Մատչելիության հղումներ

Աշոտյան. Կառավարության գործունեությանը հակասող քայլեր չեն կարող լինել


Աշոտյանի ապրիլի 23-ի շրջաբերականն այլեւս գոյություն չունեցող փաստաթուղթ է
please wait

No media source currently available

0:00 0:03:21 0:00
Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ապրիլի 23-ի շրջաբերականն իրավական և փաստացի առումներով այլևս գոյություն չունեցող փաստաթուղթ է: Այդ մասին այսօր լրագրողների հետ կայացած ճեպազրույցում հայտնեց հենց Աշոտյանը:

Երեկ մի քանի տասնյակ ուսուցիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել կրթության և գիտության նախարարության դիմաց՝ բողոքելով պարտադիր կուտակային պահումների դեմ:

Յոթ օր առաջ՝ ապրիլի 23-ին, Արմեն Աշոտյանը շրջաբերական էր իջեցրել կրթական հաստատություններին և հղում անելով նախորդ կառավարության դիրքորոշմանը՝ խորհուրդ էր տվել ի գիտություն ընդունել, որ մինչև սեպտեմբերի 30-ը ամբողջությամբ գործում է կուտակային կենսաթոշակային բարեփոխումների օրենքի 76-րդ հոդվածը, որը վերաբերում է տույժ-տուգանքներին: Հարկ է հիշեցնել, որ հենց նույն օրը նորանշանակ վարչապետը հանդես էր եկել նույն հոդվածը կասեցնելու վերաբերյալ նախաձեռնությամբ, ինչի մասին, սակայն որևիցե բառ չկար փաստաթղթում:

Վրդովված ու վիրավորված ուսուցիչների հիմնական բողոքն այն էր, որ առանց այդ էլ այսօր նրանք շատ ցածր աշխատավարձ են ստանում և փաստորեն նրանց ձեռքից առնում են, ինչպես իրենք ասացին, վերջին գրոշները:

Աշոտյանն, ով երեկ հարկ չհամարեց իջնել աշխատասենյակից ու լսել փողոց դուրս եկած ուսուցիչներին, այսօր ասաց, թե փողոցը հարմար տեղ չէ խնդիրները քննարկելու համար և հավելեց՝ նախարարությունում հարցը քննարկելու երեկվա իր հրավերը ուժի մեջ է:

«Հատկապես, որ բուն խնդիրը, որից ծագել է անհանգստությունը, կարգավորված է։ Այն շրջաբերականը, որն անհանգստության պատճառ էր դարձել, արտահայտում է նախկին կառավարության տեսակետը։ Նոր կառավարության տեսակետը հստակ շարադրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր յոթ կետանոց դրույթներով ելույթում, և եթե հիշում եք, հստակ ասվել է, որ նոր օրենսդրական փոփոխություններով դե ֆակտո կասեցվում է պարտադիր բաղադրիչը մինչև նոր օրենսդրական փաթեթի վերջնական ընդունումը։ Որքանով ես տեղյակ եմ, այն քաղաքացիները, ովքեր գրում են դիմումներ և խնդրում են պահում չկատարել, բնականաբար, ապրիլի աշխատավարձից պահումներ չեն կատարվի»,- ասաց Աշոտյանը։

Նախարարին հարցրեցինք՝ այնուամենայնիվ, ինչո՞ւ էր նախորդ կառավարության մոտեցումներին համահունչ շրջաբերական իջեցրել:

«Շատ լավ գիտեք, որ նախորդ կառավարության կողմից եղել է համապատասխան դիրքորոշում, որը մենք որպես շրջաբերական պարտավոր ենք հասցնել մեր շահառուներին։ Հենց որ փոխվեց, բնականաբար, հենց այդ ժամանակ մենք փոխում ենք։ Մենք այն գլխադասային մարմինը չենք, որը քաղաքականություն է մշակում այս ոլորտում։ Մենք այն մարմիններից մեկն ենք, որը իրականացնում է քաղաքականություն, որը մշակվում է և հաստատվում է կառավարության կողմից։ Հետևաբար ակնհայտ է՝ որևէ քայլ, որը հակասում է կառավարության գործունեությանը այս ոլորտում, չի լինելու և չի կարող լինել»,- ասաց Աշոտյանը։

«Շրջաբերականի հետ կապված անհանգստությունները պետք է ընդհանրապես հանել, որովհետև դա դե ֆակտո և դե յուրե գոյություն չունեցող հանձնարարական է, իսկ նոր հանձնարարականների մասին կխոսենք։ Ես կարող եմ ասել, որ մինչև սեպտեմբեր նախարարությունը կգործի այն քաղաքականության շրջանակներում, որը կմշակվի և կվերահաստատվի կառավարության և Ազգային ժողովի կողմից օրենսդրական փաթեթների տեսքով»,- եզրափակեց կրթության նախարարը։
XS
SM
MD
LG