հայհոյել, ապտակել, վիրավորել և այլն։ Սա միանշանակ է։ Մենք սպասում ենք արդյունքների թե Հատուկ քննչական ծառայությունից, և թե Արդարադատության նախարարությունից։ Այստեղ չկա ոչ մի արդարացում կամ բացատրություն նման գործողությունների, և մենք հուսով ենք, որ կլինի համարժեք արձագանք, և սա օրինակ կծառայի բոլոր այն պաշտոնյաներին, որոնք սիրում են ազատություն տալ իրենց ձեռքերին կամ լեզվին»,- հայտարարեց Կարեն Անդրեասյանը։
Արդարադատության նախարարությունը երեկ անմիջապես արձագանքեց ահազանգին, նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի հրամանով նշանակվեց ծառայողական քննություն։ Մինչ քննության ավարտը ժամանակավորապես դադարեցվել են երկու պաշտոնյաների լիազորությունները՝ ԱՆ ՔԿՎ այլընտրանքային բաժնի Կենտրոն և Նորք բաժանմունքի պետ Տիգրան Պետրոսյանի և հատուկ նշանակության բաժնի առաջին կարգի մասնագետ Ռոբերտ Թամարյանի:
«Ազատության» զրուցակից իրավապաշտպանների համար որևէ զարմանալի բան չկար, որ քաղաքացին կարող է ծեծի ենթարկվել պաշտոնյաների կողմից պետական հաստատությունում։
«Նման բաները նորություն չեն մեր իրականության մեջ, արտասովոր է, որ բացահայտվում է»,- արձագանքեց «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը։
«Գործ ունենք բռնության մշակույթի հետ»,- նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը.- «Հիշենք ԴԱՀԿ պետի կողմից բռնությունը իր ենթակայի նկատմամբ, հիշենք Գագիկ Բեգլարյանի կողմից բռնությունը Օպերայի թատրոնում։ Ինչու եք մոռանում արդարադատության նախարարի այն հայտնի արտահայտությունը, որ սովորական բան է ազատազրկվածների կողմից, բերանը, աչքերը կարելու երևույթը... Այսինքն, մեր իրականության մեջ բռնությունը մեթոդ է հարաբերվելու քաղաքացիների հետ, ենթակաների հետ»,- համոզված էր իրավապաշտպանը։
Ի դեպ, ուշագրավ է, որ միջադեպը տեղի է ունեցել մարտի 24-ին, բայց փաստորեն, օմբուդսմենի գրասենյակը այդ մասին տեղեկատվություն տարածեց երեկ՝ դեպքից երկու շաբաթ անց, երբ Կառավարությունը հրաժարական է տվել, Արդարադատության նախարարն այլևս պաշտոնակատար է, և հայտնի չէ՝ կշարունակի նոր կառավարության կազմում պաշտոնավարել, թե՝ ոչ։ Ուստի «Ազատությունը» Կարեն Անդրեասյանին հարցրեց՝ ինչո՞ւ են հիմա այս տեղեկատվությունը հրապարակում, և արդյո՞ք դա ուղղված չէ Հրայր Թովմասյանի դեմ։
«Երեկ ենք հրապարակել, բայց ամբողջ անցյալ շաբաթ մենք աշխատել ենք քաղաքացու հետ, գրություններ ենք պատրաստել, ուղարկել ենք։ Օրը, թե երբ ենք մենք հրապարակում, կապված է հենց դիմումատուի խնդիրների հետ»,- ասաց օմբուդսմենը՝ ընդգծելով.- «Այդպիսի կոնսպիրացիոն տեսությունների շատ եմ հանդիպել, ասենք՝ երբ ես քննադատում եմ ինչ-որ մեկին, պարզվում է՝ դա այն ընթացքն է, երբ իրեն պետք է պաշտոնանկ անեն, կամ եթե ես քննադատում եմ այս կամ այն իրադարձությունը, դա կապ ունի, ասենք, իշխանական որևէ մարմնի՝ Ազգային ժողովի, նախագահի նստավայրի կամ կառավարության ինչ-ինչ գործառույթների հետ... Ես ձեզ երաշխավորում եմ, որ մեր բոլոր որոշումները գնում են իրենց ընթացքով, այդ քաղաքական կյանքն է գալիս, կպնում մեր որոշումներին, մեր հայտարարություններին»։
«Այսինքն նախարարի դեմ ուղղված չէ՞» հարցին Անդրեասյանը պատասխանեց.- «Մենք որևէ անձի դեմ չենք աշխատում և անձնական թշնամիներ չունենք»։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե գուցե ի՞նքն է ցանկանում դառնալ արդարադատության նախարար և վերջին գործողությունները հենց դրան են ուղղված, օմբուդսմենը հակադարձեց.- «Եթե այդ տրամաբանությամբ ելնենք, ես եմ կազմակերպել ծեծը, հայհոյանքը այդ քաղաքացու, ես եմ կազմակերպել, հետո ձայնագրությունը տարածել... որպեսզի ի՞նչ լինի։ Որպեսզի իմ, կարծում եմ, շատ կարևոր աշխատանքը թողնե՞մ և զբաղվեմ այլ աշխատանքներով, որոնք այս պահին ինձ հաստատ հետաքրքիր չե՞ն»։